Մեկ օրվա ընթացքում ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ
Հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 10 մարդ: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 77 է», - ասված է հաղորդագրության մեջ:
VERELQ-ը հայտնել էր, որ հունիսի 10-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14103 դեպք, որոնցից 5226-ն` առողջացած, 227-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 428 նոր դեպք և 775 առողջացած», - հայտնում են ԱՆ-ից։