Արայիկ Հարությունյանն այցելել է ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին այցելել է Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարան եւ հետեւել ՊԲ տարբեր զորամասերի ընդգրկմամբ անցկացվող մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Երկրի ղեկավարը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է նաեւ ՊԲ-ում կիրառվող հայրենական եւ օտարերկրյա արտադրության նշանոցներին եւ վերջին շրջանում համալրված կապի եւ տեսադիտարկման տեխնիկական միջոցներին, դրանց տեխնիկական հնարավորություններին: Այցի ընթացքում նախագահը հետեւել է նաեւ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրական պարապմունքին:
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բանակի հրամկազմին զորավարժությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ ցուցադրած արդյունքները մեկ անգամ եւս փաստում են, որ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են:
Զորավարժությանը ներկա էին նաեւ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք: