19.03.2024
Տեսականորեն ապացուցված է Հայաստանի օգուտը և շահը ԵԱՏՄ-ին անդամակցելուց. Սաֆարյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Քննարկվում է իշխանությունը Արմեն Սարգսյանին հանձնելու փուլային տարբերակը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազման եւ հանրային վստահության աստիճանական անկման պայմաններում իշխանության բարձր էշելոններում ակտիվորեն քննարկվում է իշխանության «տրանզիտի» հարցը։ Հարցն առավել ակտուալ է դարձել Ռուսաստանի (ու ոչ միայն) հետ Հայաստանի իշխանության լարված հարաբերությունների ֆոնին, երբ արդեն սպառվում են արտաքին լեգիտիմության ռեսուրսները։ «Փաստ» թերթի տեղեկություններով, քննարկվող տարբերակները մի քանիսն են, իսկ դրանից մեկն էլ առնչվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Փաշինյանն իր կառավարման 2 տարվա ընթացքում հասցրել է այրել բոլոր կամուրջները եւ հատել հնարավոր բոլոր գծերը քաղաքական ամբողջ դաշտի հետ։ Միակ «կամուրջը», որ մնացել է անվնաս, նախագահ Արմեն Սարգսյանի հետ իր կապն է, ինչը եւ ներկայումս փորձ է արվում օգտագործել։ Ըստ մեր աղբյուրների, քննարկվում է իշխանությունը Արմեն Սարգսյանին հանձնելու փուլային տարբերակը, որի առաջին քայլը պետք է լինի Տիգրան Ավինյանի պաշտոնը Սարգսյանին «հանձնելը»։ Եթե այդ համաձայնությունը կայանա, ապա փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Արմեն Սարգսյանի մատնանշած անձը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող քաղաքական ուժը խորհրդարանում կարծես վերադարձել է հին ու բարի ժամանակներին, երբ իրենք ընդդիմադիր էին կամ քաղակտիվիստ: Ի դեմս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության` ՀՀ կառավարությունն այլեւս ոչ թե հենարան, այլ թակարդ ունի: Խորհրդարանական կուլիսներում «Իմ քայլի» պատգամավորներն այնպիսի եռանդով են քննադատում, դժգոհում ու բողոքում այս կամ այն նախարարից, որ անգամ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կերազեին այդքան ընդդիմադիր լինել: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` քայլական պատգամավորների հիմնական դժգոհության թոփ եռյակում առաջին տեղում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է, ապա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Վերջինիս ընդհանրապես յուրային են համարում, ավելին` ոմանք նույնիսկ համոզված են, որ արտակարգ դրության ավարտի հետ մեկտեղ կավարտվի նաեւ Ավինյանի` գործադիրում աշխատելու ընթացքը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իշխանությունների ներսում ճաքերի մասին հատկապես վերջին շրջանում շատ է խոսվում: Մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պարետ Տիգրան Ավինյանի լարված հարաբերությունների մասին բազում հրապարակումներ են լինում: Նույնիսկ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վիլեն Գաբրիելյանի եւ Տիգրան Ավինյանի միջեւ միջադեպն ընկալվեց այդ կոնտեքստում: Ու երբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի վերջին մի քանի նիստերն էլ վարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանություններն ավելի շատացան: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ արդյոք Ավինյան-Փաշինյան լարվածությամբ է պայմանավորված վարչապետի՝ նիստեր վարելը: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ լարվածությունն իրականում գոյություն չունի: Խոսնակը հավելեց, որ ի սկզբանե, երբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է արտակարգ դրություն, ՀՀ վարչապետը բազմաթիվ անգամ է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստերը գլխավորել: Կարճ ասած, այդ փաստի մեջ այլ բաներ փնտրելը ճիշտ չէ»:


«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ՀՀ գործող իշխանությունը բազմաշերտ է եւ կազմված է տարբեր շրջանակներ ներկայացնող ներկայացուցիչներից, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցող իշխանափոխության գործընթացին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո տվյալ շրջանակներն իրենց «փայն» էին ցանկանում ստանալ իշխանական «տորթից», ինչի մասին, ի դեպ, վերջերս խոսեց նաեւ վարչապետը։ Իշխանափոխությանն աջակցած շրջանակների մեջ առանցքային դերակատարություն են ունեցել արեւմտյան դրամաշնորհներով սնվող կառույցներն ու անհատները, մասնավորաբար, այսպես կոչված, «սորոսականները»։ Արդյունքում այդ միավորներից շատերն ընդգրկվեցին գործադիրում, մի զգալի հատված՝ նաեւ օրենսդիրում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանափոխությունից երկու տարի անց, սակայն, այսպես կոչված, «սորոսականների» եւ Փաշինյանի ջրերը մի առվով չեն գնում, եւ տարբեր հարցերի շուրջ տեղի են ունենում բավականին լուրջ բախումներ։ Կառավարության մեր աղբյուրը փոխանցել է, որ ներկայումս Նիկոլ Փաշինյանը լծվել է իշխանությունից նշյալ անձանց աստիճանաբար օտարելու գործընթացին։ Մի քանի ազատումներ արդեն եղել են, սակայն շարքը շարունակական է լինելու: Այս հանգամանքը նյարդայնացնում է նշյալ շրջանակներին, եւ հենց դրանով է պայմանավորված, որ դրանց որոշ ներկայացուցիչներ ակնհայտ գրոհ են սկսել Փաշինյանի եւ նրա թիմի դեմ՝ դարձնելով բացահայտ թիրախ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք անդրադարձել ենք «Իմ քայլի» «անհնազանդ» պատգամավորների խնդրին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մի քանիսից ազատվել, որ մյուսների աչքը վախեցնի, հլու-հնազանդ կոճակ սեղմողների մեծամասնություն ունենա խորհրդարանում։ Իշխանության ներսում տեւական ժամանակ է՝ տարբեր միջոցներ են կիրառում՝ դրան հասնելու համար։ Սկզբում Փաշինյանը խմբակցության նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, թե «անհնազանդ» պատգամավորներին չեն հանդուրժելու։ Սակայն այս անուղղակի հորդորից որեւէ պատգամավոր «հետեւություններ» չի արել, մանդատը կամավոր վայր դնողներ չեղան։ Հետո անցել են պլան Բ-ին՝ մյուս պատգամավորները սկսել են հորդորել «անցանկալիներին»՝ դիմում գրել, գնալ, թե չէ վատ կլինի։ Ապա գործին ներգրավել են նրանց, ում երաշխավորությամբ «անցանկալիները» հայտնվել են ԱԺ-ում։ Ասվել է՝ մենք իր հետ գործ չունենք, դու ես բերել, դու էլ հարցը լուծիր։ ԱԺ-ից նրանց դուրսմղման աշխատանքները կոորդինացնում է խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ով հատկապես կենտրոնացել է իր երբեմնի ընկերոջ՝ Վարդան Աթաբեկյանի վրա։ Հիմա անցել են պլան Գ-ին՝ հոգեբանական ճնշման մեթոդն են կիրառում։ Հրահանգվել է թիմին՝ չշփվել Աթաբեկյանի հետ, այնպես անել, որ հասկանա, որ ինքն ավելորդ է, ու թողնի հեռանա։ Անգամ ամենամտերիմ մարդիկ հիմա Վարդանին բոյկոտում են։ Առաջնորդը կարծում է, որ եթե Վարդանը «կոտրվի», մյուսների հարցը խաղուպար է լինելու»:


«Իրավունք» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ տեւական ժամանակ է, ինչ փորձում ենք զրուցել ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանի հետ, ով համառորեն լռում է` ասելով, որ ժամանակը չէ: Նույն բանն ասաց նաեւ մեզ հետ հերթական զրույցում. «Ժամանակը կգա, կխոսեմ, հիմա դեռ ժամանակը չէ»: «Ե՞րբ է, ի վերջո, այդ ժամանակը գալու, պարոն Բալայան»: «Ես հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա: Մինչեւ հարցաքննությունը չլինի, այդ թեմայով չեմ խոսելու»: «Այսինքն` դա՞ է Ձեր լռության պատճառը»: «Այո, այո»: «Բայց դա ի՞նչ կապ ունի ՍԴ-ի մասին Ձեր պատասխանի հետ»: «Շատ մեծ կապ ունի, ես գտնում եմ, որ սերտ կապ ունի, այսքանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն պատրաստվում է առաջիկայում հարցաքննության հրավիրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: Միայն թե հստակ չէ՝ ինչ կարգավիճակով են նրան կանչելու հարցաքննության:  «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քնչական կոմիտեի լրատվական բաժին, որտեղից բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց. «ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց տվյալները, նախաքննության գաղտնիությունից ելնելով, հրապարակման ենթակա չեն: Տիգրան Արզաքանցյանը քրեական գործով դեռեւս չի հարցաքննվել»:  Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր ընկերություններից մեկի նախկին տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի վերաբերյալ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2009 թվականի հոկտեմբերից մինչեւ 2018թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարտավոր լինելով գործել ընկերության շահերի շրջանակներում, իր լիազորություններն օգտագործել է ընկերության շահերին հակառակ: Մեր տեղեկություններով՝ ՓԲ ընկերության նախկին տնօրենը ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եղբայրն է, որին մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին: Եվ, ահա, այս գործով էլ Տիգրան Արզաքանցյանին կանչելու են հարցաքննության: Փորձեցինք խոսել Տիգրան Արզաքանցյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը գիտի մանիպուլյացիայի բոլոր 400 ձեւերը: Առաջիկայում «մեծ կոմբինատորն» ու նրա շրջապատը պլանավորել են «ֆեյք-մաքսանենգություն» օպերացիան, որի սցենարը հետեւյալն է. հենց Երեւանի օդանավակայանում «հայտնաբերում» են այլ երկիր թռչող ինքնաթիռի «Товары народного потребления» մակնշումով ապրանքը, ձերբակալում են մեղավորներին, ցույց տալով, որ առաջինը հենց իրենք են պայքարում մաքսանենգության դեմ ու դրանով արդարություն հաստատում ամենուր: Սակայն ամեն բան չէ, որ սահուն է այս «թատրոնում». ապրանքը ծախող-առնող ոչ բոլոր դերակատարներն են համաձայն մտնելու նման վտանգավոր խաղի մեջ, այնուհանդերձ, հեղափոխական աննկուն առաջնորդին ոչինչ հետ չի պահելու այս «փայլուն» սցենարը կյանքի կոչելու իդեա-ֆիքսից»:


«Իրատես» թերթը գրում է. «Ոչ մի ընդդիմադիր ուժ չէր կարող այսօրվա իշխանության ողջ դեմքը հանրությանը այնպես ցույց տալ, ինչպես համավարակն արեց։ Կորոնավիրուսը շատ դաժան վարվեց ու ընդամենը 2 ամսում իշխանության կառավարման ապաշնորհությունն ամբողջությամբ ջրի երես դուրս բերեց։ Ու Փաշինյանի իշխանությունը, որի հիմքը նախկիններին թիրախավորելն է եւ նրանցով հանրությանը վախեցնելը, չկարողացավ կռիվ տալ վիրուսի դեմ, մաշվեց ու ենթարկվեց նրան։ Արդեն օրական շուրջ 500 վարակակիր ունենալու պարագայում խոսել իշխանության վերահսկողության մասին, աբսուրդ է։ Արդեն ոչ մի կերպ հնարավոր չէ վիրուսակիրների թիվը նվազեցնել, ուրեմն ի՞նչ են անում պարետատունը, առողջապահության նախարարությունը, ողջ իշխանությունը։ Կողքից հետեւում է, անպտուղ նիստեր է անում, կեռաս է հավաքում, անմիտ հայտարարություններով միջազգային սկանդալներ հրահրում, հետո նսեմացած ներողություն խնդրում, հասարակության վրա «մունաթ» գալիս։ Որքան պիտի շարունակվի այս ամենը, բարդ է ասել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն այդքան հեշտ իշխանությունը չի թողնի ու հեռանա։ Քանի դեռ կա նրան սատարող թեկուզ տասը մարդ, նա ամեն ինչ կանի, որ մնա։


Իշխանափոխության համար ընդդիմադիր ուժ այսօր չկա, կան անհատներ, որոնց շուրջ համախմբում իրականացնելու համար ժամանակ է պետք։ Ասել է՝ քիչ է հավանականությունը, որ այլընտրանքային ուժ կարող է արագ ձեւավորվել ու տապալել այսօրվա իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանի թույլ կետը եղել եւ մնում են նրա շուրջը հավաքվածները, որոնք ամեն վայրկյան կարող են թիկունքին հարվածել։ Նորություն չէ, որ Փաշինյանը թիմ չունի, կան խմբակներ, որոնք տարբեր հոսանքների են հարում ու մի քանի կենտրոններից են ուղղորդվում։ Ու եթե իշխանության ներսում Փաշինյանի տապալման հարցում համախոհություն եղավ, կարելի է համարել, որ այս կառավարության կյանքի օրերը հաշվված են։ Սա թերեւս ամենալավը զգում է հենց Փաշինյանը, սակայն արդեն անզոր է որեւէ բան անելու։ Նրան ուժգին հարվածում են դրսից, ներսում էլ ականները շուտով թիկունքում պայթելու են։ Ու մինչ այս իրավիճակը կձգվի, երկիրը «ձեռքից գնում» է, վարակը կաթվածահար է արել առողջապահական համակարգը, տնտեսությունը, իշխանությունն էլ անկարող է կառավարում իրականացնելու, ավելին, փչացրել է միջազգային բոլոր հարաբերությունները։ Սակայն մի էական առաջխաղացում, այսուհանդերձ, գրանցվել է։ Հայաստանի իշխանությունը երբեք այսքան ջերմ չի արտահայտվել Ադրբեջանի ղեկավարի «արժանիքների» մասին՝ էլ կիրթ, էլ կառուցողական։ Սա 100 փաստերին արժանի ձեռքբերում պիտի համարել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կիրակի օրը Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունեցած զանգվածային գործողությունները այս երկու օրերին տարաբնույթ մեկնաբանություններ ստացան։ Ոմանք կատարվածը դիտարկեցին որպես մերժված ուժերի ռեվանշի փորձ, ոմանք՝ զուտ սյունեցիների բարկության դրսեւորում։ Սակայն կատարվածն իրականում ակնհայտորեն կուտակված ցասում էր, որի բռնկված կրակի վրա կարող էին շատերը տաքացնել իրենց ձեռքերը։ Հիշեցնենք՝ Քաջարանից ձերբակալված եւ ՀՀ ոստիկանության կողմից բռնության ենթարկված 3 քաղաքացիների ազատության համար հարյուրավոր քաղաքացիներ խմբվել էին Կապանի ոստիկանության մոտ։ Երեկ ողջ օրը քաղաքական շրջանակներում քննարկվում էր վարկածը, թե ակցիայի իրական կազմակերպիչը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից Վահե Հակոբյանի հետ միասին։ Ինչպես հայտնի է, Վանեցյանը քաղաքական հայտ է ներկայացրել եւ իշխանափոխության պահանջ ու ցանկություն բարձրաձայնել։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքն էր քաջարանցիներին հավաքել Կապանում։ Ի պատասխան՝ Վանեցյանն ասաց. «Բոլոր այդ լուրերը մտացածին են։ Ես կապ չունեմ այդ գործողությունների հետ»։


«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Շատ բնական է, որ ընդդիմությունն ուռճացնում է ցանկացած բացասական երեւույթ ու փորձում է այն բերել քաղաքական օրակարգ, իսկ իշխանությունը, հակառակը, նման դեպքերի նշանակությունը նսեմացնում է, գտնում է բազմաթիվ արդարացումներ եւ, լավագույն դեպքում՝, ներկայացնում է դրանք որպես փոքրիկ ամպիկներ համընդհանուր պայծառ երկնակամարին: Այդպես է ամբողջ աշխարհում: Սյունիքի դեպքերը վերջին օրինակն են: Ըստ ընդդիմադիրների՝ ոստիկանության կողմից ոչ համաչափ ուժի կիրառումը կամ ոստիկանության բաժանմունքներում մարդկանց հանդեպ բռնությունը ինչ-որ մի արտառոց երեւույթներ են, որոնց մենք առնչվում ենք բացառապես վերջին երկու տարիների ընթացքում: Մինչդեռ ակնհայտ է, որ դա այդպես չէ. նման երեւույթներ հանդիպել են եւ հանդիպում են թե Հայաստանի, եւ թե ցանկացած այլ երկրի պրակտիկայում: Իրենց հերթին իշխանության ներկայացուցիչները, երկրպագուները եւ/կամ «նախկիններից» նեղացածները փորձում են ձեւ անել« թե ոչինչ չի պատահել, ու պարզապես չարամիտ «նախկիններն» են (իշխանական շրջանակներում ընդունված չէ օգտագործել ՙընդդիմություն՚ բառը) պղտոր ջրում ձուկ որսում: «Բա ձեր ժամանակ...» փաստարկն այնքան էլ զորեղ չի: Այո, «այն ժամանակ» նույնպես նման բաներ եղել են, եւ «այն ժամանակվա» ընդդիմությունը նույնպես փորձում էր դրանից քաղաքական դիվիդենտներ քաղել, ինչը բնական է:


«Բա ինչո՞ւ Լիսկայի ժամանակ ձայն չէիք հանում» փաստարկը, թեեւ իրականության հետ առնչություն ունի, բայց էթիկայի տեսանկյունից վիճելի է: Հիտլերի ժամանակ Ինչո՞ւ բոլոր գերմանացիները համակենտրոնացման ճամբարում չէին: Նույնը« իհարկե, կորոնավիրուսի հարցում: Ընդդիմադիրներն ասում են, որ իշխանությունն իր ապաշնորհ գործողություններով ազգն ու երկիրը հասցրել է անդունդի եզրին: Նույնը վերջին 30 տարիների ընթացքում ասում էին բոլոր ընդդիմադիրները: Բայց փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի գրեթե 3 տասնամյակ, իսկ առավել եւս հայկական էթնոսի հազարամյա գոյությունը չի կարող խոչընդոտել ոչ մի ապաշնորհ կամ շնորհալի կառավարություն: Իշխանական կամ իշխանամետ շրջանակներն էլ պնդում են, որ վերջին երեք ամիսների ընթացքում կառավարությունը, մասնավորապես առողջապահության նախարարությունը, ինչպես նաեւ պարետատունը աշխատել են հոյակապ, եւ կորոնավիրուսի տարածման սարսափազդու թվերը կամ դարձյալ «նախկինների» դավադրության հետեւանք են, կամ էլ մեր ազգաբնակչության ոչ գիտակից վերաբերմունքի արդյունք: Խնդիրն այն չէ« որ հակադիր քաղաքական ուժերն ունեն միեւնույն իրադարձությունների տրամագծորեն հակառակ մեկնաբանություններ՝ այլ կերպ, հավանաբար, չի էլ կարող լինել: Ցավալի է. որ մեր քաղաքացիների մեծամասնությունն այդ ծայրահեղացված քարոզչությունը լուրջ է ընդունում եւ հարում է այս կամ այն բեւեռին: Այ, դրանով մենք տարբերվում ենք աշխարհի շատ երկրներից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու Երեւանի ավագանու նիստը, որի ընթացքում ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա: Նիստի օրակարգում է ԵԿՄ-ին տարածքներ տրամադրելու հարցը։ «Իմ քայլում» դեմ են դրան, եւ չի բացառվում, որ հարցն օրակարգից հանվի։ Ինչո՞ւ․ հարցրինք ընդդիմության ներկայացուցիչ Անի Խաչատրյանին, որը պատրաստվում է հարցի հետ կապված «բլիժնի բոյ» մտնել։ «Նրանց տարակարծություններն առնչվում են մանկապարտեզների շենքերում տեղակայված ԵԿՄ տարածքներին․ հիշեցնենք, որ 5 տարին մեկ պետք է պայմանագրերը թարմացվեն, ու հիմա իրենք մտածում են` այլեւս չերկարացնել այդ պայմանագրերը․ ռազմահայրենասիրական առարկան դպրոցներից հանեցին, հիմա հերթը հասել է ԵԿՄ-ին հանելուն»: Դա քայլ է ԵԿՄ-ի՞ դեմ։ «Գիտեք, իրենք չգիտեն ինչ է «Երկրապահը», չգիտեն ինչ արժեքի մասին է խոսքը, երբ դա ամենափոքր քայլն էր, որ կարող էր ավագանին-համայնքն անել «Երկրապահի» համար, որովհետեւ այնտեղ են նաեւ հաշմանդամներին տրամադրված տարածքները։ «Երկրապահի» տղերքը «պակաս» հաշմանդամություն ունեցող տղերք չեն, այնպես որ, վերջիններիս փորձում են զրկել այդ փոքր հոգածությունից անգամ»: Ձեր քայլերը, եթե հարցն օրակարգից հանվի։ «Բոլոր դեպքերում լիահույս եմ, որ չի հանվի, եթե հանվեց, ինքս նոր նախագիծ կբերեմ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած Արցախում ընտրական գործընթացներն արդեն անցյալում են, սակայն քաղաքական թեժ զարգացումները դեռ առջեւում են: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանելուց հետո նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է լծվի կադրային փոփոխությունների եւ նոր համակարգ ձեւավորելու գործին: Եվ հենց այստեղ էլ թաքնված են խնդիրները: Բանն այն է, որ երեկ համագործակցության հուշագիր ստորագրվեց Արայիկ Հարությունյանի եւ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի միջեւ: Համաձայն պայմանավորվածության՝ Սամվել Բաբայանը նշանակվելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ փոխարինելով Արշավիր Ղարամյանին: Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը դեռեւս չի ցանկանում բավարարվել իրեն առաջարկված պաշտոնով, ցանկանում է ավելի մեծացնել իր լիազորությունները եւ դառնալ Արցախում գործոն:Սակայն այս նշանակման մասին տեղեկություններն արդեն իրարանցում են առաջացրել Արցախում, քանի որ այդ երկրի էլիտան չի պատկերացնում, թե ինչպես է ապրելու, աշխատելու մի երկրում, որտեղ Սամվել Բաբայանը բարձր պաշտոն է զբաղեցնում: Անհանգստացած են բոլորը՝ առանց բացառությունների՝ Սամվել Կարապետյան (Օգանովսկի), Արշավիր Ղարամյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան ու էլի շատ շատերը: Բանն այն է, որ Արկադի Ղուկասյանի դեմ 2000 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած մահափորձից հետո տարիներ շարունակ Արցախի իշխանական էլիտան Բաբայանին, կարելի է ասել, վտարել էր Արցախից: Նաեւ Բաբայանի առանձնատունն էին պետականացրել՝ վերածելով մանկապարտեզի: Հիմա պայմանավորվածություն կա, որ Բաբայանին կվերադարձվի նաեւ նրա առանձնատունը: Ու սա դեռ սկիզբն է, ինչն էլ հենց անհանգստացնում է Արցախի էլիտային: Նրանք երաշխիքներ են պահանջում Արայիկ Հարությունյանից»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը համագործակցության հուշագիր է ստորագրել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության հետ: Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնեց՝ համագործակցությունը չի ենթադրում որևէ պարտավորություն, այն ծրագրային դրույթների շուրջ համագործակցություն է՝ հիմնականում օրենսդիր մարմնում, և ենթադրում է համատեղ պատասխանատվություն: Կոալիցիա ձևակերպում այս համագործակցությանը տրված չէ: Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը նշանակվելու է Արցախի ԱԽ քարտուղար, սակայն Վահրամ Պողոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ պաշտոնի հարց չկա օրակարգում, կադրային հարցեր չեն քննարկել. «Ոչինչ չեմ ուզում բացառել, քանի որ քաղաքական համագործակցությունը ենթադրում է, որ հնարավոր է պաշտոնների հարցում համագործակցություն լինի, բայց կրկնում եմ՝ այսօր կադրային քաղաքականության մասով ոչինչ չի քննարկվել»»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի տարածման տեմպերն ահագնանում են։ Իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս, սակայն պայքարը կազմակերպելու առումով նոր քայլեր չեն ձեռնարկվում։ Երեկ Առողջապահական եւ Սննդի անվտանգության տեսչական մարմինները զգուշացումներ տարածեցին, հայտարարեցին, որ կասեցվում է մի շարք սննդի օբյեկտների աշխատանքը, եւ կփակվեն բոլոր այն հիմնարկները, որոնք անվտանգության կանոնները չեն պահպանի։ Նիկոլ Փաշինյանը հերթական «լայվը» մտավ եւ հոգեբանական, բարոյախրատական քարոզ կարդաց։ Առողջապահության նախարարությունը հայտարարություններ տարածեց, թե ում են հոսպիտալացնում, ում են տներում մեկուսացնում։ Եվ այս ամենին զուգահեռ, լուրեր տարածվեցին, որ կորոնավիրուսի թեստերն են վերջանում, ուստի թեստ անում են միայն ծայր անհրաժեշտության դեպքում եւ ըստ կարեւորության։ Մի բան պարզ է՝ վիրուսի դեմ պայքարում մեր հույսը միայն մեզ վրա պետք է դնենք»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռեւս 2019 թվականի հոկտեմբերի 19-ին անդրադարձանք Ոստիկանությունում սկանդալային նշանակումներին: Բանն այն է, որ աղմկալի միջադեպի կիզակետում հայտնված ոստիկանապետերը, որոնք պաշտոնից ազատվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, հետ էին վերադառնում համակարգ: Մասնավորապես, Սյունիքի մարզում աղմկալի միջադեպում հայտնված եւ կադրերի ռեզերվ ուղարկված ոստիկանապետերը մարզում լուրեր էին տարածում, որ ներկայիս ՀՀ ոստիկանապետի հետ մտերիմ են եղել, համակուրսեցիներ են եղել եւ պատրաստվում են հետ վերադառնալ համակարգ: Նրանցից մեկը Գորիսի բաժնի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանն էր: Ստացվեց, որ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը համակարգ է վերադարձնում սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված ոստիկանապետերին` խաչ քաշելով նրանց գործելակերպի վրա: Ասել է թե` ընկեր, ծանոթ կամ համակուրսեցի լինելն այստեղ էլ հաղթեց: Արդյունքում Ազիզյանը նշանակվեց: Իսկ ի՞նչ պատմության մեջ էր հայտնվել Ազիզյանը: 2016 թվականին նա ծեծի էր ենթարկել իր տեղակալի եղբորը` Արթուր Գեւորգյանին, որին անհիմն կալանավորել էին, եւ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած սկանդալային տեսանյութից հետո Արթուր Գեւորգյանը արդարացվեց, իսկ, ահա, ոստիկանապետ Ազիզյանը ընդամենը պաշտոնից ազատվեց: Կարճ ժամանակ անց Ազիզյանին կրկին վերադարձրեցին համակարգ, սակայն հաջորդեց հերթական միջադեպը նրա մասնակցությամբ:


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին` Էդմոն Խաչատրյանը, հաղորդում տվեց իրավապահներին հանցագործության մասին, որ Ազիզյանը իրեն ծեծել է: Այս հրապարակումից հետո Ազիզյանը կրկին ազատվեց պաշտոնից: Եվ, ահա, հեղափոխությունից հետո Գեւորգ Ազիզյանը, ոչ ավելի, ոչ պակաս, նշանակվում է ոստիկանության Սյունիքի մարզի վարչության պետ: Եվ, ահա, Ազիզյանի նշանակումից հետո Սյունիքում կրքերը չեն հանդարտվում, եւ ոստիկանները իրենց գործելաոճն են ընտրել: Մասնավորապես, վերջին օրերին Սիսիանում քաղաքացիների եւ ոստիկանության ծառայողների միջեւ միջադեպ էր արձանագրվել, ինչի արդյունքում ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Սիսիանի բնակիչները Հատուկ քննչական ծառայություն հաղորդում էին ներկայացրել Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի գործողությունների վերաբերյալ: ՀՔԾ-ն, Սիսիանի քաղաքացիների բողոքի հիման վրա, հարուցեց երկու քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը եւ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը) եւ 309.1-րդ հոդվածներով (խոշտանգման հատկանիշներով): Բանը հասավ Կապանի ոստիկաններին, Քաջարանի բնակիչներն էին ձերբակալվել, որոնք Կապանի ոստիկանների կողմից կրկին բռնության են ենթարկվել, եւ հրապարակվել էր բռնության ենթարկված տղաների լուսանկարները: Այս մասով Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել: Դատելով իրավիճակից՝ Սյունիքի տարբեր ստորաբաժանումների ղեկավարները Սյունիքի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի գործելաոճն են ընտրել եւ ծեծի միջոցով են փորձում հարց լուծել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 15-ից, ամենայն հավանականությամբ, կվերականգնվի Փարիզի հետ օդային կապը: Փարիզ-Երևան չվերթներ իրականացնող Air France ավիաընկերությունը արդեն երկու շաբաթ է՝ սկսել է դեպի Երևան տոմսերի վաճառքը, և ըստ ֆրանսիաբնակ մեր ընթերցողների՝ առաջիկա չվերթների համար օդանավի բոլոր տոմսերը գնված են, մնում է, որ ավիաընկերությունը չհետաձգի դրանք»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հրազդանի քաղաքային հիվանդանոցում այնպիսի հերթեր են, որ մարդիկ առավոտյան հերթ կանգնելով՝ չեն հասցնում մինչև երեկո անալիզներ հանձնել: Հիվանդանոց դիմածների մեծ մասը կասկածում է, որ վարակված է կորոնավիրուսով, քանի որ ունի համապատասխան սիմպտոմներ՝ ջերմություն, հազ և շնչառության խանգարումներ: Բժիշկներն աշխատում են առաջնահերթ սպասարկել ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին»:


 


 

Մամուլ. Գաղտնի հանդիպում Ծառուկյանի այգում. ո՞վ է մասնակցել, ի՞նչ է քննարկվել
Հաջորդ նորություն next