24.11.2024
Կենսաթոշակների եւ նպաստների հետ կապված ժամկետները երկարաձգվել են մինչեւ սեպտեմբերի 1-ը
prev Նախորդ նորություն

Կրակոցներ և սպանություն Վարդենիսում. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Վարդենիս քաղաքի 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:


ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020թ. հունիսի 27-ին՝ ժամը 23։35-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի մուտքի մոտ առերեւույթ հանցագործություն կատարած անձը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել Վարդենիս քաղաքի 25-ամյա բնակչի ուղղությամբ, որի հետեւանքով հաջորդ օրը, ստացած մարմնական վնասվածքներից, Գեղարքունիքի կայազորային հոսպիտալում երիտասարդը մահացել է։


Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 19 հատ 7,62 մմ տրամաչափի պարկուճներ եւ փամփուշտի կրակված գնդակներ։


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով եւ 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կազմվել է քննչական խումբ:


Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:


Նախաքննությունը շարունակվում է։


Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ: