Եվրոպական միությունը իր «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ներքո Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում հայտարարում է Covid-19-ի պայմաններում նորարարական տուրիզմին ուղղված նպատակային դրամաշնորհների մրցույթ՝ ուղղված հայաստանյան զբոսաշրջության ոլորտում այս դժվարին ժամանակներում բիզնես գործունեության ծավալմանը:
«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության նորարարական տուրիզմի նպատակային դրամաշնորհների շրջանակում տրամադրվող աջակցության նպատակն է բարձրացնել զբոսաշրջային ընկերությունների արդյունավետությունը և մրցունակությունը, բարելավել զբոսաշրջության բնագավառի աշխատողների և ձեռներեցների հմտություններն ու որակավորումը, խթանել գոյություն ունեցող և նոր մշակվող պրոդուկտների և ծառայությունների կատարելագործումն ու արդիականացումը, ինչպես նաև հետևել նորարարական շուկայավարման և ռե-բրենդինգի մոտեցումներին՝ դյուրափոփոխ համատեքստին լավագույնս ադապտացվելու, փոփոխվող շուկաներին, պահանջարկին ինչպես նաև բիզնես գործունության վարման ձևերի փոփոխությանը պատրաստ լինելու համար:
Հայտեր կարող են ներկայացնել սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդներ՝ ողջ Հայաստանից, սակայն առաջարկվող նախագծերը պետք է նպաստեն նորարարական զբոսաշրջության զարգացմանը Հայաստանի հյուսիսային երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում:
Հայտերի ընդունման հայտարարությունը, այդ թվում նաև հայտերի ներկայացման մասին լրացուցիչ տեղեկատվությունը, ներբեռնման ենթակա փաստաթղթերը, ինչպես նաև կոնտակտային տվյալները կարող եք գտնել armacad.am կայքում և այլ հարթակներում: Հետաքրքրված կազմակերպությունները կարող են հայտերը ներկայացնել մինչև 2020 թ. հունիսի 28-ը:
Հայաստանում Եվրոպական միության դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորին. Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը և քաղաքացիներին` կրոնավիրուսային համավարակի դեմ պայքարով պայմանավորված այս դժվարին շրջանում։ Համավարակի բռնկման առաջին օրերից մենք տրամադրել ենք շուրջ 92 մլն եվրո ընդհանուր աջակցություն՝ Կորոնավիրուսային համավարակի ազդեցության մեղմմանն ուղղված տարբեր աջակցության միջոցառումների և ծրագրերի միջոցով։ Աջակցության թիրախում են մասնավորապես տնտեսության այն բնագավառները, որոնք ավելի ծանր հարված են կրել։ Խոցելիներից մեկը տուրիզմի բնագավառն է, և Եվրոպական միությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) հետ համատեղ, ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող (EU4Business) «Նորարարական տուրիզմի զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում՝ մեկնարկում է «Covid-19-ի պայմաններում նորարարական տուրիզմին ուղղված նպատակային դրամաշնորհների մրցույթ» հատուկ դրամաշնորհային սխեման, որի միջոցով առաջարկում ենք շուրջ 300 հազար եվրո աջակցություն տուրիզմի բնագավառում գործունեություն իրականացնող հայաստանյան բիզնեսներին։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյան. Ողջունում ենք և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում այս տագնապալի ժամանակներում «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ակտիվ դիրքորոշմանը՝ աջակցելու Հայաստանի զբոսաշրջության ոլորտին՝ հատուկ միջոցառման իրականացման միջոցով: «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի նպատակային դրամաշնորհային ծրագիրը» չափազանց կարևոր և անհրաժեշտ միջոցառում է, որը կլրացնի COVID-19-ի հետևանքով առաջացած մարտահրավերներին արձագանքելու Զբոսաշրջության կոմիտեի ջանքերը:
Աննե Դորիթ Քեմպա, Գերմանական միջազգային համագործակցության հայաստանյան գրասենյակի (GIZ) տնօրեն. Եվրոպական միությունը և ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության Նորարարական տուրիզմի դրամաշնորհային ծրագիրը նպատակ է հետապնդում աջակցել հայաստանյան զբոսաշրջության զարգացմանը հյուսիսային երեք մարզերում՝ դրամաշնորհներ տրամադրելով նորարարական նախագծերի համար, որոնց միջոցով կկատարելագործվեն զբոսաշրջային ընկերությունների և ձեռներեցներիի առաջարկները, կբարձրանա ոլորտի արդյունավետությունն ու մրցունակությունը՝ այդպիսով, նպաստելով աշխատատեղերի պահպանմանը ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև այլ ոլորտներում: