Մամուլ. Գաղտնի հանդիպում Ծառուկյանի այգում. ո՞վ է մասնակցել, ի՞նչ է քննարկվել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյա մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում են ունեցել: Հանդիպումը տեղի է ունեցել Գ. Ծառուկյանի առանձնատան այգում: Ըստ մեր տեղեկությունների՝ փորձել են պարզել, թե Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ նոր կառուցվող երիտասարդական բնակելի թաղամասի ճակատագիրն ինչ է լինելու, որի համար մարզպետը խոչընդոտներ է առաջացրել: Ըստ մեր տեղեկությունների՝ Արարատ Միրզոյանը փորձել է հանդարտեցնել իրավիճակը, որպեսզի մոտ 20 շենքի շինարարությունը, այնուամենայնիվ, կայանա: Բանն այն է, որ Ծառուկյանը հայտարարել էր բնակելի շենքեր կառուցելու իր մտադրության ու սկսված ծրագրերի մասին, սակայն Կոտայքի մարզպետը արգելանքներ է դրել գործընթացի վրա` խոչընդոտելով ներդրումային այդ ծրագրին: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ ինչ հարց է քննարկվել, ասաց. «Ես պարոն Ծառուկյանի առանձնատան այգում երեւէ չեմ եղել, եւ նման ֆորմատով հանդիպում էլ չի կայացել»: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը եւս մեզ հետ զրույցում այս հարցի մասով հայտարարեց. «Նման հանդիպման մասին տեղեկատվության ես չեմ տիրապետում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր է՝ պարետատան նիստերին սկսել է մասնակցել նաեւ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ Նիստերն էլ սկսել է վարել ոչ թե պարետ Տիգրան Ավինյանը, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ասում են՝ սա յուրօրինակ մեսիջ է երկու ուղղությամբ․ մի կողմից Փաշինյանն ուզում է հասկացնել, որ դժգոհ է Ավինյանից՝ նա տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, մյուս կողմից անհանգիստ է, որ պարետի պաշտոնը կարող է ամրապնդել Ավինյանի դիրքերը, եւ ինքն անձամբ վարելով նիստերն ու թույլ չտալով, որ Ավինյանը միանձնյա ղեկավարի կորոնավիրուսի դեմ պայքարը, թուլացնում է նրան։ Մյուս կողմից էլ փորձ է արվում կոտրել նաեւ Արսեն Թորոսյանի «առողջապահական» մոնոպոլիան՝ նրա «ոխերիմ» բարեկամ Նարեկ Զեյնալյանին այս գործընթացին ներգրավելով եւ նրա դերակատարությունը եւս մեծացնելով։ Երեկ ԱԺ-ից պարետատան հերթական նիստին շտապող Նարեկ Զեյնալյանը զարմացավ, երբ ասացինք, որ տեղյակ ենք նիստերին իր մասնակցության մասին։ «Որտեղի՞ց գիտեք․․․ պարետատունն է որոշում՝ ով մասնակցի նիստերին, հրավիրել են, երեկվանից մասնակցում եմ»,- ասաց նա։ Իսկ մինչ այդ Դուք ցանկություն հայտնե՞լ էիք մասնակցել պարետատան նիստերին. «Պարետատունն է որոշում՝ ով ներգրավվի, հիմա հրավիրել են ինձ՝ մասնակցե՞լ։ Մեր տեղեկություններով, ամիսներ առաջ Ձեր հանձնաժողովը կորոնավիրուսի դեմ պայքարի առաջարկների ցանկ է ներկայացրել պարետատանը, երկու փաթեթ։ Դրանցից ո՞ր մասն է ընդունվել եւ իրականացվել. «Շուտ էին ներկայացվել առաջարկները, չեմ կարող ասել՝ որ մասն է ընդունվել, բայց հաշվի առնվել են, մարտի սկզբին է ուղարկվել, մարտի վերջին է ուղարկվել, մեծ փաթեթ է»: Գո՞հ եք, որ մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ. «Մասամբ հաշվի առնվել է»: Ի դեպ, ինչո՞վ է պայմանավորված, որ վարչապետն է սկսել վարել նիստերը. «Չեմ կարող ասել»: Ինչ-որ մեսիջ կա՞ Ավինյանի, Թորոսյանի մասով, որ սկսել է ինքը վարել նիստերը, Ձեզ էլ են հրավիրում. «Էդ ամեն ինչը մեկնաբանություններ ե ն ընդամենը, ենթադրություններ են, չեմ կարող ասել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայկ Մարությանի՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելուց հետո հաճախ են հրապարակումներ եղել այն մասին, որ քաղաքային իշխանությունում խառնաշփոթ է, շատերը չեն կարողանում աշխատել քաղաքապետի եւ նրա թիմի հետ: Ու հենց դա է պատճառը, որ քաղաքապետարանում եւ վարչական շրջանների աշխատակազմերում հաճախ են տեղափոխություններ լինում, եւ աշխատակիցներն ազատվում են իրենց դիմումների համաձայն: Թերեւս դրա վառ ապացույցն այն է, որ քաղաքապետարանի 4 բաժին եւ 7 վաչություն ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ, եւ վաղուց նոր նշանակումներ այդպես էլ չեն լինում՝ տարբեր պատճառաբանություններով: Սակայն պարզվում է՝ անհաշտ մթնոլորտ է նաեւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում, որի հրավիրած նիստերը հաճախ վերածվում են ներքին փոխհրաձգության: Դրանք հաճախ այնքան թեժ են լինում, որ տեւում են մինչեւ ուշ գիշեր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրեր առաջ՝ մայիսի 20-ին տեղի ունեցած խմբակցության նիստն էլի ավարտվել է կեսգիշերն անց: Ըստ տեղեկությունների՝ այդ նիստերի ժամանակ ոչ բոլորն են ենթարկվում խմբակցության ընդհանուր դիրքորոշմանը եւ չեն էլ թաքցնում դա:


Վառ օրինակը երեկ՝ մայիսի 26-ին էր, երբ Երեւանի ավագանու նիստում քննարկվում էր Երկրապահ կամավորական միությանն անհատույց տարածքներ տրամադրելու հարցը: Եվ չնայած գլխադասային հանձնաժողովում այդ հարցը դրական եզրակացություն էր ստացել, սակայն նիստի ժամանակ այն բուռն քննարկվեց մի քանի ժամ, եւ դեմ էին արտահայտվում հենց իմքայլականներից մի քանիսը, որն էլ առաջացրեց անգամ ընդդիմության վրդովմունքը: Նկատենք, որ «Իմ քայլում» իրավիճակն այնքան անվերահսկելի է, որ ավագանու նիստերի սրահի վերջնամասը գրեթե կիսադատարկ է լինում: Երեկ՝ քաղաքային իշխանությունների հետ հարցուպատասխանի վերջում, ներկա էր ավագանու մոտ 9 անդամ: Թերեւս նման երեւույթ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դժվար է պատկերացնել: Պատահական չէ, որ երեկ՝ ավագանու նիստի ժամանակ, երբ կրկին իշխող խմբակցությունից Գրիգոր Երիցյանը շեղվեց օրակարգից, Հայկ Մարությանը նշեց. «Ես ուղղակի հորդորում եմ, ես ուրիշ լծակ չունեմ ձեզ վրա, ինչ ուզում եք, արեք: Ես ուղղակի հիշեցնում եմ, ես չեմ կարող ձեզ դահլիճից հանել, հետ բերել, ո՛չ հյուրասիրել բոլորին կոնֆետներով, ո՛չ մի բան, ո՛չ լավ բան կարող եմ անել, ո՛չ վատ: Օրենսդրական լծակ չունեմ, որպեսզի ձեզ վրա ազդեմ, միայն հորդորն է, գիտակցումը, որ այս օրակարգին վերաբերող հարցեր ենք տալիս»: Մեզ փոխանցեցին, որ արդեն երկար ժամանակ է, ինչ խմբակցությունում այս իրավիճակն է, եւ ամեն ինչ թողել են ինքնահոսի՝ ով ինչպես ցանկանում, քվեարկում է, ով ինչ ուզում, անում է»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հ1-ի արդեն նախկին տնօրեն Մարգարիտա Գևորգյանը թեև ազատվել է այդ պաշտոնից, բայց չի կարողացել կտրվել այնտեղից։ Հ1-ի աշխատակիցները պատմում են, որ այս ընթացքում գնացել է նախկին աշխատավայր, մտել իր աշխատասենյակն ու անգամ աշխատանքային միջամտություններ է արել։ Անգամ ասում են, որ նա Հ1-ում դեռ պահում է իր ազդեցությունը։ Նույնը վերաբերում է «Լուրեր» լրատվական ծրագրի ղեկավար Պետրոս Ղազարյանին, ով նույնպես հրաժարական տվեց «Լուրեր» լրատվական ծրագրի ղեկավարի պաշտոնից։ Ասում են՝ նա շարունակում է ոչ անմիջականորեն, բայց միջնորդավորված ղեկավարել լրատվական բաժինը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի արարողությանը «հեղափոխական էլիտայի» շարքերում իրեն ինչպես ձուկը ջրում զգացող իշխանությունների սիրելի Սամվել Ալեքսանյանը, պատմում են, ապահովել է միջոցառման բարձր տրամադրությունը, անկաշկանդ հումոր է արել, անեկդոտներ պատմել, ապա ինչ-որ պահից ինքը դարձել իշխանականների զվարճանքի գլխավոր «հերոսը»։ Ալեքսանյանին, ով սովորություն ունի զրուցակիցներին «հոպար» ասելու, ինչ-որ պահից հայաստանյան իշխանականները զգուշացրել են, որ էդ բառը ցածրաձայն արտասանի, որովհետեւ տարածքում է նաեւ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով Ազգային ժողովում հայտնի ծեծկռտուքից առաջ Սասուն Միքայելյանին հորդորում էր իրեն «հոպարով» չդիմել, ինչն էլ ավելի էր շիկացրել լեզվակռիվը՝ վերածվելով ձեռնամարտի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը դռնփակ անցկացնելու որոշումը «կոտրել է» հանձնաժողովականներին, որոնք մեծ ցանկություն են ունեցել, որպեսզի քննարկումը բաց լինի: Բանն այն է, որ խորհրդարանական հանձնաժողովը ցանկություն ուներ հանրության աչքի առջեւ բացահայտել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի եւ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ կապված լուրջ տարաձայնությունները, որոնց արդյունքում նույնիսկ «ռազբորկա» էր տեղի ունեցել: Ըստ մեր տեղեկությունների՝ «վերեւներից» է հանկարծակի որոշում կայացվել, որպեսզի նիստը դռնփակ անցկացվի չխայռատակվելու համար: Ու այդ որոշումից հետո հանձնաժողովի անդամները այդքան ոգեւորությամբ չեն մասնակցել քննարկումներին, այլ ուղղակի հարց են հնչեցրել ու սպասել են պատասխանին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ չնայած այն հանգամանքին, որ այն շատ երկար է տեւել, բայց անցել է շատ հանգիստ ու հաշտ մթնոլորտում:


Հանձնաժողովի նիստի ընթացքում փոխնախարար Թամրազյանը շատ սպառիչ պատասխաններ է տվել բոլոր հարցերին, եթե անգամ հնչել են մեղադրանքներ Թամրազյանի գործունեության, վարքի վերաբերյալ, ապա վերջինս փաստեր է պահանջել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Թամրազյանը «հաղթել է» այս քննարկումներում ու պատվով է դուրս եկել իրավիճակից: Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, սակայն նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ նրան հովանավորում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը: Հավելենք նաեւ, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նիստից առաջ գրառում էր կատարել եւ ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով, իր խոսքով, հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ ասելով. «Եթե պարզվի՝ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության»: Նրա հայտտարարությունը միանշանակ չի ընկալվել»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը գրել էր, որ ՊԵԿ-ի իրականացրած մի ստուգում միջգերատեսչական բախման պատճառ է դարձել։ Մասնավորապես՝ նախկին ՏԿՆ, այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառուցվածքում գտնվող «Վարչատնտեսական» ՓԲԸ-ում ՊԵԿ-ը հայտնաբերել էր չարաշահումներ, որը վերաբերում է բառացիորեն «նախորդ դարին»։ Ստուգմամբ առկա է եղել մոտ 80 միլիոն դրամի անհամապատասխանություն։ Այդ կառույցի ղեկավարը եղել է ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի եղբայրը։ Հաշվի առնելով այդ հանգամանքը և վաղեմության ժամկետը՝ նախարար Հակոբ Արշակյանը գրավոր առարկություններ էր ներկայացրել և բողոքարկել ստուգման ակտը։ ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, սակայն, 5/1 ձայների հարաբերակցությամբ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի եղբորը, ըստ էության, համարել էր պատասխանատու 80 միլիոն դրամի չարաշահման հարցում։ Եվ թեև ՊԵԿ-ն անդրդվելի էր մնացել և մերժել էր նախարարության գանգատը, սակայն, «Ժամանակ»-ի տեղեկություններով, Ցոլակյանի եղբոր նախկին աշխատատեղում ստուգում իրականացրած տեսուչը օրերս գրավոր նկատողություն է ստացել։ Պատճառը թերևս այն է, որ կա՛մ ՊԵԿ-ում վստահ են, որ կպարտվեն, եթե երբևէ բողոքը հասնի դատարան, կա՛մ իրենց ապահովագրում են հնարավոր փոփոխություններից՝ երբ կարող է վերստուգվել ամբողջ «հեղափոխական» փաստաթղթակազմությունը»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող» Արսեն Երեւանսկուն բերման ենթարկելու դեպքից: Մեր տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է Արսեն Երեւանսկուն եւ այդ եղանակով է պարզել, թե նա ինչ է արել այս ընթացքում, ում հետ ինչ հարցով է զրուցել, եւ դուրս է եկել հետքին: Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 21-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով, ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր բերման ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը: ԱԱԾ-ն չէր մանրամասնել, թե ինչի համար է Արսեն Մկրտչյանը կոնկրետ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպել, եւ այդ հավաքներով ինչի է փորձել հասնել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, նա փորձել է խառնվել Սյունիքի մարզում վերջերս տեղի ունեցած դեպքերին, համայնքների ղեկավարների տների խուզարկություններին: Երեւանսկին փորձել է նաեւ նախկին ու ներկա ղեկավարների միջեւ առաջացած տարաձայնությունը հարթել, այսպես ասած, «բարիշեցնել» կողմերին, ինչն էլ Ազգային անվտանգության ծառայությունը համարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հավաքների կազմակերպում: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա նման հարցեր է կարգավորել ոչ միայն Սյունիքի, այլ նաեւ Գեղարքունիքի մարզում, ընդ որում՝ բոլոր դեպքերում դա արել է ուղիղ հեռախոսակապի միջոցով զրուցելիս, եւ հենց այդ պատճառով էլ ԱԱԾ-ն կարողացել է գաղտնալսել նրան եւ բերման ենթարկել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրենքով գող» Արսեն Երեւանսկու նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Այս մասին ArmLur.amի հետ զրույցում հայտնեց վերջինիս պաշտպան Վարդուհի Էլբակյանը՝ նշելով, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, առաջին կարգի հաշմանդամ է, եւ առողջական վիճակը օր օրի ավելի է վատթարանում: Նշենք, որ «օրենքով գողին» պահում են «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում կամ բոլորին հայտնի ԿԳԲ-ի «պադվալում»: Ըստ պաշտպանի՝ նրա առողջականի մասով միջնորդություններ են նախապատրաստվում, որոնց մասին կներկայացնեն մի փոքր ուշ: Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին: Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը: Վերոնշյալ անձանց բնակարաններում եւ ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաեւ քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ: Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, համավարակով պայմանավորված՝ երկրում բոլոր զանգվածային միջոցառումներն ու մարդաշատ վայրերում նախատեսված գործընթացները դադարեցվել են, այդ ամենի հետ կապված առկա է հանրապետության պարետի համապատասխան որոշումը (որոշումները)։ Մյուս կողմից՝ դեռեւս հայտնի չէ, թե որքան կշարունակվի այս վիճակը: Այդ իսկ պատճառով խնդիրներ են առաջացել նաեւ համապետական միջոցառումների անցկացման առումով: Օրինակ՝ արդեն պարզ է, որ սահմանադրական հանրաքվեն չի անցկացվի։ Իշխանություններն արդեն իսկ պատրաստել են նախագծերի փաթեթ, որը հնարավորություն է տալիս արտակարգ կամ ռազմական դրության ընթացքում չեղարկել արդեն նշանակված հանրաքվեն: Մինչ այդ էլ վարչապետն էր նշել, որ գոնե մեկ տարի հանրաքվեն անցկացնել հնարավոր չի լինի: «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, իշխանությունները նախնական որոշում են կայացրել անժամկետ դադարեցնել նաեւ այս տարի նախատեսված բոլոր ՏԻՄ ընտրությունները։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս առիթով ԿԸՀ նախագահի հետ կառավարությունում քննարկում է տեղի ունեցել, թե ինչպես է հնարավոր ընտրությունները գոնե մեկ տարով հետաձգել հատկապես խոշորացման ենթակա համայնքների մասով։ Մեր ունեցած տեղեկություններով, ներկայումս իշխանությունները իրավական համապատասխան հիմքեր են փնտրում՝ ընտրությունները հետաձգելու եւ լիազորություններն ավարտած համայնքապետների խնդիրը կարգավորելու համար»:


«Փաստ» թերթը գրում է. «Արտուշ պապի պատմության ընթացքը ապրիլի 24-ից սկսյալ ծանր տպավորություն թողեց: Բայց այստեղ խնդիրն այն չէ, որ կեսգիշերին «վարչապետի հանձնարարությամբ» մարդուն տանում են Ծիծեռնակաբերդ, որ նրա տան վերանորոգումից հետո հայտնվեց Արտուշ պապի ու նրա դստեր, թե թոռան դժգոհության տեսանյութը, նույնիսկ այն չէ, որ գումար տվողները հետո այցելել են պապին ու ստիպել ասել, որ գումար ստացել է այնուամենայնիվ: Մի խոսքով՝ մատի փաթաթան: Ընդհանուր առմամբ այս ամենը տհաճ տպավորություն թողեց, անհասկանալի երեւույթներ շատ կային, հարցականներ եւս: Խնդիրն այս պարագայում այլ հարթության մեջ է: Այս պատմությունը չափազանց խորհրդանշական է առաջին հերթին արհեստական PR-ի տեսակետից, երբ մարդուն, քաղաքացուն, նրա վիճակն օգտագործում ես սեփական քարոզչական նպատակներով: Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ հիանալի է, երբ լուծվում են Արտուշ պապի կամ Մեխակի հարցերը, սակայն երբ դրանք անհատական օրինակներ են, իսկ նման վիճակում գտնվող տասնյակ հազարավոր մարդիկ չգիտեն՝ ինչպես լուծեն իրենց հարցը, քանի որ չեն հայտնվել Ծիծեռնակաբերդի կամ վարչապետի ճանապարհին, տպավորությունը, մեղմ ասած, այլ է լինում: Սա՝ մեկ: Մյուս կողմից՝ մեր հանրության արձագանքը Արտուշ պապի հանդեպ մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ «հերոսացումից» «դավաճանի» պիտակ ընդամենը կես քայլ է: Մեկ ամիս առաջ բոլորը հոգատարության ցույցեր էին անում, պահանջներ դնում, իսկ հիմա նույն այդ մարդիկ հայհոյում են տարիքն առած մարդուն: Այդպես նաեւ հասարակական, առավել եւս քաղաքական հարաբերություններում է: Այնպես որ, այսօրվա սերը վաղը կարող է ատելության վերածվել, ավելին՝ առավոտվա սերը արդեն երեկոյան կարող է ատելության վերածվել: Նման օրինակներ շատ ունենք, ու ոչ միայն վաղ անցյալում: Այնպես որ, այս հանգամանքն աչքի առջեւ պիտի ունենան բոլորը, հատկապես մեծամտության ու անսխալականության բարդույթով տառապողները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է։ Կրակոցը հնչել է Նախիջեւանի կողմից՝ սահմանի այն հատվածից, որտեղ 2018-ից հետո հակառակորդն իր դիրքերն առաջ էր բերել։ Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին եւս նման դեպք էր եղել՝ հակառակորդի կրակոցից այրվել էր զորամասի հրամանատարի տեղակալի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան։ Երկու դեպքում էլ, բարեբախտաբար, զոհեր չկան։ Վերջին դեպքը տեղի է ունեցել Վայոց ձորի Արենի գյուղի մերձակայքում։ Փաստորեն, հակառակորդի համար լավ տեսանելի եւ հասանելի է դարձել մեր դիրքերի տեղաշարժը։ Պաշտպանության նախարարության լրատվականից պաշտոնապես չմեկնաբանեցին կատարվածը, սակայն նախարարությունից հաստատեցին լուրը։ Փոխանցեցին, որ հակառակորդը կրակել է խոշոր տրամաչափի, հաստոցավոր գնդացրից (Դե-Շե-Կա), վարորդները հասցրել են հեռանալ, իսկ մեքենաները լիովին այրվել են եւ այլեւս օգտագործման ենթակա չեն»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ լայնորեն լուսաբանվեց, որ այսօր ՄԻԵԴ-ը հրապարակելու է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը, որով արձանագրվել է՝ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Սպասելի էր, որ Ադրբեջանն ինչ-որ կերպ կարձագանքի դրան, ու թեեւ պաշտոնական արձագանքները, կարելի է ասել, որ չկային, սակայն դրան զուգահեռ ակտիվ էին Ադրբեջանի հետ կապ ունեցող հաքքերական խմբերը, որոնց թիրախում, ինչպես միշտ, հայկական ԶԼՄ-ներն ու հատկապես Արցախում բիզնես ծավալող ընկերությունների կայքերն էին։ Մասնավորապես, երեկ հարձակման հետեւանքով news.am կայքում հայտնվել են ադրբեջանական սիմվոլներ եւ գրություններ, նմանաբովանդակ խնդիրներ են ստեղծել կրիպտոարժույթի առեւտրով զբաղվող եւ Արցախում եւս գործող tetchange.com կայքի եւ այլ համացանցային ռեսուրսների վրա։ Չնայած գործող միջազգային օրենսդրությանը ու կիբերհանցագործությունների դեմ պայքարի միջազգային նորմերի առկայությանը՝ արեւելյան հարեւանի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող հաքքերային խմբերը հատուկ օրերի շարունակում են կիբերհանցագործություններ իրականացնել, ինչը պետք է ստիպի մեր երկրին ավելի լուրջ ուշադրություն դարձնել վերոնշյալ հարցերին»։


 


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...