VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ-ի պասիվությունը ԲՀԿ-ի հարցում պայմանավորված է նրանով, որ ԲՀԿ-ն վերջինիս խնդրել է՝ այս փուլում ՀՀԿ օժանդակությունը երեւացող չլինի: Այնուհանդերձ, առաջին օրը բողոքավորների մեջ բավականին թվով հանրապետականներ են եղել. չնայած այն հանգամանքին, որ Ռուբեն Հայրապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի ջրերն ինչ-որ պահի նույն առվով չեն հոսել, Հայրապետյանի կողմնակիցները այնտեղ են եղել: Ի դեպ, որքան էլ ԲՀԿ-ն որեւէ կերպ չի տալիս Ռոբերտ Քոչարյանի անունը, այդ թեւից եւս մասնակցություն եղել է. վերջիններս համոզված են, որ «ուղտը» բոլորի դռանն է չոքել, եւ պետք է հաղթահարել տարաձայնությունները` երկիրը պատած «չոռից» ազատվելու հարցում: Ընդ որում, առաջին օրերին ԲՀԿ-ի շուրջ համախմբված ուժերից ավելի քիչ մարդիկ են եղել բողոքավորների մեջ, քան «մերժվածներից», ինչը ԲՀԿ-ն շատ ծանր է տարել, սակայն նախորդ օրը «ալյանսը» ուղղեց իր սխալը` դատարանի առջեւ ներկայանալով լիդերներով»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում գրեթե բոլոր դատավորները սարսափած են. պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կիրառված 2 մլրդ դրամ գրավի միջնորդության բավարարումն էր: Այս որոշումով, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս վճիռն անակնկալ է եղել դատական համակարգի շատ ներկայացուցիչների կամ գերակշիռ մեծամասնության համար, քանի որ բոլորի համար ակնհայտ էր՝ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ լինելն ավելի խաղաղ էր դատական համակարգի համար, քան նրա՝ ազատության մեջ գտնվելը: Իսկ ո՞րն է դատավորների մտավախությունը. Հայաստանի քաղաքական իշխանությունը մի անգամ արդեն դատարաններին պատժելու եւ անկախ դատական համակարգ ունենալու ձգտումներով կազմակերպեց դատարանների շրջափակման գործընթաց, եւ, կարելի է ասել, փորձ արվեց մի շարք դատավորների հասկացնել իրենց «ճիշտ» գործառույթները: Հիմա Հայաստանի երրորդ իշխանության ներկայացուցիչները չգիտեն, թե ինչ քայլեր կհաջորդեն Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը, քանի որ բոլորի համար էլ հասկանալի է՝ ինչպես Հայաստանի իշխանության, այնպես էլ հայ հասարակության մի զգալի հատվածի կողմից անընդունելի վճիռ է կայացվել:
Արդյոք արդարացված է եղել Վերաքննիչ դատարանի որոշումը, թե ոչ՝ սպասենք զարգացումներին: Հավելենք, որ փաստաբանները Վերաքննիչ դատարան ներկայացված դիմումով վիճարկում էին Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր պաշտպանների միջնորդությունը Քոչարյանին ազատ արձակել Հայաստանի եւ Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորություն դիմաց: Միեւնույն ժամանակ առաջին ատյանի դատարանը մերժել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել գրավի դիմաց կամ էլ պարզապես փոխել խափանման միջոց կալանքը:Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ, նա կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից: Անցած ամիս վարչական դատարանի կայացրած որոշման համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ կորոնավիրուսի համաճարակի ավարտը մնալու է հիվանդանոցում՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում»:
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, այսօր հերթական անգամ փորձ է արվելու քրեական գործ հարուցել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ, որի դեմ մի քանի անգամ արդեն նման փորձեր եղել են։ Շաբաթներ առաջ քննչական կոմիտեն մի հայտարարություն էր տարածել, որտեղ չնայած չէր նշվում Աշոտյանի անունը, սակայն ողջ բովանդակությունն ու նկարագրությունը փաստացի վերաբերում էր նրան։ Խոսքը պաշտոնական դիրքի չարաշահման եւ պետությանը խոշոր չափի վնաս հասցնելու վերաբերյալ մի գործի մասին է։ Սակայն գործը հետ էր ուղարկվել քննչական կոմիտե, որովհետեւ, ըստ այն ժամանակ շրջանառված կարծիքի, գործում լուրջ իրավական հիմքեր չեն եղել։ Հիշեցնենք, որ գործի հետ կապված ժամանակին Աշոտյանն ասել էր, թե հեռավոր գյուղերից մեկի դպրոցի գլխին կախվել էր դատավճիռ, որի արդյունքում դպրոցը կկանգներ փակման եզրին, դրա համար էլ որպես նախարար հարկ է համարել միջամտել ու դպրոցը փրկել սնանկացումից ու փակումից: Եվ ահա, մեր տեղեկություններով, Աշոտյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե նույն գործի շրջանակներում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, նման հապճեպության պատճառ են հանդիսացել ոչ միայն վերջին շրջանի քաղաքական իրադարձությունները, այլեւ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի՝ նախօրեի կոշտ հայտարարությունը, որը վերաբերում էր ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին։ Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն հենց Աշոտյանն է, ուստի, ըստ մեր աղբյուրի, Փաշինյանն այս կերպ փորձում է լիկվիդացնել նրան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին, ԵԺԿ գագաթնաժողովից հետո, ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը Թվիթերում կոչ էր արել ՀՀ իշխանություններին՝ զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից: Հետաքրքրվեցինք՝ Սերժ Սարգսյանը տեսակապով ելույթում խոսե՞լ է Գագիկ Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին։ «Այո, Սարգսյանն առանձին անդրադարձ է կատարել Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող քաղաքական գործընթացներին, քանի որ այդ պրոցեսները շատ դինամիկ ու բուռն էին, ելույթի վերջնական տարբերակում որոշակի շտկումներ կատարելով՝ խոսել է նաեւ նրա նկատմամբ քաղաքական հետապնդումների` ընդհուպ մինչեւ կալանավորման դատական նիստի մասին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, օրերս որոշում է կայացվել, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու 2021-ին առաջադրեն գյումրեցի ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին («Սպիտակ արջ»)։ Մեզ ասացին, որ մի քանի օր առաջ նրան հյուրընկալել են կառավարությունում եւ հայտնել այդ մտադրության մասին։ Նաեւ խոստացել են առաջիկայում ըմբշամարտիկի անունով մարզադպրոց բացել։ Համաձայնե՞լ է արդյոք մարզիկը առաջարկին, հայտնի չէ, երեկ նրա հետ կապ հաստատել էլ չհաջողվեց։ Բայց այս առաջարկը քաղաքական գործարք է հիշեցնում։ Գաղտնիք չէ, որ շատ մարզիկներ, այդ թվում՝ Արթուր Ալեքսանյանը, եղել են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուշադրության ներքո, այժմ փորձում են նրանց պոկել Ծառուկյանից։ Նկատենք, որ Ալեքսանյանի հայրը լրատվամիջոցներին ասել էր, որ ՀԱՕԿ-ից զանգել կանչել են, որ ի պաշտպանություն Ծառուկյանի ակցիաներին մասնակցի, բայց որդին չի գնացել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԱԾ-ն խուզարկություններ է արել ԲՀԿ-ական գյումրեցի պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի մոտ։ Մեկի՝ տանը, մյուսի՝ գրասենյակում։ Փնտրել են 2017թ․ ընտրակաշառքի գործով ապացույցներ։ Վարդեւան Գրիգորյանը փոխանցեց․ «Տարել են իմ նոութբուքը եւ թոռներիս հեռախոսները, 2 հատ․․․ Տղայիս ասել են, թե ինչ-որ ցուցակներ են ման գալիս, ենթադրվում է, թե ինչ ցուցակներ։ Բայց ինչ-ինչ՝ ինձ մոտ գոնե չպիտի ման գային․ ես 1990 թվին հնարավոր 4 հազար 300 ձայնից 3 հազար 700 ձայն եմ տարել ԳԽ ընտրություններին, քաղաքապետի 2016 թ․ ընտրություններին 11 հազար ձայն եմ հավաքել։ 4 անգամ ընտրվել եմ եւ գրեթե միշտ պահպանել եմ իմ ձայները, 2017-ին էլ 14 հազար ձայն եմ հավաքել, միայն վերջին ընտրություններին եմ 3 հազար ձայն հավաքել, բոլորդ էլ երեւի գիտեք, թե ինչու»։
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն այնքան թեթեւությամբ է փչացնում հարաբերությունները գործընկեր երկրների, միջազգային կառույցների հետ, որ հազիվ թե եւս մեկ նման բան նրան շատ հուզի։ Այս օրերին Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը բավական մեծ արձագանք ունեցավ դրսում, արտասահմանյան մամուլը լայնորեն անդրադարձավ թեմային, ՌԴ դեսպանն անգամ հանդիպեց ԲՀԿ խմբակցության պատգամավորներին, ԵՄ-ից էլ արձագանքները չուշացան։ Անշուշտ, ըստ Փաշինյանի, Հայաստանի վարկանիշը սկսվում եւ ավարտվում է իր «հեղափոխությամբ», բայց իշխանությունն այս հարցում դրսում խնդիրներ է ունենալու, որովհետեւ ստիպված է լինելու հիմնավորելու իր այս օրերի գործողությունները, թե համավարակի օրերին խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժի կալանավորումն ինչքանով է տեղին։ Մեր աղբյուրի պնդմամբ, սա կարող է դրսի հետ հարաբերություններում իշխանության համար տհաճ անակնկալների առիթ դառնալ ու Ադրբեջանի ձեռքին խաղաթուղթ լինել միջազգային կառույցներում։ Ավելին, ԲՀԿ-ն հայտարարել է նաեւ, որ քաղաքական հետապնդման եւ ընդդիմությանը լռեցնելու հարցը լսելի է դարձնելու միջազգային կառույցներում։ Բայց մի՞թե դա իշխանությանը հուզում է, մենք աշխարհին «հեղափոխություն» արտահանող երկիր ենք, ի՜նչ քաղաքական ճնշում, ինչ ընդդիմություն»:
«Ժամանակ» թերթը գրում է. «2019թ. հունվարի 29-ին Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, ունի վկայի կարգավիճակ: Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը։ Գործով տուժողի իրավահաջորդի՝ Ջիվան Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Սյուզաննա Մալխասյանը մեզ ասաց, թե զավեշտալի է, որ Նվեր Ծառուկյանն առ այսօր այս գործով ունի վկայի կարգավիճակ, քանի որ եղած ապացույցներն առավել քան բավարար են նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Նրա խոսքով՝ Նվեր Ծառուկյանին պետք է մեղադրանք առաջադրվի միանգամից մի քանի հոդվածներով՝ հանցագործություն կազմակերպել, ղեկավարել և սպանության փորձ»։
«Իրատես» թերթը գրում է. «Որքան էլ Գագիկ Ծառուկյանի աջակիցները պնդեն, թե ԲՀԿ խմբակցության ղեկավարի դեմ իրականացվող գործընթացները միմիայն քաղաքական հետապնդում են, իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ կաշվից դուրս գան համոզելու, թե այդ ամենն իրավական հարթությունում է, միեւնույն է, հասարակությունը երկու կողմի փաստարկներին էլ թերհավատությամբ է մոտենալու, որովհետեւ երկու կողմում էլ ազնվության պակաս կա։ Սակայն իշխանություն-ընդդիմություն այս բանավեճը թողնենք նրանց, ընդամենն արձանագրենք, որ Ծառուկյանի շուրջ թեժացնելով մթնոլորտը, հանրությանն էական խնդիրներից շեղելու իշխանության հաշվարկները սխալ են։ Արդեն վաղուց անցել է այն ժամանակը, երբ աղմկահարույց գործերով մարդկանց հնարավոր է մոռացնել, թե ինչ է կատարվում մեր երկրում, ինչ վիճակում է տնտեսությունը, արտաքին հարաբերությունները եւ ի վերջո, ո՞վ է պատասխանատու վիրուսի դեմ պայքարը տապալելու համար։ Եթե անգամ դատարանը որոշի Ծառուկյանին քառատել, կախաղան հանել, մարդկանց դա այլեւս չի հետաքրքրի, որովհետեւ այսօր բոլորին հուզում են սեփական առողջությունը եւ վաղը հաց չունենալու տխուր հեռանկարը։
Եթե մինչեւ հաջորդ ընտրություն էլ արտակարգ դրություն հայտարարեն ու չտուգանվելու համար անգամ պահանջեն անուն-ազգանունը, անձնագրի սերիան, արյան խումբը դաջել ճակատին, կասկած չկա, որ մարդիկ իրենց խնդիրների փնջով դուրս են գալու փողոց։ Բողոքի օջախներն անխուսափելի են, որովհետեւ տնտեսական վիճակն օր օրի ավելի է վատանում, մարդիկ աշխատանքից զրկվել են կամ ամեն վայրկյան սպասում են այդ լուրին։ Դրսից տրանսֆերտների, ներսում նոր աշխատատեղերի ոչ մի ակնկալիք չկա։ Փոխարենն օրվա իշխանությունն օրական մի քաղաքական ֆարս է բեմադրում ու համավարակի օրերին զբաղված է քաղաքական խրախճանքով։ Հավանաբար միայն Հայաստանում է հնարավոր վարակակիրների ու մահերի թվով նման ռեկորդ սահմանել, ու հընթացս իշխանության գլուխը զբաղված լինի քաղաքական «ռազբորկաներով» (էլ չենք խոսում ծխախոտի մաքսանենգության, ադամանդի, զենքի վաճառքից ու մետաղի ջարդոնից միլիարդներ դիզելու բարձրաձայնումների մասին)։
Գոնե այս իշխանությունը հասկանու՞մ է, որ մի քանի ամիս հետո քաղաքացիները, ավելի ճիշտ, երեք միլիոն վարչապետերը հավաքվելու են կառավարության շենքի առաջ ու հարցնեն ոչ թե Ծառուկյանին կալանավորելու, Քոչարյանին բանտում պահելու, ՀՀԿ-ին հազարերորդ անգամ մերժելու, կուսակցությունների գործունեությունն արգելելու մասին, այլ շատ ավելի պարզ մի բան՝ ինչու՞ են նրանք վատ ապրում, ինչպե՞ս եղավ, որ Փաշինյանը, լինելով 3 մլն վարչապետերից մեկը, 100 հազար անգամ ավելի լավ է ապրում, ինչպես ռուսը կասեր՝ шикует «за счет народа, а массы бедствуют безбожно»։ ՈՒ գուցե նաեւ փորձեն կառավարության, իմա՝ սեփական դուռն ու պատուհանն էլ ջարդել։ Չնայած եթե արտակարգ դրության պայմաններում բողոքի փոքր ակցիաների համար իշխանությունը հարյուրից ավելի ոստիկաններով պատեր էր կազմել, պատկերացնու՞մ եք, ինչ ցայտնոտի մեջ կհայտնվի, երբ մեծ բազմություն հավաքվի։ Այս ամենի մեջ հաստատ չի մոռացվելու նաեւ վիրուսի դեմ պայքարի աշխատանքների ձախողումը։ Եթե ոչ այսօր, վաղը հաստատ նոր իշխանությունը ԱԺ-ում քննիչ հանձնաժողովներ է ստեղծելու եւ վերլուծելու, թե իրականում ինչով էր զբաղված Հայաստանի իշխանությունն այս օրերին։ Այնպես որ, գուցե եւ Փաշինյանն ու իր քայլարածներն այսօր խուսափեն պատասխանատվությունից, բայց վաղը պատմությանն ի՞նչ են ասելու ու թողնելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական թեման Մինսկում, որը նախագահական ընտրությունների է պատրաստվում, այսօր ավելի ակտուալ է, քան երբեւէ: Գագիկ Ծառուկյանը Բելառուսի գործող նախագահ Լուկաշենկոյի ընկերն է, իսկ վերջինիս դեմ, ինչպես հայտնի է, այս օրերին Բելառուսում պիկետներ են տեղի ունենում, բողոքի ակցիաներ եւ ստորագրահավաք՝ նախագահ Լուկաշենկոյի մրցակիցների, նախագահի այլընտրանքային թեկնածուների օգտին: Քաղաքացիական ակցիաների մասնակիցներն ուշադիր հետեւում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններին եւ ոգեւորված են Հայաստանում նրա դեմ սկսված քրեական հետապնդումների փաստով: Ֆեյսբուքյան ակտիվիստներն ու բլոգերներն իրենց էջերում պատմում են, թե ով է Ծառուկյանը, ինչ կապ ունի Բելառուսի նախագահի հետ: Ծառուկյանը ներկայացվում է որպես Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, կազինոների, խաղային ու զվարճության կենտրոնների տեր, որը Լուկաշենկոյի մտերիմ ընկերն է:
Հայ - բելառուսական առնչությունների մասին ահա թե ինչ է գրում ակտիվիստ, նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի համակիրներից հոգեբան Նատալյա Կնիգան. «Բելառուսի դեսպանատունը Հայաստանում գտնվում է Առինջ գյուղում, Ծառուկյանի դղյակի մոտակայքում: 2013 թվականի սեպտեմբերին Ծառուկյանը պարգեւատրվել է Ժողովուրդների բարեկամության բելառուսական շքանշանով, իսկ 2016 թվականին նա նախագահ Լուկաշենկոյին նվիրել է առյուծի չորս սպիտակ կորյուններ: 2012 թվականին Երեւանի կոնյակի գործարանը, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, եւ Մինսկում «Բելառուստորգ» պետական ձեռնարկությունը հիմնել են «Արմյանսկի ստանդարտ» ԲԲԸ-ն: Ծառուկյանին անվանում են Լուկաշենկոյի ֆինանսների լվացքատունը»:
Տարածվում են ծայրահեղական տեսակետներ, տուրք է տրվում դավադրությունների տեսությանը, թե, նկատի ունենալով Լուկաշենկոյի եւ վարչապետ Փաշինյանի միջեւ լարված հարաբերությունները եւ այն, որ Մինսկը կարող է փորձել Ծառուկյանի միջոցով ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, հայկական հատուկ ծառայություններն արգելափակելու են Լուկաշենկոյի ընտանիքի ֆինանսական տրանզիտները, որոնք իրականացվել են Ծառուկյանի միջոցով: «Երեւանում կարծում են, որ Մինսկը ոչ ընկերական քայլեր է ձեռնարկում, կազմակերպելով «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի վաճառքն Ադրբեջանին»,- գրում է քաղաքացիական ակտիվիստը: Այս օրերին Մինսկում ակցիաների մասնակիցների ձերբակալություններ են ընթանում: Նրանց անմիջապես դատում են: Հիմնական պատժամիջոցը 15 օրվա կալանքն է: Բելառուսում նախագահական ընտրությունները նախանշված են օգոստոսի 9-ին։ 1994 թվականից Բելառուսը ղեկավարում է Ալեքսանդր Լուկաշենկոն»:
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն որերորդ անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով քաղաքացիների կողմից դիմակ չկրելու, հակահամաճարակային պայքարում հպարտ քաղաքացիների «անպատասխանատվության» մասին, հարցնում է. «Ի՞նչն ենք սխալ անում»: Ի՞նչ եք կարծում՝ այս արտաքուստ հռետորական հարցին ինչպե՞ս են պատասխանում նույն քաղաքացիները: Առավելապես այսպես՝ «ամեն ինչ»: Ընդ որում, շատ հաճախ մարդիկ նաև բազմաթիվ կետերով տալիս են այդ «ամեն ինչ»-ի բացվածքը՝ ի սկզբանե իշխանությունների կողմից կորոնավիրուսին անլուրջ վերաբերվելուց, քափուքրտինք մտած ՍԴ յոթ դատավոր փոխելու հարցով քարոզարշավ անելուց, կարանտինային շրջանում խիստ հսկողություն չսահմանելուց մինչև հակաճգնաժամային կառավարման անկարողություն ու օրումեջ կարծիքներ փոխելու գործելաոճ: Ընդ որում, վերջինիս ևս մեկ ցայտուն օրինակ էր առողջապահության նախարարի հայտարարությունը, թե «կոչ եմ անում կտորի դիմակներ չկրել», այն դեպքում, երբ ընդամենը երկու շաբաթ առաջ ասում էին, թե կարող եք տանը պատրաստված դիմակներ կրել, թեկուզ... շարֆեր: Եվ ամենակարևորը, հանրության արձագանքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հասարակության մեջ իշխանության և մասնավորաբար Փաշինյանի խոսքն այլևս նախկին կշիռը չունի: Երևի թե ժամանակն է, որպեսզի մարդկանց նման կոչերով դիմի ոչ թե Փաշինյանը, այլ հասարակության կողմից վստահություն վայելող մասնագետներ, մտավորականներ, որպեսզի իրապես բոլորով պահպանենք անհրաժեշտ կանոնները՝ ոչ թե իշխանությունների համար, այլ մեզ համար, մեր ընտանիքների համար, մեր ծնողների համար: Հակառակ դեպքում իսկապես գնալով ծանր վիճակում ենք հայտնվում: Մասնավորաբար, երեկվա դրությամբ 1 մլն բնակչության հաշվով վարակվածների թվով աշխարհի 251 երկրների շարքում 14-րդ տեղում էինք»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դատի են տվել 5-րդ ալիքին եւ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանին: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Հայցը ներկայացրել են Սարգիս Քլոյանը, Վաչագան Ֆարմանյանը, Ռուզաննա Հարությունյանը, Ալլա Հովհաննիսյանը, Էդիկ Հարությունյանը, Մարիամ Հովհաննիսյանը, Լիլիա Մինասյանը, Ջեմմա Վարդումյանը, Վարդուհի Բաղդասարյանը: Նրանք պահանջում են պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Հայցը ներկայացվել է հունիսի 16-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանին։ Մարտի 1-ի իրավահաջորդների ներակայացուցիչ Տիգրան Եգորյանը մեր զրույցում ասաց, որ հայցի պատճառը 5-րդ ալիքի տաղավարում Մանթաշյանի մասնակցությամբ հարցազրույցն է, որի ժամանակ նա զրպարտչական եւ վիրավորական արտահայտություններ է արել Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հասցեին։ «Խուլիգանության, զանգվածային անկարգությունների վերաբերյալ որակումներ, վաճառվելու վերաբերյալ հայտարարություներ»,- ասաց Եգորյանը։ Նա նշեց, որ 5-րդ ալիքը այս դեպքում հանդիսանում է այդ զրպարտությունն ու վիրավորանքը տարածող։ Հարցին՝ որքա՞ն փոխհատուցում են պահանջում, Եգորյանը պատասխանեց. «Զրպարտության համար յուրաքանչյուր իրավահաջորդի՝ 2 մլն դրամ, իսկ վիրավորանքի համար՝ 1 մլն դրամ պետք է փոխհատուցեն 2 պատասխանողները ընդհանուր»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի առաջարկած փոփոխությունը ոչ միանշանակ է ընկալվել խորհրդարանական խմբակցությունների կողմից: Իմքայլական պատգամավորն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքներում: Խոսքը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդի կազմավորման կարգին։ Եվ, ըստ էության, նրա փոփոխություններով՝ ավելանալու են ԱԺ նախագահի լիազորությունները, իսկ խմբակցություններին տրված իրավունքը վերանալու է: Ասել է թե` ԱԺ վերահսկողությունը փոխարինվելու է ԱԺ նախագահի մասնակցությամբ ընդամենը: Պատգամավորն առաջարկում է «ԱԺ կանոնակարգ» օրենքով Ազգային ժողովի նախագահին վերապահված լիազորությունների թվին ավելացնել եւ մեկը եւ ամրագրել, որ նա նշանակում է Ազգային ժողովի ներկայացուցիչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդում։ Այդ նպատակի համար ԱԺ նախագահը ձեւավորում է խորհուրդ, որը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Նկատենք, որ մինչ այժմ ամրագրված էր, որ խորհուրդը կազմված է նաեւ Աժ ներկայացուցչից՝ բոլոր խմբակցություններից կոնսենսուսով առաջարկված, սակայն դրա փոխարեն հենց Միրզոյանը կլինի այդ խորհրդում»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի կողմից դեռեւս 2007 թվականին ընդունվեց «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքը՝ հաշվի առնելով դատարանում գործերի լուծման միջին տեւողությունը, օբյեկտիվ եւ ոչ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ գործերի ձգձգումները եւ կայացված վճիռների բողոքարկման հնարավորությունը։ Այն միտված էր կողմերի համաձայնությամբ դատարանների փոխարեն արբիտրաժային տրիբունալների իրավասությանը հանձնելու որոշակի բնույթի վեճերի քննությունն ու լուծումը, ինչը հնարավորություն կընձեռեր լուծելու վեճերն ավելի արագ եւ առանց ձգձգումների։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ Աժ պետաիրավական հանձնաժողովի անդամներ Նազելի Բաղդասարյանի եւ Աննա Կարապետյանի կողմից ներկայացվել է ««Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը միտված է բացառելու շահերի բախումը։ «Ցանկացած փոփոխություն կատարվում է մասնավոր կամ ընդհանուր դեպքերի քննման արդյունքում՝ հաշվի առնելով միջազգային փորձը։ Շահերի բախման պարագայում նման կարգավորում ունենալը ճիշտ է, քանի որ հարցը պետք է թողնել ոչ թե կոնկրետ դատավորի կամ անձերի ողջամիտ կամ արդար մոտեցումներին, այլ կարգավորել օրենքով»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները որոշել են շատ արագ, առաջիկա շաբաթվա ընթացքում անել այդ գործը եւ «լիկվիդացնել» ՍԴ-ն` Հրայր Թովմասյանով հանդերձ։ Այս շաբաթ, երբ ասում էին, որ պարտադիր պետք է ներկա լինենք Ծառուկյանին դատախազին տալու քվեարկությանը, զգուշացնում էին, որ եկող շաբաթ եւս պետք է ներկա լինենք ՍԴ-ի խնդրի քվեարկությանը` մի մարդու պես»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Ի դեպ, ՍԴ-ին առնչվող փաթեթում մեկը մյուսից առանցքային հարցեր են, սակայն ամենաէականը ՍԴ կազմի մասին ընդունվելիք որոշումները չեն, այլ ՍԴ-ն շրջանցելու նորմը։ Իշխանությունները ցանկանում են կրկին, ինչպես հանրաքվեի օրենքը, ընդունված օրինագծերը չուղարկել ՍԴ, ինչը սահմանադրական նորմ է, այդ առնչությամբ եւս ցանկանում են օրենքի նախագիծ ընդունել: Սակայն կրկին բախվում են «բայց»-ի՝ այդ նախագիծը եւս պետք է ուղարկվի ՍԴ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսը փրկեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին։ Ինչպես արդեն հայտնի է, ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը չեղարկեց հանրաքվե անելու գործընթացը։ Սակայն ՍԴ-ի «գորդյան հանգույցը» պետք է իր հանգուցալուծումը ստանա՝ սկսած գործը կիսատ չեն թողնում սկզբունքին հավատարիմ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հաջորդ շաբաթվա ընթացքում համապատասխան նախագծով ՍԴ երկարամյա անդամներ Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը հրաժեշտ կտան դատավորի պաշտոնին՝ իրենց տեղը զիջելով երիտասարդներին։ Այդպես հանգուցալուծում է ստանալու ՍԴ կազմի հարցը։ Սակայն Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ առնվազն դատավոր, եթե ոչ ՍԴ նախագահ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նաեւ ակտիվ քննարկում են, թե ով կարող է ղեկավարել Սահմանադրական դատարանը: Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունների կողմից ՍԴ գործուղվել է դատավոր Վահե Գրիգորյանը, բայց անգամ «Իմ քայլում» նրան չեն դիտարկում՝ որպես ՍԴ նախագահ: Ըստ տեղեկությունների՝ Վահե Գրիգորյանը, չաշխատելով, բայց պետբյուջեից վարձատրվելով, այնուամենայնիվ, իրեն չի արդարացրել, ինչի համար էլ իշխանությունները Հրայր Թովմասյանին փոխարինող են փնտրում այժմ։ Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողով՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված հարցին լուծում տալու համար: Վենետիկի հանձնաժողովը մինչ այս բանավոր կերպով էր ներկայացրել իր կարծիքը, իսկ այսօր կհրապարակվի վերջնական որոշումը: Սակայն, մեր տեղեկություններով, Վենետիկի հանձնաժողովը կողմ է այս տարբերակին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր ձեռքում է հայտնվել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ պաշտոնական գրությունը՝ ուղղված «Պետական մարմինների ղեկավարներին»։ Հունիսի 4-ին Աղաջանյանը՝ վարչապետի հանձնարարությամբ, գրություն է ուղարկել պաշտոնյաներին՝ առաջարկելով «ստուկաչություն» անել իրենց աշխատակիցների դեմ։ Նայել տեսախցիկների ժապավենները եւ հայտնաբերել այն աշխատակիցներին, որոնք միջանցքներում եւ աշխատասենյակներում առանց դիմակների են եղել։ Այդ «հանցագործների» ցանկը ներկայացնել իրենց, որ պատժեն։ Իսկապես, իշխանությունների «դիմակամոլությունն» արդեն ծայրահեղ, հիվանդագին դրսեւորումներ է ունենում։ Կարելի է կարծել՝ դիմակը Քովիդ-19-ի վակցինան է կամ բալասանը, իսկ դիմակ չկրողներին հայտնաբերելը, փաստորեն՝ մեր իշխանությունների միակ զբաղմունքը»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Համավարակի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա անխուսափելի էր եւ արդեն իրեն զգացնել է տալիս, որն արձանագրված է Վիճակագրական պետական կոմիտեի հրապարակած տվյալներում: Սակայն տնտեսության մեծ ակտիվությամբ տարվա մեկնարկը էականորեն կմեղմացնի ստեղծված անբարենպաստ պայմանների հետեւանքները: Մյուս կողմից էլ գործադիրի ժամանակին կայացրած որոշումը՝ սահմանափակումից հանել տնտեսական գործունեության ոլորտները, իր դրական ազդեցությունը տնտեսության վրա արդեն ցույց կտա հուլիսին հրապարակվելիք ցուցանիշներում: Այդ ժամանակ կամփոփվեն սահմանափակումներից հետո վերսկսված տնտեսական գործունեության արդյունքները: Մյուս կողմից էլ միանշանակ է, որ տնտեսության որոշ ոլորտներ կշարունակեն կրել համավարակի բացասական ազդեցությունը: Մասնավորապես, էական վնաս կրող տուրիզմի ոլորտը որոշակիորեն կկոմպենսացվի ներքին տուրիզմի ծավալների ավելացմամբ: Վերջին միտումն արդեն իրեն զգացնել է տալիս ամառվա առաջին իսկ օրերից: Վերջին ցուցանիշները փաստում են, որ տարվա լավ մեկնարկը եւ հակաճգնաժամային միջոցառումները, որոնց հիմնական մասն ուղղված էր տնտեսության աշխատանքի խթանմանը, էականորեն կնվազեցնեն համավարակի տնտեսական բացասական հետեւանքները: Սա է փաստում նաեւ այդ ծրագրերից օգտված գյուղատնտեսության եւ այլ ոլորտների տնտեսվարողների մեծ թիվը»:
«Իրավունք» թերթը գրում է. «Նախորդ տարի դեկտեմբերի 9-ին Թուրքիայում տեղի ուենցած Արքեպիսկոպոսի ընտրության արդյունքում պոլսահայ համայնքում մինչ օրս միանշանակ չեն ընդունում 85-րդ պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ընտրությունը: Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում վերջինս ստացել էր ձայների մեծամասնությունը, այնուհանդերձ համայնքի մասնակցության ցուցանիշը ցածր էր, ինչն էլ ստվերում է նրա ողջ համայնքի կողմից ընտրված լինելու հանգամանքը: Ինչպես հայտնի էր, ոմանք բոյկոտել եւ չէին մասնակցել քվեարկությանը, մի մասն էլ սպիտակ թուղթ էր նետել քվեատուփ՝ այս ընտրությունը համարելով անարդար: «Իրավունքի» տեղի աղբյուրների փոխանցմամբ, երկու օր առաջ տեղի ունեցածը եկավ փաստելու, որ Մաշալյանը չի արդարացնում քրիստոնյաների ցանկությունը: Բանն այն է, որ Սոֆյաի տաճարը, որը մեկ դարից ավելի ունի թանգարանի կարգավիճակ, թուրքական իշխանությունները վաղուց ցանկանում են այն վերածել մզկիթի: Տեղի աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիայում իր ներկայությանը ապահովող արքեպիսկոպոս Մաշալյանը սկսել է կարծիքներ տարածել, թե իբր տեղի հայ համայնքը կողմ է, որպեսզի թանգարանը վերածվի մզկիթի: «Սա ի՞նչ է, եթե ոչ թուրքական իշխանություններին հաճոյանալու հերթական փորձ: Եթե նախկիններին մեղադրում էինք տարբեր առիթներով, եւ փոփոխություն կատարեցինք՝ իբրեւ ինքնուրույն որոշումների կայացնելու համար, բայց փաստորեն կրկին սխալվեցինք: Եթե նման բան լինի, մենք մեր բողոքի ձայնը բարձրացրնելու ենք՚,- ասաց մեր աղբյուրը»:
«Ժողովուրդ» թերթը գրրում է․ «Հայաստանում անասնագլխաքանակն ավելացել է: Եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին՝ 571 հազար 861, իսկ 2020-ին՝ 579 հազար 256: Մասնագետների խոսքերով՝ անասնագլխաքանակն ավելացել է վերջին երեք տարում՝ անասնաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերի շնորհիվ, ըստ որի՝ ֆերմերներին վարկային միջոցներ են տրամադրվում տոհմային կենդանիներ ներկրելու համար: Արձանագրենք, որ մեր հանրապետությունում անասնագլխաքանակը թեեւ, 2019 թվականի համեմատ, 2020-ին ավելացել է, սակայն 2018 եւ 2017 թվականների համեմատ՝ այն զգալի պակասել է: Մյուս կողմից պակասել են տավարի, խոզի եւ ոչխարի մսի արտադրության ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները 0.6 տոկոսով ավելացել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզ է դառնում, որ չնչին աճը թռչնամսի արտադրության ծավալների ավելացման հաշվին է (թռչնամսի արտադրության ծավալները աճել են 14.6 տոկոսով): Փոխարենը նվազել են տավարի եւ խոզի մսի արտադրության ծավալները 5.1 տոկոսով, իսկ ոչխարի մսի արտադրության ծավալները պակասել են 4.6 տոկոսով: Ասել է թե՝ անգամ պետական աջակցության ծրագրերը դրական ազդեցություն չեն ունեցել մսամթերքի արտադրության ծավալների վրա»:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում որոշում կայացրեց, ըստ որի, հաստատվեցին ՀՀ-ում հավատարմագրված բուհերի մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է: Այսինքն, պարզ ասած, աշխատող ուսանողների եկամտահարկը կուղղվի նրանց վարձավճարներին: Սա մեծ ուրախություն է առաջացրել ներկա ու ապագա ուսանողների շրջանում, բայց մեծ վերապահումով : Բանն այն է, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հունիսի 1-ից տեղադրված նախագծում մասնագիտությունների ցանկն անհամեմատ ընդգրկուն էր, իսկ ահա ընդունված որոշման մեջ շատ քիչ մասնագիտություններ են մնացել: Հատկապես տուժել են հումանիտար մասնագիտությունները. այս որոշումը փաստացի չի վերաբերի մանկավարժական ուղղությունների մեծ մասին, պատմաբանական, իրավագիտական, բանասիրական, տնտեսագիտական և բազմաթիվ այլ մասնագիտություններին: Որոշմանը կից ամփոփաթերթից պարզ է դառնում, որ մասնագիտությունների նման զտման առաջարկի հեղինակը պետական եկամուտների նախարարությունն է, պատճառաբանությունը՝ «պետական բյուջեի սահմանափակ հնարավորություններն ու պետական բյուջեի հարկային եկամուտների չհիմնավորված կորուստները կանխելու նպատակադրումը»: