Հայկ Եսայանը դադարեցնում է Ucom-ի կառավարումն ու ստեղծում Unet ընկերությունը
20.04.2020
Հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր Ucom ընկերության նախկին տնօրեն և բաժնետեր Հայկ Եսայանը հայտարարել է, որ դադարեցնում է ընկերության կառավարումը՝ նշելով, որ պատրաստվում է հիմնել կապի նոր օպերատոր Unet անունը կրող ընկերություն։
Հայկ Եսայանն ավելի վաղ հայտնել էր, որ բաժնետերերի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ընկերության տնօրենի պաշտոնից ազատման դիմում է գրել: Նրա քայլին հետևել էին ընկերության ղեկավարությունն ու տեխնիկական անձնակազմը՝ ավելի քան 800 աշխատակից: Այնուհետև Ucom-ը դիմել էր իրավաբանական անձանց ռեգիստր՝ ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանին նշանակելու հարցով։ Ապրիլի 14-ին ընկերությունը հայտարարել էր, որ նոր տնօրենը հենց Խաչատրյանն է։
«Որոշ իրավաբաններ նշում են, որ ապրիլի 14-ից Արա Խաչատրյանն է տնօրեն։ Շատ լավ, եթե Արա Խաչատրյանն է, ո՞ւր է Արա Խաչատրյանը, ինչու չի եկել ոչ մեկիդ հետ հանդիպել, սա ի՞նչ ընկերություն է, ինչո՞ւ է կապի ապահովում իրականացնում։ Թող ինքը գա, որոշումներ կայացնի, ես պաշտոնապես ասում եմ՝ ես դադարեցնում եմ Ucom-ով զբաղվել»,- հայտարարել է Եսայանը։
Նա նշել է՝ լուրերով է լսել, որ այլևս ընկերության տնօրենը չէ, չնայած ոչ մի որոշում և դիմում այդ մասին չի ստացել։
Եսայանի խոսքով՝ ինքն ու իր թիմը գնում են նոր օպերատոր հիմնելու: «Եթե անհրաժեշտություն լինի, ինչպես 12 տարի առաջ, նոր կաբելներ կքաշենք և կստեղծեն ավելի լավ օպերատոր։ Մենք խաբված ենք, և իրենց մեջքի հետևում խաղեր են եղել», - ասել է նա։
Ucom-ի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք ունեն մոտ 6 տոկոս բաժնեմաս, առաջարկել էին գնել ընկերության 94%-ը 34 մլրդ դրամով։ Ապրիլի 9-ին հայտնի էր դարձել Եսայանների՝ ընկերության ղեկավարությունից հեռանալու մասին։ Որպես պատճառ նշվում էր այլ բաժնետերերի հետ կոնֆլիկտը, որոնք, ըստ ԶԼՄ-ների, պատրաստվում էին «Վեոն Արմենիայի» հետ միավորումից հետո տնօրեն նշանակել «Բիլայնի» ղեկավար Անդրեյ Պյատախինին։
Ավելի ուշ Հայկ Եսայանը յութուբյան տեսաուղերձում ասել էր, որ բաժնետոմսերը գնելու համար ներգրավելու են վարկային միջոցներ, թողարկելու են պարտատոմսեր, իսկ ընկերության բաժնետոմսերի 20%-ը վաճառվելու է աշխատակիցներին։