Եվրասիականության 100-ամյակի տարում VERELQ-ը եվրասիականցիների մտքերի, խնդիրների և ծրագրերի մասին զրուցել է «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանի հետ:
-Պարոն Սաֆարյան, 2020 թվականը հոբելյանական է՝ Եվրասիական գաղափարախոսության 100-ամյակն է: Մի քանի տարի է Հայաստանը այդ գաղափարախոսության կրողն է նաև, թեև այսօր էլ դեռ հարց է հնչում, թե արդյոք ճիշտ էր եվրասիական ինտեգրման գործընթացին Հայաստանի մասնակցությունը:
- Ես ներկայացնում եմ Հայաստանի Եվրասիական փորձագիտական ակումբը, որին անդամակցում են մեր երկրի առաջատար տնտեսագետներ, քաղաքագետներ, միջազգայնագետներ, սոցիոլոգներ, պատմաբաններ, արևելագետներ, պաշտպանության ու անվտանգության ոլորտի մասնագետներ, բանասերներ, ովքեր վերջին 6-7 տարիների ընթացքում ակտիվ հետազոտական ու փորձագիտական աշխատանք են կատարում եվրասիական ինտեգրման բնագավառում: Մեզ համար 2020 թվականը՝ Եվրասիական գաղափարախոսության 100-ամյակի տարի է: Մեր հարգելի բելառուս գործընկերոջ՝ Ալեքսեյ Ձերմանտի դիպուկ արտահայտությամբ` եվրասիական տեսությունը գիտականորեն ապացուցված փաստ է: Առանց եվրասիականության պատմական մանրամասների մեջ մտնելու կուզեի ասել, որ հետխորհրդային քաղաքատնտեսական բուռն գործընթացները եվրասիականության տեսությանը նոր, թարմ և արդիական հնչեղություն հաղորդեցին, որոշակի տեսական հիմք դառնալով ժամանակակից եվրասիականության կառուցման և զարգացման համար:
Ցանկանում եմ նշել, որ Հայաստանում եվրասիական շարժում ստեղծելու առաջին փորձը կատարվել է դեռևս 2000 թվականին, երբ քաղաքագետ Գագիկ Հարությունյանը, սոցիոլոգ Սամվել Մանուկյանը, հասարակական գործիչ Էդուարդ Փոլադովը և որոշ այլ փորձագետներ ստեղծեցին Հայստանում առաջին եվրասիական ակումբը, որը զբաղվում էր քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական և քաղաքակրթական բնույթի հետազատություններով, դրանով իսկ փորձելով դիմադրել գլոբալիստական, ուլտրալիբերալ գաղափարների ավերիչ ազդեցությանը և գլոբալ կենտրոնին: Կատեգորիկ կերպով չհամաձայնելով միաբևեռ աշխարհակարգի ընկալմանը, այդ գործիչները աշխատեցին կապ հաստատել այդ պահին շատ արդիական դարձած Ալեկսանդր Դուգինի և նրա շրջապատի հետ: Նշեմ միայն, որ այսօր նրանք մեր ակումբի պատվավոր անդամներն են:
2014 թ. մենք ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, տաղանդավոր ռուս մտավորական, փիլիսոփա և քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինի հետ ստեղծեցինք Եվրասիական փորձագիտական ակումբը, որն իր բարձրորակ, պրոֆեսիոնալ արտադրանքի շնորհիվ միանգամից հայտնվեց հանրային և քաղաքական ուշադրության կենտրոնում, քանի որ մեծապես պահանջված էր հայկական մեդիա և հասարակական-քաղաքական դաշտում: Մենք առաջինն էինք, որ տեսականորեն ապացուցեցինք Հայաստանի օգուտը և շահը ԵԱՏՄ-ին անդամակցելուց, իսկ հետագայում համակարգված կերպով ապացուցում էինք Հայաստանի համար գործնականում այլընտրանք չունեցող մասնակցության անհրաժեշտությունը եվրասիական ինտեգրման գործընթացին:
- Ուզում եք ասել, որ Հայաստանում եվրասիական գաղափարները հաղթե՞լ են:
- 2015 թվականին, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ չորրորդ անդամ-պետությունը, այն բուռն վեճերը, թե արժի՞, արդյոք, Հայաստանին մտնել այդ տարածաշրջանային մեգանախագծի մեջ, դեռևս շատ թե քիչ հասկանալի էին: Սակայն այսօր, երբ հարևան Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասնակից է, իսկ թյուրքական միջավայրում շատ կուզեին տեսնել Թուրքիան և Ադրբեջանը որպես այդ տարածքի մաս, մտորումներն այն մասին, թե այս շրջապատում հայերը նախընտրում են եվրոպացի, այլ ոչ եվրասիացի լինել, բավականին տարօրինակ են հնչում: Իհարկե, արդի Հայաստանն իրավունք ունի բազմավեկտոր, հավասարակշռված քաղաքականություն վարելու: Մեր բարդ և խճճված տարածաշրջանում այլ բանն ուղղակի անհնարին է: Բայց մենք պետք է հասկանանք, որ մի շարք պատճառներով Հայաստանի համար գլխավոր արտաքին քաղաքական վեկտորը Ռուսաստանն է և նրա դաշնակիցները Հյուսիսային Եվրասիայում:
Եվրոպայի և Ասիայի սահմանին գտնվող, մի ոտքով եվրոպական, իսկ մյուս ոտքով ասիական և եվրասիական քաղաքակրթական տարածքում կանգնած ժամանակակից Հայաստանի համար եվրասիական գաղափարախոսությունը շատ գործնական բեկում ունի: Մենք պնդում ենք, որ Հայաստանը Հյուսիսային Եվրասիայի օրգանական մասն է, որովհետև այնտեղ է Ռուսաստանն իր դաշնակիցներով, որովհետև վերջին 250 տարվա ընթացքում մենք եղել ենք ու կանք այդ քաղաքակրթական տարածքի մաս: Այստեղ է մեր մշակութային կոդը:
Այսքանը, ընդհանուր առմամբ, քաղաքակրթական կողմնորոշիչների մասին: Իսկ ավելի պրագմատիկ շահերի մասին խոսելիս՝ Ռուսաստանը Հայաստանի պատրաստի արտադրանքի արտահանման գլխավոր շուկան է, Հայաստանի գլխավոր ներդրողը, մեր երկրի գլխավոր տնտեսական ու ֆինանսական գործընկերը և մեր աշխատանքային միգրանտների աշխատանքի գլխավոր շուկան: Ռուսաստանից ենք մենք ընդունում զբոսաշրջիկների ամենամեծ խումբը, Ռուսաստանը մեր երկրի գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցն է: Մենք մտնում ենք ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի մեջ, որոնց գլխավոր շարժիչ ուժը ժամանակակից Ռուսաստանն է: Ահա թե ինչու եվրասիականության գաղափարախոսությունը պետք է ուսումնասիրվի, ընկալվի և ընդունվի հայկական ինտելեկտուալ մտքի, հասարակա-քաղաքական և գիտափորձագիտական համայնքի կողմից: Մենք ուրախ ենք, որ 5-6 տարվա քննարկումներից, թեժ վեճերից և դեբատներից հետո այսօր այդ շրջանակների ճնշող մեծամասնությունը ընդհանուր առմամբ համաձայն է մեր մոտեցումների հետ:
- Արդյոք Ձեր ասածից բխում է, որ եվրասիական տարածքում ամեն ինչ հարթ ու համերաշխ է: Ինչպե՞ս են եվրասիական քաղաքական գործիչներն արձագանքում արդի բազմազան մարտահրավերներին: Ուժե՞ղ է ԵԱՏՄ-ն և արդյոք ժամանակակից գլոբալ գործընթացները չեն սպառնում դրա հիմքերին:
-Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն կայացած առևտրատնտեսական միություն է: Պարբերաբար առաջանում են տարբեր մեծ ու փոքր հարցեր, որոնք միանգամից հայտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում: Օրինակ, հաշվի առնելով միջազգային շուկաներում ստեղծված նոր իրողությունները, Բելառուսը և Հայաստանը ձգտում են հասնել գազի գնի իջեցմանը: Արժե, արդյոք, զարմանալ հարցի նման ձևակերպման վրա: Կարծում եմ՝ ո՛չ: Սրանք, ինչպես և մեր ընդհանուր տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հետ կապված այլ հարցերը, պետք է քննարկվեն և լուծվեն բարեկամության, դաշնակցային և փոխօգնության ոգով: Միայն այսպես է կարելի ամրապնդել մեր միության հիմքերը և անշրջելի դարձնել ինտեգրման գործընթացը: Բոլոր այս բանակցությունները և քննարկուները պետք է թափանցիկ լինեն մեր հասարակությունների համար, որ մարդիկ լինեն տեղեկացված:
Այսօր տնտեսությունն ընդհանուր եվրասիական տարածքի գոյության գլխավոր չափանիշն է: Կորոնավիրուսի համավարակը հաղթահարելուց և մասնակից-երկրների տնտեսություններն ու հասարակությունները հաջողությամբ զարգացնելուց հետո մի քանի տարի պիտի անցնի և մենք անխուսափելիորեն կզգանք ինտեգրացիոն գործընթացը ամեն կերպ խորացնելու և ամրապնդելու կարիքը: Կուզեի ավելացնել, որ այժմ նորաձև է խոսել, թե հետխորհրդային տարածքում տեղի է ունենում բազմամակարդակ ինտեգրում: Մեկը ԵԱՏՄ անդամ է, մյուսը՝ ՀԱՊԿ-ի, երրորդը՝ ԱՊՀ-ի, իսկ մեր տարածքի բոլոր անդամներն ընդգրկված են նաև ՇՀԿ-ում: Այսպիսով, կյանքը կստիպի ընդհանուր տարածքի տարբեր երկրներին խորացնել ինտեգրումը Ռուսաստանի հետ յուրաքանչյուրի ազգային շահերի ու ապագա բարգավաճման տեսլականի չափով:
Եվրոպայում ասում են, որ կորոնավիրուսը սեյսմիկ հարված հասցրեց եվրոպական միասնականությանը: Ես կվերաշարադրեի դա այսպես. կորոնավիրուսը կստիպի մեզ մտածել ընդհանուր տնտեսական, քաղաքական, հումանիտար և քաղաքակրթական ապագայի մասին, եթե մենք չենք ցանկանում առանձին-առանձին լուծվել անբարենպաստ շրջապատի մեջ: Մեր քաղաքական գործիչները համաձայն են, որ այդ տեսակետերին լուրջ այլընտրանք դեռևս չկա:
- Ձեր կարծիքով Հայաստանն ըստ արժանվո՞ւյն է ներկայացված եվրասիական ինտեգրացիայում: Լսելի է Հայաստանի ձայնը և արդյոք չի՞ կորում ավելի մեծ և ուժեղ դաշնակիցների շրջապատում:
- Հայաստանն արևելասլավոնական և թյուրքական աշխարհների հետ գոյակցության, գործակցության և համագործակցության եզակի ավանդույթներ ունի, մեր մասնակցության բազմադարյա պատմությունը Մեծ Եվրասիայի, հատկապես, Հյուսիսային Եվրասիայի գործերին ինքնին խոսում է հայ եվրասիականների օգտին: Ռուսաստանում ապրում է 2 միլիոնից ավելի հայ: Դա ամենամեծ հայկական սփյուռքն է: Հայերը արժանապատվորեն ներկայացված են Բելառուսում և Ղազախստանում: Բոլոր այս մեր հայրենակիցները ցանկանում են գործուն մասնակցություն ունենալ թե՛ Հայաստանի կյանքում, թե՛ համահայկական գործերում: Մեր ժողովրդի ողբերգական պատմությունը սովորեցրել է մեզ հավատարիմ ընկեր, հանդուրժողական քաղաքացի, ազնիվ և պարկեշտ գործընկեր լինել: Աշխարհի շատ երկրներում հայերին սովորաբար այդպես էլ ընկալում են: Դա մեզ համար պետք է շատ թանկ արժենա:
Մենք պնդում էինք, որ եվրասիական ինտեգրացիայի շնորհիվ մեր արդյունաբերությունը կարող է զարգանալ: Մենք պնդում էինք, որ ռուսական տուրիստները կնպաստեն մեր երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: Մենք ասել և ասում ենք, որ Հայաստանը կարող է դառնալ Հյուսիս-Հարավ ռազմավարական առանցքի անփոխարինելի օղակ: Այս առումով ոչինչ չի փոխվել: Այսօր մեր հանրության մեջ օտարում և կասկած սերմանելու համար մեր ընդդիմախոսներին ու գաղափարախոսական հակառակորդներին շատ ուժ ու միջոց է պետք ծախսել: Կարծում եմ, որ մեր հասարակությունը ունակ է կասեցնելու նման երկփեղկվածությունն ու երկմտանքը:
- Կապ ունե՞ք եվրասիական տարածքի այլ փորձագիտական կենտրոնների հետ: Արդյոք այն կարծիքին եք, որ հանրությունը բավարար չափով ականջալուր է Ձեզ և Ձեր գործընկեր փորձագետների խորհուրդներին:
- Ինձ թվում է, որ դեռ շատ բան կա անելու մինչև ԵԱՏՄ երկրներում ավելի խորն ինտեգրման կողմնակիցները հանդիպեն, համագործակցեն, մտածեն ընդհանուր արժեքների մասին ու հանդես գան միասնական դիրքերից: Մենք շատ բարձր ենք գնահատում մեր ընկերությունը ռուս ականավոր մտածող Վ. Լեպեխինի և նրա հարգարժան գործընկերների հետ, ականավոր բելառուս մտավորական Ալեքսեյ Ձերմանտի և նրա համախոհների հետ: Մենք տպավորված ենք տաղանդավոր ռուս տնտեսագետ, ակադեմիկոս Սերգեյ Գլազևվի մտքերով և դիրքորոշումներով և հույս ունենք հրավիրել նրան Երևան մեր փորձագիտական համայնքի համար հանրային դասախոսություններ կարդալու: Մենք Եվրասիական վերլուծական կոնսորցիումի անդամ ենք, որը ղեկավարում է հայտնի քաղաքական գործիչ և զինվորական, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բորդյուժան: Մեզ ծանոթ են մոսկովյան տնտեսագետ Յուրի Կոֆների աշխատանքները, ինչպես և մեր այլ գործընկերների ուշադրության և հարգանքի արժանի այլ աշխատանքները:
Կուզեի հատուկ նշել, որ նախորդ տարիներին ստացված մեր դափնիները մեզ որևէ կերպ չեն հանգստացնում և մենք շարունակում ենք մեր հետազոտական և փորձագիտական գործունեությունը: Մեր առաջատար տնտեսագետներ, պրոֆեսորներ Աշոտ Թավադյանի, Թաթուլ Մանասերյանի և Էդուարդ Ղազարյանի, քաղաքագետ, պրոֆեսոր Աշոտ Ենգոյանի, արևելագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի, սոցիոլոգ Սամվել Մանուկյանի, և մեր այլ հարգարժան գործընկերների ներդրումը եվրասիական հետազոտությունների մեջ այսօր էլ շատ նշանակալի է: Այս կապակցությամբ չեմ կարող չնշել այն մասին, որ մենք բոլորս միահամուռ ակնկալում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական զարգացման բանկի նոր նախաձեռնություններ և դաշնակից երկրների գիտա-փորձագիտական համայնքների մոբիլիզացմանն ու մոտեցմանն ուղղված նոր քայլեր: Վատ չէր լինի նաև մտածել Եվրասիական հումանիտար հիմնադրամի ստեղծման մասին, որը կկարողանար նպատակայնորեն ֆինանսավորել ԵԱՏՄ բոլոր երկրներում կազմակերպվող կոնֆերանսները, կլոր սեղանները, սեմինարները, գիտահետտազոտական աշխատանքները, որպեսզի իրականում շահագրգռի ինտելեկտուալ միջավայրը այս ոլորտում համագործակցելու մեջ: Ի դեպ, այս ուղով ժամանակին գնաց նաև Եվրոպական Միությունը:
Ի վերջո կուզեի ասել հետևյալը. օրերս Մոսկվայում և Երևանում լույս տեսավ «Եվրասիական ինտեգրացիա. Գաղափարներ, խնդիրներ, գործընթաց և հեռանկարներ» գրքի երկրորդ՝ վերամշակված և լրացված հրատարակությունը: Դա 15 դասախոսություններից բաղկացած դասընթաց է, որը նախատեսված է միջազայնագետ, քաղաքագետ, արևելագետ, տնտեսագետ և պատմաբան ուսանողների համար: Գրքի հեղինակներն են Վլադիմիր Լեպեխինը, Արամ Սաֆարյանը, Սերգեյ Բելյակովը, Աշոտ Թավադյանը և Վիտալի Բելսկին:
Մենք պատրաստվում ենք կատարել այս գրքի շնոևհադեսը զանգվածային միջոցառումներ անցկացնելու առաջին իսկ հնարավորության դեպքում: Այս գիրքը բավարար քանակով բաժանվելու է բոլոր հայկական բուհերին ու գրադարաններին: Կարծում ենք, որ սա մեր համեստ ավանդն է Եվրասիականության հարյուրամյակը արժանավայել նշելու գործում: Մենք կարծում ենք, որ տարվա երկրորդ կեսին նաև հնարավորություն կստեղծվի Ռուսաստանի և այլ դաշնակից երկրների մեր գործընկերներին Երևան հրավիրելու և նշանակալի միջոցառումներ անցկացնելու համար: Այդ միջոցառումները կամրապնդեն մեր բարեկամությունը և համագործակցությունը և կբացեն փոխգործակցության համար նոր հեռանկարներ:
Լիա Խոջոյան