Մհեր Աղաջանյանն ընտրվել է Արցախի գլխավոր դատախազ
Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովը հունիսի 9-ին Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նստաշրջան: Այս մասին հայտնում են Արցախի Ազգային ժողովից։
Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ քննարկման է դրվել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի ընտրության մասին հարցը:
Անցնելով հարցի քննարկմանը՝ ԱՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը ներկայացրել է Գլխավոր դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանի կենսագրական տվյալները և առաջարկել նրան ընտրել գլխավոր դատախազի պաշտոնում:
Խոսելով իր ծրագրային դրույթների մասին՝ Մհեր Աղաջանյաննը ընդգծել է, որ հանրության վստահությունն ու աջակցությունն ապահովելու համար գործելու են ավելի հրապարակային ու թափանցիկ՝ պահպանելով նախաքննության գաղտնիության և անմեղության կանխավարկածի սկզբունքը: Անդրադառնալով ԱԺ խմբակցություններում քննարկումների արդյունքներին՝ թեկնածուն նշել է.«Խմբակցություններում հնչած առաջարկություններն ընդունվել են ի գիտություն, և վստահեցնում եմ, որ Ձեր քվեն ստանալու դեպքում հետամուտ եմ լինելու իմ կողմից ներկայացված ծրագրերի իրագործմանն՝ ի շահ Արցախի Հանրապետության և ի բարօրություն հայ ժողովրդի»:
Պատգամավորները թեկնածուին են առաջադրել հարցեր: Մտքերի փոխանակության ընթացքում իրենց խմբակցությունների դիրքորոշումներն են հայտնել Գեղամ Ստեփանյանը («Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն), Արթուր Մոսիյանը («Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն) և Արթուր Հարությունյանը («Ազատ հայրենիք» խմբակցություն):
Խորհրդարանն անցել է քվեարկության: Ներկայացնելով արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը նշել է, որ քվեատուփում առկա քվեաթերթիկները բաշխվել են 30 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ: Խորհրդրանի ղեկավար Արթուր Թովմասյանը շնորհավորել է Մհեր Աղաջանյանին գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ տեղի է ունեցել նորընտիր գլխավոր դատախազի երդման արարողությունը:
Շարունակելով նստաշրջանի աշխատանքը՝ ԱԺ նախագահը հայտարարել է մայիսի 24-ին «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար կազմի փոփոխության մասին, որով խմբակցության ղեկավար է ընտրվել Մարսել Պետրոսյանը, քարտուղար՝ Դավիթ Բաղդասարյանը: