Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հունիսի 12-ի արտահերթ նիստում։
Այսպիսով արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Որոշման մեջ ասված է. «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, հունիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը»։