Արմավիրի մարզում կոռուպցիոն հանցագործության դեպք է արձանագրվել. ոստիկանություն
Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց ավագանու անդամների համապատասխան որոշման, 2010 թվականի հունվարին Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 360 քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածքը 75 տարի ժամկետով առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար տրամադրել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին, որի հետևանքով էական վնաս է պատճառվել Արմավիրի համայնքին:
Այդ մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Մամուլի հաղորդագրությունը՝ ստորև.
"ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց ավագանու անդամների համապատասխան որոշման, 2010 թվականի հունվարի 25-ին, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց օժանդակությամբ, նրանց կազմած կեղծ պաշտոնեական փաստաթղթերը օգտագործելով, կազմակերպված ապօրինի մրցույթի արդյունքների հիման վրա 2010 թվականի հունվարի 26-ին կայացրել է որոշում` համաձայն որի` Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 360 քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածքը 75 տարի ժամկետով առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար տրամադրել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին, որի հետևանքով էական վնաս է պատճառվել Արմավիրի համայնքին:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է", - ասցած է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ 2010 թվականին Արմավիրի քաղաքապետ էր Ռուբեն Խլղաթյանը, որն Արմավիրի քաղաքապետ է ընտրվել 2004թ., հետագայում վերընտրվել է, մինչ այդ զբաղեցրել է փոխքաղաքապետի պաշտոնը: Նա հրաժարական տվեց 2018 թվականի հունիսին՝ թավշյա հեղափոխութունից շուրջ երկու ամիս անց:
Ոստիկանության նշած ժամանակահատվածում՝ 2010-ին, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Ռուբեն Հայրապետյանն էր: Նա ֆեդերացիան ղեկավարում էր 2002 թվականից: Այդ պաշտոնից հրաժարական տվեց 2018 թվականի հուլիսին: