23.11.2024
Մամուլ. Քննարկվում են իշխանափոխության տարբեր սցենարներ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ինչո՞վ է ավարտվել Փաշինյան-Մարուքյան հանդիպումը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը, որ Փաշինյան-Մարուքյան հանդիպման ավարտը բավականին բուռն է եղել. Էդմոնն ասել է` ո՛չ նախկիններն են լինելու իշխանության, ո՛չ էլ դուք, մենք ենք լինելու․ հարցրինք ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանին։ «Այո, եղել է»: Բա Նիկոլն ի՞նչ է ասել դրանից հետո։ «Ոչինչ չի ասել, դուռը բացել, դուրս է եկել, իսկ թե ինչ դեմքով է նա դուրս եկել, կադրերը կան, կարող եք նայել»: Դուք հիմա փաստացի բոյկոտում եք, չեք մասնակցում ԱԺ նիստերին։ «Այո, որովհետեւ մեր ֆիզիկական անվտանգության հարցը դեռ չի լուծվել»: Վախենում եք էլի՞ ծեծեն։ «Չենք վախենում, բայց կարծում ենք` այլեւս չենք կարող խուսափել նման միջադեպերից, ատելության չափաբաժինը շատ մեծ է, այսինքն` ամեն անգամ, երբ մենք մոտենանք ամբիոնին, կարող է նման միջադեպ լինել»: Ձեր պահանջը ո՞րն է` անվտանգության աշխատակիցնե՞ր դնեն ամբիոնի մոտ։ «Ոչ` քաղաքական գնահատական տան կատարվածին, մեղավորներին պատժեն։ Հասկանալի է, չէ՞, որ նախկին համատեղ աշխատանքն այլեւս չի կարող լինել»: Ե՛լքը։ «Չկա՛»: Եթե չեք գնում նիստերի, պառլամենտում ոչ մի հետեւանք չի լինում. նման մի նախադեպ 2003-ին ունեցել ենք։ «Եթե դիտարկում եք նախագծեր ընդունելու կամ չընդունելու խնդիրը, ապա, այո, իրենք ունեն մեծամասնություն, խելքներին ինչ փչի, կարող են բերել ընդունել, բայց անգամ չգնալու դեպքում մենք լուրջ վերահսկողություն ենք իրականացնելու գործընթացների վրա»: Մտածում եք, որ գնաք, կասեն` «թքածը լիզեցի՞ն», կարող եք գնալ ու ստուգել` կծեծե՞ն էլի, թե՞ ոչ. վախենո՞ւմ եք։ «Մենք ոչ մի բանից չենք վախենում, մենք արդեն ասել ենք, որ ամեն ինչի պատրաստ ենք»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե վերջին բացահայտումներն «Իմ քայլում» ուղղակի շոկ են առաջացրել: Առանց այն էլ Նիկոլի վերջին պահվածքը ՔՊ վարչության, խմբակցության նիստերի ժամանակ, երբ ոչ ադեկվատ լեքսիկոնով ու խիստ անհավասարակշիռ «շան լափ» էր թափել «անհնազանդ» պատգամավորների, հանրաքվեի հարցում իրեն «քաշած» Վահագն Հովակիմյանի վրա, բազում հարցականներ էր առաջացրել իմքայլականների մոտ, իսկ սիգարետային ու ադամանդային բումերը, մանավանդ Միքայել Մինասյանի վերջին ակնարկից հետո (թիմն ունի Նիկոլին փոխարինող մեկ-երկու ադեկվատներ), շատ հեռուն գնացող եզրակացությունների տեղիք են տվել: «Իմ քայլում» բոլորը նոր տերեր են որոնում արդեն. սորոսականները համախմբվել են մի ֆլանգում, նախկինների կողմից ներդրված ականները «հանգիստ նստած են տեղները»` սպասում են հրահանգի, մի մասն էլ, Կոնջորյանի շերեփն առած, մոտ-մոտ է անում «Լուսավոր Հայաստան»-Էդմոնին, տակը մնացածների հույսն Ավինյանն է, Ավինյանի հույսն էլ «նախկիններն» են, որոնք հույսի կամուրջները վերջնականապես դեռ չեն բացում նրա առաջ»:


«Իրատես» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վիրուսակիրների թվին, փաստեց. «Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն: Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք»: Թե նախկինում ինչ էր ասում Փաշինյանն ու հիմա ինչպես է տրամագծորեն հակառակը պնդում, բոլորն են հիշում, այդուհանդերձ, ինչ անել, որ երկրի վարչապետը կամ վախից մարդկանց «չչորացնի», կամ էլ գլխների տակ փափուկ բարձ չդնի։ Մի պահ պատկերացնենք, թե սովորական քաղաքացին ինչ է մտածում, երբ երկրի ղեկավարն ասում է, որ մեր գործերը լավ չեն. թույլ նյարդերով մարդիկ, հատկապես այս շրջանում, սոցիալ-տնտեսական խնդիրների մեծ բուրգն աչքի տակ ունենալով, խուճապի են մատնվում, առավել մեծ հոգեբանական խնդիրների առաջ կանգնում, իսկ քիչ թե շատ հոգեպես ուժեղ մարդիկ էլ սկսում են հասկանալ, որ այս տեմպերով երկրում ահռելի խնդիրներ են առաջանալու, որոնցից գլուխ հանել չի լինի, եթե անգամ մի կերպ վիրուսը հաղթահարենք։ Սակայն այս ամենի մեջ, որքան էլ զարմանալի է, կա մեկ հետաքրքիր բան։ Վարչապետի հայտարարություններին հասարակության զգալի հատվածն այլեւս լուրջ չի վերաբերվում, նրա խոսքը դադարել է հավատ ներշնչել։


Սկզբում, երբ մարդիկ դեռ հավատում էին Փաշինյանին, նա անպատեհ, վտանգն արհամարհող հայտարարություններ արեց, քաղաքացիները սկսեցին արհամարհել կորոնավիրուսը, թուլացրին զգոնությունը, իսկ հիմա երբ կորոնավիրուսն է իրեն շատ լավ զգում մեր երկրում, վարչապետի հայտարարություններին այլեւս հավատացող չի մնացել։ Ու հիմա ինչ էլ հայտարարի Նիկոլ Փաշինյանը, մարդիկ վերապահումով են ընդունելու։ Ինչ վերաբերում է վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների անմիջական պատասխանատու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, նրա առնչությամբ հանրության մի ստվար հատվածի շրջանում կայուն կարծիք է ձեւավորվել, թե ինչպիսին չպետք է լինի առողջապահության նախարարը։ Փաստն այն է, որ վերահսկողությունից դուրս եկած վարակը, որ կարանտինը չեղարկելով, թողեցին քաղաքացու գիտակցությանը, այսօր ռեկորդային ցուցանիշներ է գրանցում, երկրի ղեկավարությունն էլ դարձել է միայն փաստ արձանագրող, ինչպես ասում են՝ հետեւից չի հասնում»:


«Իրատես» թերթը գրում է. «Իշխանությունը նոր չէ, որ «ճաքեր» է տալիս, ի սկզբանե էլ ներսում թեւեր կային, եւ ամեն մեկը սեփական խաղն էր առաջ տանում, որքան էլ Նիկոլ Փաշինյանը սպառնում էր թեւեր ու «թաթիկներ» կտրել։ Բայց այսօր իշխանությունում իսկական քաոս է։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը լրիվ կորցրել է վերահսկողությունը թիմի նկատմամբ, հասկացել է, որ իր հետ անկեղծ չեն եւ այլ ուժերի հետ գործարքների են գնում։ Սակայն ուշագրավ մի բան է տեղի ունենում այս ողջ խառնաշփոթում։ Փաշինյանը ցանկանում է իմանալ, թե ով ում հետ է տալիս-առնում, ում վրա ինչ կոմպրոմատներ կան, ով այս ընթացքում ինչեր է արել, որպեսզի «առնետավազքի» ժամանակ «թակարդներ լարի»։ Այլ կերպ ասած՝ իշխանությունը գնում է ինքնախժռման ճանապարհով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը, որ Փաշինյան-Մարուքյան հանդիպման ավարտը բավականին բուռն է եղել. Էդմոնն ասել է` ո՛չ նախկիններն են լինելու իշխանության, ո՛չ էլ դուք, մենք ենք լինելու․ հարցրինք ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանին։ «Այո, եղել է»: Բա Նիկոլն ի՞նչ է ասել դրանից հետո։ «Ոչինչ չի ասել, դուռը բացել, դուրս է եկել, իսկ թե ինչ դեմքով է նա դուրս եկել, կադրերը կան, կարող եք նայել»: Դուք հիմա փաստացի բոյկոտում եք, չեք մասնակցում ԱԺ նիստերին։ «Այո, որովհետեւ մեր ֆիզիկական անվտանգության հարցը դեռ չի լուծվել»: Վախենում եք էլի՞ ծեծեն։ «Չենք վախենում, բայց կարծում ենք` այլեւս չենք կարող խուսափել նման միջադեպերից, ատելության չափաբաժինը շատ մեծ է, այսինքն` ամեն անգամ, երբ մենք մոտենանք ամբիոնին, կարող է նման միջադեպ լինել»: Ձեր պահանջը ո՞րն է` անվտանգության աշխատակիցնե՞ր դնեն ամբիոնի մոտ։ «Ոչ` քաղաքական գնահատական տան կատարվածին, մեղավորներին պատժեն։ Հասկանալի է, չէ՞, որ նախկին համատեղ աշխատանքն այլեւս չի կարող լինել»: Ե՛լքը։ «Չկա՛»: Եթե չեք գնում նիստերի, պառլամենտում ոչ մի հետեւանք չի լինում. նման մի նախադեպ 2003-ին ունեցել ենք։ «Եթե դիտարկում եք նախագծեր ընդունելու կամ չընդունելու խնդիրը, ապա, այո, իրենք ունեն մեծամասնություն, խելքներին ինչ փչի, կարող են բերել ընդունել, բայց անգամ չգնալու դեպքում մենք լուրջ վերահսկողություն ենք իրականացնելու գործընթացների վրա»: Մտածում եք, որ գնաք, կասեն` «թքածը լիզեցի՞ն», կարող եք գնալ ու ստուգել` կծեծե՞ն էլի, թե՞ ոչ. վախենո՞ւմ եք։ «Մենք ոչ մի բանից չենք վախենում, մենք արդեն ասել ենք, որ ամեն ինչի պատրաստ ենք»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանի անվան շուրջ բարձրացված աղմուկը խորը արմատներ ունի, որոնք տանում են դեպի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ Արեւիկ Անափիոսյանը: Բանն այն է, որ Թամրազյանի ու Անափիոսյանի փոխհարաբերությունները վաղուց են լարված եղել, եւ այժմ լուրեր կան, որ Թամրազյանի դեմ դավեր է նյութում նախկին գործընկերը: Խոսվում է այն մասին, որ Թամրազյանն է կարողացել այնպիսի փաստեր ներկայացնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` ընդդեմ փոխնախարարի, ինչի պատճառով որոշում է կայացվել Արեւիկ Անափիոսյանին ազատել աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունները ճշտել Արեւիկ Անափիոսյանից, որը մեզ հետ զրույցում ժխտեց՝ հավաստիացնելով, թե նման բան չկա, իսկ Թամրազյանի շուրջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ ասաց, որ եղելության մասին տեղեկանում է մամուլից: Հավելենք նաեւ, որ երեկ եւ նախորդ օրը փոխնախարար Թամրազյանը կանչվել էր Ազգային անվտանգության ծառայություն` ըստ մամուլի, ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ «ռազբորկա» անելու համար: Սակայն Թամրազյանը մանրամասներ չէր հաղորդել՝ ասելով, թե պարզապես զրույց է եղել, այլ ոչ թե հարցաքննություն ԱԱԾ-ում: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը՝ մայիսի 25-ին, տեղի է ունենալու Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստ, որին ներկա են լինելու Սմբատ Գոգյանն ու Գրիշա Թամրազյանը»:


«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում շշուկներ են պտտվում, որ Երեւանի Նորքի տուն ինտերնատում ստեղծված իրավիճակով է պայմանավորված ինչպես փոխնախարար Գեմաֆին Գասպարյանի աշխատանքից ազատվելը, այնպես էլ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ինքնամեկուսացվելը, թեպետ նա թեստ է հանձնել եւ արդյունքը բացասական է եղել: Ավելին` ոմանք նույնիսկ կարծում են, թե հաջորդ նախարարը, որը հրաժարական կտա կլինի հենց Զ. Բաթոյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանություններին ծանոթ-բարեկամ մախինացիաներում կարող են անգամ «նախկինները» նախանձել: Սոցապնախարարության աշխատակազմի դե ֆակտո ղեկավարը նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ տեգրն է` Ստեփան Մաչյանը, ով նախարարության ֆինանսական բաժնի պետն է, որի վրա Բաթոյանը դրել է նաեւ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները, երբ դրանք պետք է դրվեին աշխատակազմի ղեկավարի տեղակալի վրա: Արդեն մեկուկես տարի նախարարությունն աշխատակազմի ղեկավար չունի: Ինչո՞ւ նոր աշխատակազմի ղեկավար «չեք ընդունում»՝ հարցրինք նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանին։ «Երբ դրա կարիքը զգացվի, կունենանք, մրցույթը կհայտարարվի, ըստ դրա` մարդիկ կմասնակցեն»: Ե՞րբ կլինի մրցույթը։ «Կդժվարանամ ասել, կապված համաճարակի հետ` պետք է հասկանանք մրցույթի կազմակերպման ընթացքը»: Տարիուկես ինչո՞ւ չէր կազմակերպվում։ «Ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանել»: Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ օրերս պարոն Մաչյանը նախարարի մեքենայով է եղել, չար լեզուների «բնութագրմամբ»` ստրիփ-ակումբի «մոտերքում» է տեւական ժամանակ կայանել, ինչի մասին էլ ԱԱԾ-ին զեկուցվել է։ «Գրավոր գրեք, մենք կպատասխանենք»,- ասաց խոսնակն ու արձանագրեց, որ պարոն Մաչյանի հեռախոսն իրենք չեն տրամադրում լրագրողներին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման ուղիներից մեկը երեկ «Ազատության» եթերում ներկայացրել է ՀՀ արտաքին հարաբերությունների նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Եվ եթե այն կյանքի կոչվի, ստացվում է՝ իշխանությունները հրաժարվում են իրենց նախնական ծրագրից: Ինչպես հայտնի է, ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընդունման պարագայում պետք է իրենց պաշտոններին հրաժեշտ տային Սահմանադրական դատարանի 9 անդամներից 7-ը՝ Հրայր Թովմասյանը (նախագահ), Ալվինիա Գյուլումյանը (փոխնախագահ), Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արեւիկ Պետրոսյանը:  Սակայն նոր տարբերակի իրագործման պարագայում ոչ բոլոր դատավորներն են, այսպես ասած, տուն ուղարկվելու: «Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, կդադարեն պաշտոնավարել», – նշել էր Ռուբինյանը: Այսինքն՝ Ռուբինյանի արտահայտած տարբերակից պարզ է դառնում, որ Հրայր Թովմասյանը շարունակելու է մնալ ՍԴ անդամ, իսկ այդ պաշտոնին հրաժեշտ կտան միայն երկուսը: Բայց նկատենք, որ Հրայր Թովմասյանը միայն կդադարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ, քանի որ ընտրվել է ոչ թե վեց տարով, այլ մինչեւ թոշակի անցնելը, սակայն կմնա շարքային դատավոր: Հրայր Թովմասյանը դատավոր էր ընտրվել 2018-ին՝ մարտի 2-ին: Վահե Գրիգորյանը եւ Արման Դիլանյանն իրենց պաշտոններում նշանակվել են 2018 թ. հեղափոխությունից հետո՝ 2015 թ. ընդունված նոր կարգով: Մյուս յոթ դատավորները ՍԴ անդամ են դարձել նախկին կարգով, սակայն նրանցից միայն երկու դատավոր՝ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը կդադարեն լինել ՍԴ անդամներ, քանի որ նրանք պաշտոնավարում են 12 տարուց ավելի, իսկ, ահա, Արեւիկ Պետրոսյանն ու Աշոտ Խաչատրյանն էլ կշարունակեն պաշտոնավարել եւս 1-2 տարի»:


«Փաստ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ իշխանությունը հրաժարվել է դատաիրավական ոլորտում վեթինգ անցկացնելու գաղափարից. գոնե այս փուլում այդ ուղղությամբ գրեթե բոլոր գործողությունների դադարեցման մասին օրերս հայտարարեց արդարադատության նախարարը։ Հայտնի է նաեւ, որ մինչեւ մյուս խորհրդարանական ընտրություններն ընկած ժամանակահատվածը գործող իշխանությունը մտադիր է խորհրդարանական ընտրությանը զուգահեռ անցկացնել նաեւ Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որով գրեթե ամբողջությամբ կփոխվի մայր օրենքը. այդ առիթով արդեն գործում է ձեւավորված հանձնաժողով, որն ի դեպ աշխատում է նաեւ արտակարգ դրության պայմաններում։ Նախատեսված է, որ հանձնաժողովն իր աշխատանքները կառավարությանը կներկայացնի մինչեւ տարեվերջ, եւ մյուս տարվանից տեղի կունենան հանրային քննարկումներ ու տարբեր ձեւաչափերով մասնագիտական լսումներ։ Այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությանը սպասարկող փորձագիտական մի խումբ բավականին փակ ռեժիմով, որպեսզի հանրային լայն արձագանք ու ավելորդ մեկնաբանություններ չլինեն, շարունակում է ինտենսիվ աշխատանքներ տանել ՀՀ-ում անցումային արդարադատություն իրականացնելու հարցի շուրջ։ Այս հարցում ակտիվ ներգրավված են նաեւ որոշ միջազգային փորձագետներ, որոնց հետ խումբը տեսակապով պարբերական քննարկումների մեջ է։ Մեր ունեցած տեղեկությամբ, իշխանության հիմնական նպատակը սահմանադրական փոփոխություն իրականացնելիս պատրաստի հայեցակարգ ունենալն է, որպեսզի միանգամից ամբողջական փաթեթով հարցը դրվի հանրային քննարկման»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական համակարգը նախկիններից մաքրելու Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից օրեր անց, մեր տեղեկություններով, պետական որոշ գերատեսչություններ, մասնավորապես՝ ուժային կառույցները, կառավարության աշխատակազմից գրություն են ստացել, որոնց մեջ նույնիսկ անուններ են նշել, թե ումից պետք է ազատվել։ Ցանկում ընդգրկված անունները հիմնականում շաղկապված են եղել Մարտի 1-ի հետ եւ հայտնի են եղել նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների հետ բարեկամական-մտերմական կապերով։ Սակայն գերատեսչությունների ղեկավարներից մի քանիսը, փոխանակ կատարեն վարչապետի կողմից իջեցված հրահանգները, ցանկը վերցրել եւ գնացել են նրա դուռն ու, այսպես կոչված, «անձնական երաշխավորություն» ներկայացրել, որ սեւ ցուցակում հայտնված պաշտոնյաները կգործեն իրենց վերահսկողությամբ, եւ նրանցից վտանգ չկա»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արցախի հերոս, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը պաշտոն կստանա: Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը գեներալ-լեյտենանտ Բաբայանին նշանակելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար` փոխարինելով Վիտալի Բալասանյանին: Ու այս նշանակումը մեծ շոկ է լինելու Արցախի էլիտայի համար: Ինչու, որովհետև մեկ տասնամյակից ավելի Սամվել Բաբայանը, կարելի է ասել, վտարված է եղել իր հայրենիքից ու հիմա կրկին վերադառնում է` դարձյալ որպես պաշտոնյա, խորհրդարանում թվով երկրորդ խմբակցությունը ունեցող գործիչ: Հիշեցնենք, որ 2000-2004 թվականներին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով Բաբայանը ազատազրկման էր դատապարտվել 14 տարով, սակայն 4,5 տարի անց նրան ներում շնորհվեց։ Այդ ընթացքում Բաբայանի և նրա մերձավորների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ են գործադրվել, ընդհուպ մինչև նրան պատկանող սեփական տունը պետականացվեց և վերածվեց մանկապարտեզի: Ու հիմա նրա հետ այսքան տարիների ընթացքում մեղմ ասած թշնամական հարաբերություններ ունեցող գործիչները և պաշտոնյաները անհարմար իրավիճակում են հայտնվել: Սա նշանակում է, որ Արցախի ներքին կյանքը դժվար թե խաղաղ լինի առաջիկա վերադասավորումների ժամանակ»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Գազպրոմ Արմենիա»-ում, ավանդույթի համաձայն, հարուստներն ավելի են հարստանում, աղքատները՝ աղքատանում։ Այս ընկերությունում միջին և ցածր օղակների ֆինանսական կորուստները շարունակվում են։ Նախ վերջիններս զրկվել են եռամսյա պարգևավճարներից, ապա կամավոր/պարտադիր սկզբունքով հրաժարվում են կառավարության սահմանած գազի վճարների 50 և 30 տոկոսների արտոնությունից։ Միջին և ցածր օղակներում աշխատող աշխատակիցների խոսքով՝ եթե իրենց նկատմամբ վերաբերմունքը նման տեմպերով շարունակվի, ապա ընկերությունում զանգվածային սաբոտաժը բացառել հնարավոր չի լինի»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Նա մայիսի 8-ին Ճամբարակում իր երկու ընկերների հետ հայհոյանքներ էր տվել համայնքի բնակչուհիներից մեկին ու նրա թոռներին։ Դեպքին ականատես էին եղել նաև համայնքի բնակիչները։ Բնակչուհու դուստրը նույն օրը դիմել է ոստիկանություն։ Իրավապահներն էլ քննելով միջադեպի հանգամանքները՝ համայնքապետի գործողություններում խուլիգանության հատկանիշներ են տեսել։ Արդյունքում քրեական գործ է հարուցվել քր.օր.-ի 258 հոդվածի առաջին մասով»։


«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերության շուրջ աղմկոտ մի շարք իրադարձություններ տեղի ունեցան, ինչի արդյունքում որոշ ժամանակ խնդիրներ էին առաջացել ընկերության բնականոն գործունեության առումով: Այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, «Յուքոմին» հաջողվել է գրեթե լիարժեքորեն հաղթահարել մասնավորաբար կադրային «շոկը». մեր աղբյուրները փոխանցում են, որ թիմ են վերադարձել մոտ մեկ ամիս առաջ աշխատանքից ազատված բազմաթիվ աշխատակիցներ, մյուս կողմից՝ նոր աշխատակիցներ են ընդունվել աշխատանքի: Ավելին, ներկայումս ավարտին են մոտենում ընկերության զարգացման նոր ռազմավարական ծրագրի աշխատանքները: Ըստ այդմ, ստացվում է, որ տարածվող տեղեկությունները, թե հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «Յուքոմ» ընկերությունն այլեւս ուշքի չի գա եւ դուրս կմղվի դաշտից, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում: Թերթի աղբյուրները պնդում են, որ  իրականում այս ընկերությունը հնարավոր է ստեղծված վիճակից դուրս գա ավելի ուժեղացած: «Եթե դասականի հայտնի խոսքերը հիշենք, ապա «Յուքոմի» մահվան մասին լուրերը չափազանցված են»,- կես կատակ-կես լուրջ ասաց մեր աղբյուրը»: