Բիզնեսը պետք է դառնա ԵԱՏՄ չորս ազատությունների շարժիչը. Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հանդիպելով Ռուսաստանի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության անդամների և միության նախագահ Ալեքսանդր Շոխինի ու փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչևի հետ, հայտնել է, որ մեծ հույսեր է կապում գործարար հանրույթի հետ, որը կդառնա ինտեգրացիոն գործընթացների, այդ թվում նաև՝ չորս ազատությունների իրացման շարժիչ ուժը: Այս մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Տիգրան Սարգսյանը մասնավորապես ասել է. «Մեծ հույսեր եմ կապում գործարար հանրույթի հետ, որը կդառնա ինտեգրացիոն գործընթացների շարժիչ ուժը, այդ թվում նաև չորս ազատությունների իրացման գործում: Այդ չորս «ազատություններն» են` ապրանքների, ծառայությունների տեղաշարժի, կապիտալի ու աշխատուժի ազատությունները»: ԵԱՏՄ բարձր պաշտոնյան հավելել է, որ այս հարցում ԵՏՀ-ն գործարար հանրույթից ակնկալում է առկա խնդիրների ու բիզնեսին հանդիպող խութերի վերաբերյալ օպերատիվ իրազեկում: Ըստ նրա` ԵՏՀ-ն բաց է համակարգաստեղծ հենքի վրա ազգային բիզնես հանրույթների հետ երկխոսության համար։
Տիգրան Սարգսյանի կարծիքով` գործարար հանրույթին անհրաժեշտ է ի մի բերել ջանքերը` անդամ երկրներում համատեղ նախագծերի ծրագրերի իրականացման ճանապարհին` երրորդ երկրների շուկաներ դուրս գալու համար, քանի որ հենց բիզնեսն է երրորդ երկրների հետ առևտրի ազատականացման հիմնական շահառուն:
Ալեքսանդր Շոխինն, իր հերթին, ընդգծել է Եվրասիական տնտեսական միության և Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի համատեղ աշխատանքի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Այս համատեքստում ռուսաստանցի գործարարն առաջարկել է, որ 2 կառույցները հնարավորինս արագ ստորագրեն այդ մասին հուշագիր և հնարավոր մոտ ժամկետներում սկսեն համատեղ աշխատանքը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային նոր ուղղություններից է ԵԱՏՄ անդամ երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների` միության տիրույթում զարգացումը:
Ալեքսանդր Շոխինը Տիգրան Սարգսյանին ներկայացրել է «Գործարար 20-յակի» և միության համագործակցության փորձը: Ըստ նրա` ԵԱՏՄ-ի և միջազգային բիզնես հանրույթի երկխոսության համար կարևոր հարթակ կարող է դառնալ Գլոբալ բիզնեսի գագաթնաժողովը (Global CEO Summit), որն անցկացվում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:
Տիգրան Սարգսյանն էլ, իր հերթին, ընդգծել է Եվրոպական միության հետ երկխոսություն ծավալելու անհրաժեշտությունը: