Երևանում ոստիկանության պարեկային ծառայության ներդրման համար կծախսվի 4 մլրդ դրամ, որի մեջ մտնում է մեքենաների, սպառազինության, հատուկ միջոցների ու շենք-շինությունների վերանորոգման ծախսերը: Այդ մասին Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարեց Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:
Նա նշեց, որ խոսքը 2021 թվականի բյուջեի մասին է: «Պարեկային ծառայության ներդրման հետևանքով կլինեն նաև կրճատումներ ՊՊԾ և ՃՈ ներկայիս կազմում ընդգրկված աշխատակիցների թվում», - ասաց նա՝ հավելելով, որ այժ Երևանում Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության տարեկան աշխաատվարձային ֆոնդը շուրջ 3 մլրդ դրամ է:
«Իսկ նոր՝ նախատեսվող պարեկային ծառայության դեպքում ունենք 4,3 մլրդ դրամ: Բայց հաշվի ենք առնում, որ ՃՈ և ՊՊԾ-ի գծով մենք ունենք նաև պրագևատրման ֆոնդ: Եվ այդ ֆոնդի գումարային հաշվարկը համադրելով 4,3 մլրդ դրամի հետ, մենք Երևանում մի բան էլ խնայում ենք»,-ասաց փոխնախարարը:
Փոխնախարարի խոսքով, մեքենաների և սպառազինությունների գծով 3,3 մլրդ դրամի ծախս է հաշվարկված այս առումով:
«Սրանք շատ նախնական թվեր են, քանի որ ձեռքբերումները մրցույթներով են լինելու, հաղթելու է նվազագույնը գին-առաջարկը: Շինությունների վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքների համար կհատկացվի 720 մլն, նոր շինություններ չեն կառուցվելու: Այս բոլոր թվերի համադրմամբ պետական բյուջեի վրա բեռը ծառայության ներդրման ուղղությամբ 4 մլրդ դրամի կարգի է լինելու»,-նշեց փոխնախարարը:
Ոստիկանության բարեփոխումների շրջանակում քննարկվող նախագծով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը:
Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը:
Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն: