23.11.2024
Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքներից. Արարատ Միրզոյանի խոսքը ՀԱՊԿ նիստում
prev Նախորդ նորություն

Սա կոչվում է քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում. Ծառուկյանի հայտարարությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայարարությամբ՝ իր շուրջ տեղի ունեցած իրավական ու քաղաքական գործընթացներին:


Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.


«Անկեղծորեն շնորհակալ եմ ձեզ՝ երեկ ցուցաբերած մարդկային մեծ աջակցության համար։


Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներկայությամբ ցույց տվեցին, որ մեր երկրում չի կարող լինել մեկ մարդու միանձնյա իշխանություն։


Շնորհակալ եմ նրանց, ովքեր երբեք չեն եղել իմ համակիրը, չեն եղել իմ ընտրողը, գուցե եղել են նաև իմ ընդդիմախոսը, բայց տեսնելով դրսևորված անարդարությունը, կատարվածի պարզունակ քաղաքական պատվերը՝ չլռեցին և իրենց վրդովմունքն արտահայտեցին։ Կատարվածն իսկապես շատ տգեղ է, որը կարճ կոչվում է քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում։


Ինչո՞ւ է իշխանությունը դիմում նման քայլի։ Պատասխանը շատ պարզ է։ Համավարակով պայմանավորված՝ Հայաստանում ստեղծվել է ծայրահեղ ծանր իրավիճակ։ Հայաստանը գտնվում է առողջապահական ճգնաժամի մեջ, որի սոսկալի հետևանքները մեր ազգաբնակչությունը դեռ զգալու է։ Տասնյակ հազարավոր հիվանդների և հարյուրավոր մահերի պատասխանատուն հենց կառավարությունն է՝ իր աններելի անլրջությամբ, վտանգները չպատկերացնելու իր տեսակով։ Նույնիսկ այս պահին կառավարությունը չունի հստակ ռազմավարություն, չի պատկերացնում պրոբլեմն իր ամբողջ խորությամբ։


Չգիտի՝ ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս է պետք դուրս գալ ստեղծված իրավիճակից: Երկրում օրեցօր աճում է սոցիալական լարվածությունը։ Հազարավոր մարդիկ մենակ են մնացել վարակի առաջ, հարյուր հազարավորները մնացել են մենակ՝ տնտեսական դժվարությունների առաջ։ Երկրում դժգոհությունը ժամ առ ժամ մեծանում է։
Իսկ ի՞նչ է անում իշխանությունը. հարցերին լուծումներ տալու, դժվար, բայց իրական աշխատանք կատարելու փոխարեն՝ գնում է ընդդիմախոսներին ահաբեկելու ճանապարհով։


Իմ դեմ իրավապահների արշավը, քրեական գործերի հարուցումը սկսվեց օրեր առաջ՝ իմ հայտնի ելույթից հետո։ Անկեղծ ասած՝ ինձ համար դա սպասելի էր։ Բայց հոգուս խորքում ես ունեի մի թույլ հույս, թե իշխանությունը իմ ելույթում հնչեցրած խնդիրները կընկալի որպես ահազանգ, կընկալի որպես երկրի տնտեսական վիճակից քաջատեղյակ մարդու զգուշացում, կընդունի իր ակնհայտ սխալները և կփորձի բոլոր ուժերի համախմբմամբ գտնել լուծումներ։


Ես շնորհակալ եմ քաղաքական և հանրային շրջանակներից հնչեցրած աջակցության բոլոր ուղերձների համար։ Սա իմ մասնավոր խնդիրը չէ. սա մեր բոլորի ընտրությունն է։ Ընտրությունը պարզ է. գնալ երկրի խնդիրները գրագետ և համատեղ ուժերով լուծելու ճանապարհով, կամ գնալ այդ խնդիրների մասին խոսողներին ահաբեկելու ճանապարհով։ Իմ ընտրությունը ես արդեն իսկ արել եմ։ Դատելով զարգացումներից՝ շատերն են արել նույն ընտրությունը։ Ես պատրաստ եմ ցանկացած սցենարի։


Ես դիմում եմ մեր քաղաքացիներին. մի՛ ընկճվեք, մի՛ հուսահատվեք, ամեն ինչ լավ է լինելու, մենք հաղթահարելու ենք այս ճգնաժամը, նույնիսկ եթե իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անեն՝ իրավիճակը վատացնելու համար։


Ես այսօր ունեմ ընդամենը մեկ ցանկություն. Ես ուզում եմ, որ մեր երկիրը դուրս գա ստեղծված իրավիճակից, իսկ դա այս կառավարությունն անել ի վիճակի չէ։ Վերջապես մեր երկիրը պետք է հանդարտվի։


Սիրելի՛ հայրենակիցներ, վերջում ուզում եմ բոլորիդ խնդրել, որպեսզի բոլորս պահպանենք մեր վստահությունը, կամքը, ու նաև խնդրում եմ միշտ, ամեն պարագայում, պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, ձեր առողջությունն ինձ համար ամեն ինչից վեր է»։



Երեք քրեական գործերն ու Ծառուկյանը


VERELQ-ը հիշեցնում է, որ երեկ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ աշխատակիցները խուզարկել էին Ծառուկյանի առանձնատունը, նրան պատկանող ձեռնարկությունները։ Այնուհետև նա ութ ժամ հարցաքննվեց ԱԱԾ քննչական դեպարտամենտում, որի ընթացքում Ծառուկյանին առնչվող երեք տարբեր քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ տարածեց ԱԱԾ-ն։


Այնուհետև պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանը հունիսի 14-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ մյուսների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը կապ չունի վերոնշյալ երեք քրեական գործերի հետ։ Այդ մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։


Երեք քրեական գործերից առաջինը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ էր։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ խաղատունը գործել է առանց լիցենզիայի, որի հետեւանքով պետության պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս։


Երկրորդ հաղորդագրությունը վերաբերում էր 2017 թվականի Խորհրդականական ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելու դեպքերին։


Երբ Ծառուկյանը հարցաքննվում էր, ադ ընթացքում ԱԱԾ-ն տարածեց նաեւ հարուցված երրորդ քրեական գործը։ Ըստ հաղորդագրության՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնյաները ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն են օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նյու» ՍՊԸ-ին։ Առինջ համայնքում տեղի ունեցած ապօրինության հետեւանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել մոտ 370 միլիոն ՀՀ դրամ։


Ծառուկյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից


Քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:


«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր»,- գրել է նա, որի անուղղակիորեն պատասխանել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:


Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աբրահամյանը:


«Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից:


Հետևաբար անիմաստ է իրադարձություններից առաջ ընկնելով, բացառապես քրեադատավարական պրոցեսները քաղաքականացնելու փորձերը: Եթե նման հարցով Ազգային ժողովին միջնորդություն ներկայացվելու դատավարական հիմքերը լինեն, դատախազությունը հանրությանը կտեղեկացնի այդ մասին»,- գրել է նա: