Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ գլխավոր դատախազից ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի՝ տեղեկացնում եմ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։
Հարցն ընդգրկվել է հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում», - այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրոզյանը։
Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է իր նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը՝ այն որակելով «քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում»։ Նա նշում է, որ պատրաստ է ցանկացած սցենարի:
VERELQ-ը հիշեցնում է, որ երեկ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ աշխատակիցները խուզարկել էին Ծառուկյանի առանձնատունը, նրան պատկանող ձեռնարկությունները։ Այնուհետև նա ութ ժամ հարցաքննվեց ԱԱԾ քննչական դեպարտամենտում, որի ընթացքում Ծառուկյանին առնչվող երեք տարբեր քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ տարածեց ԱԱԾ-ն։
Այնուհետև պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանը հունիսի 14-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ մյուսների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը կապ չունի վերոնշյալ երեք քրեական գործերի հետ։ Այդ մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Երեք քրեական գործերից առաջինը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ էր։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ խաղատունը գործել է առանց լիցենզիայի, որի հետեւանքով պետության պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս։
Երկրորդ հաղորդագրությունը վերաբերում էր 2017 թվականի Խորհրդականական ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելու դեպքերին։
Երբ Ծառուկյանը հարցաքննվում էր, ադ ընթացքում ԱԱԾ-ն տարածեց նաեւ հարուցված երրորդ քրեական գործը։ Ըստ հաղորդագրության՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնյաները ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն են օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նյու» ՍՊԸ-ին։ Առինջ համայնքում տեղի ունեցած ապօրինության հետեւանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել մոտ 370 միլիոն ՀՀ դրամ։