24.11.2024
ԵՄ-ն 300 հազար եվրո է հատկացնում COVID-19-ի շրջանում տուժած ՀՀ տուրիստական բիզնեսներին
prev Նախորդ նորություն

Եսայան եղբայրները մտադիր են գնել «Բիլայնը». դիմում է ներկայացվել ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ

Հունիսի 8-ին «Վեոն Արմենիա» ընկերությունը դիմել է ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ՝ իր բաժնեմասերի 100%-ը «ԹԻՄ» ՍՊԸ-ին օտարելու մասին համաձայնություն և թայլտվություն ստանալու համար: «ԹԻՄ»-ը դիմել է ՏՄՊՊՀ գործարքի թույլտվություն ստանալու համար, ասվում է ընկերության հայտարարության մեջ։


«ԹԻՄ-ը նոր ուղի է հարթում հեռահաղորդակցության և թվային ծառայությունների հայաստանյան շուկայում, իսկ այս ձեռքբերումով մենք ավելի կհզորացնենք թե՛ արհեստավարժ մասնագետների մեր թիմը, թե՛ ցանցային ենթակառուցվածքները», - նշել է «ԹԻՄ»-ի տնօրեն Հայկ Եսայանը` հաստատելով լուրը:


«Team․Telecom Armenia-ն արդեն սկսել է նոր սերնդի ցանցի նախագծման և կառուցման աշխատանքները, իսկ այս ձեռքբերումը ավելի կարագացնի նորագույն լուծումների ներդրումն ու ժամանակակից ծառայությունների տրամադրումը հայաստանյան սպառողին»,- ասվում է հայտարարության մեջ:


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Յուքոմ» ընկերության փոքր բաժնետեր Եսայան եղբայրները մտադիր են գնել «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «Վեոն Արմենիա» ընկերությունը։ «Վեոն»-ի պաշտոնական կայքը նույնպես հայտնում է, որ հայաստանյան «Թիմ» ընկերության հետ քննարկումներ են սկսվել՝ հնարավոր վաճառքի շուրջ՝ շեշտելով, սակայն, որ քննարկումներն անպայման չէ, որ պետք է ավարտվեն վաճառքով։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Հայկ Եսայանը հայտարարեց Ucom ընկերությունից հեռանալու մասին: Նա նշել էր, որ հեռանալուց հետո ինքն ու իր թիմը գնում են նոր օպերատոր հիմնելու ճանապարհով: «Եթե անհրաժեշտություն լինի, ինչպես 12 տարի առաջ, նոր կաբելներ կքաշենք և կստեղծեն ավելի լավ օպերատոր։ Մենք խաբված ենք, և իրենց մեջքի հետևում խաղեր են եղել», - ասել էր նա։


Հայկ Եսայանը, որ իր եղբոր հետ տիրապետում է Ucom ընկերության բաժնետոմսերի 6 տոկոսին, ավելի վաղ հայտնել էր, որ բաժնետերերի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ընկերության տնօրենի պաշտոնից ազատման դիմում է գրել:


Նրա քայլին հետևել էին ընկերության ղեկավարությունն ու տեխնիկական անձնակազմը՝ ավելի քան 800 աշխատակից: Այնուհետև Ucom-ը դիմել էր իրավաբանական անձանց ռեգիստր՝ ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանին նշանակելու հարցով։ Ապրիլի 14-ին ընկերությունը հայտարարել էր, որ նոր տնօրենը հենց Խաչատրյանն է։