23.11.2024
Գլխավոր դատախազը Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ, սա է կորոնավիրուսի տարածման պատճառը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի հետ անցկացրել է ճեպազրույց։


Վարչապետը նշել է, որ հասարակության մի զգալի հատվածը շարունակում է չպահպանել անվտանգության կանոնները և չկրել դիմակներ: «Եկել է խոստովանելու ժամանակը, որ մենք մինչ այս պահը չենք կարողացել մեր հայրենակիցներին համոզել կամ պարտադրել, որ պահպանեն ամենատարրական ու ամենաէֆեկտիվ միջոցը: Խոսքը դիմակներ կրելու մասին է: Ըստ էության, արձանագրենք, որ Հայաստանում, ի հեճուկս պարետատան կայացրած որոշումների, կիրառվող քարոզչության, վարույթների, կառավարության գործունեության թափանցիկության, մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ: Սա Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման թիվ մեկ պատճառն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Կառավարության ղեկավարը ներկայացրել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական տեղեկագիր ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը, ըստ որի դիմակներ կրելը՝ սոցիալական հեռավորության և այլ գործընթացների հետ համատեղ, COVID-19-ի համաճարակը կանգնեցնելու համար ամենահավանական հնարավորությունն է: «Տասնյակ երկրների, այդ թվում, վարակից ամենաշատը տուժած Իսպանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի փորձը ցույց է տալիս, որ դիմակներ կրելը վճռորոշ ազդեցություն ունի: Ուզում եմ ասել, որ սա այսօր է հրապարակվել, այսինքն՝ դիմակների հետ կապված համոզմունքն առկա է այս փուլում: Նախկինում դիմակների էֆեկտիվության հետ կապված նման համոզմունք չի եղել: Հետևաբար հայտարարությունների հետ կապված անճշտություններ եղել են տարբեր տեղերում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Ըստ նույն հոդվածի՝ դիմակները խիստ անհրաժեշտ են առողջ մարդկանց ևս, որոնք հնարավորություն են տալիս չշնչել ուրիշների արտաշնչած մթնոլորտային մասնիկները, որոնք օդում կարող են մնալ տասնյակ րոպեներ: Այս պարագայում դիմակը էֆեկտիվ միջոց է: Նիկոլ Փաշինյանը մեջբերել է հոդվածից ևս մեկ հատված, ըստ որի, Նյու Յորքում տանը մնալու և սոցիալական հեռավորություն պահելու կանոններն այդքան շատ արդյունքներ չեն տվել: Արդյունքներն առավել շատ տեսանելի են եղել դիմակների կրումը պարտադիր դարձնելուց հետո:


Վարչապետը մեկ անգամ ևս հորդորել է խստորեն պահպանել անվտանգության կանոնները՝ կրել դիմակ, պահպանել սսոցիալական հեռավորություն, հաճախակի լվանալ ձեռքերը: