Դերասան Հրանտ Թոխատյանը դեմ է Հարկային օրենսգրքում գույքահարկի բարձրաձման ուղղված փոփոխություններին, որոնք օրեր առաջ առաջին ընթերցմամբ ընդունվել են Ազգային ժողովում:
Թոխատյանը և մի շարք հայտնի հանրային դեմքեր նույն բովանդակությամբ գրառում են տարածում իրենց ֆեյսբուքյան էջերի միջոցով՝ կոչ անելով հանրության դեմ դուրս գալ գույքահարկի բարձրացմանը:
«Սիրելի բնիկ երևանցիներ, եթե հիմա չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել ձեր բնակարաններից և տներից։ Սա մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էկսպրոպրիացիայի նոր «ձև» է։ Մտածեք ձեր երեխաների ապագայի մասին։
ՄԻԱՑԵՔ ԱՅՍ ՖԼԵՇՄՈԲԻՆ՝ ՏԵՂԱԴՐԵԼՈՎ ՁԵՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆ ՈՒ ԱՅՍ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ԱՆՈՒՆԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՖԲ ԷՋՈՒՄ՝
«Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։
ԵՍ ԲՆԻԿ ԵՄ ԵՎ ՍԱ ԻՄ ՔԱՂԱՔՆ Է», - ասված է Թոխատյանի գրառման մեջ, որի միացնել են քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը, երաժիշտ Վահան Արծրունին, բժիշկ Նունե Ներսիսյանը, Երաժիշտ Վազգեն Ասատրյանը և այլոք։
Ազգային ժողովը հունիսի 25-ի արտահերթ նիստում ամբողջությամբ ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Կառավարությունը ընդունել է պատգամավորների առաջարկությունը, որով մասնավորապես, ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4-ի փոխարեն սահմանվել է 6 տարի:
Արդյունքում՝ անշարժ գույքի սեփականատերերը առաջին տարում՝ 2021 թվականին կվճարեն գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ 50 տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, 2026 թվականին՝ 100 տոկոսը։
Բարձրարժեք՝ 200 մլն և ավելի դրամ հարկման բազա ունեցող բնակարանի և անհատական բնակելի տան համար հարկման դրույքաչափ է սահմանվել 1,5 տոկոսը։