Կառավարությունն ընդլայնել է 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը լրացում է կատարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման մեջ: Միջոցառման շրջանակում միանվագ աջակցություն է ցուցաբերվում տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին:
Ըստ այդմ, ցանկում ներառվել են նաև հետևյալ ոլորտները՝ մանածագործական արտադրատեսակների արտադրություն, փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից, թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն, ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի, էլեկտրական սարքավորանքի արտադրություն, ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն, համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում, ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշել է, այս 9 ոլորտներով շահառուների թիվը կավելանա 9171-ով, որոնք աշխատում են 1875 կազմակերություններում, աջակցության ընդհանուր բյուջեն կկազմի 623 մլն 628 հազար դրամ: «Այս պահին 8-րդ միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվել 124 հազար 609 շահառուի, ընդհանուր գումարը կազմում է շուրջ 8,5 մլրդ դրամ»,-ասել է փոխնախարարը:
Վարչապետը նշել է, որ կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահին շահառուներին հասանելի է ընդհանուր առմամբ օժանդակության 100 միլիարդ 400 միլիոն դրամ: «Միջոցառումների շահառու տնտեսվարողների թիվը կազմում է 51 800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1.1 միլիոնը: Ութերորդ միջոցառման շրջանակում մենք արդեն օգնել ենք 124 հազար 609 մարդու՝ 8.4 միլիարդ դրամ, 9-րդ միջոցառումով՝ 186 հազար 233 մարդու՝ 4.9 միլիարդ դրամ: Ընդհանուր առմամբ կառավարությունն ընդունել է 19 հակաճգնաժամային միջոցառում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: