Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ COVID-19 գլոբալ համաճարակի պայմաններում Ֆրանսիայում 2020թ. մայիսի 11-ից հայտարարված աստիճանական ապամեկուսացման ժամանակահատվածում առողջապահական, սանիտարական անվտանգության նկառատումներով և համավարակի տարածումը հյուպատոսական ընդունելության ընթացքում հնարավորինս կանխելու նպատակով՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական ընդունելությունն իրականացնում է հետևյալ կարգով.
«Ներկայիս համավարակը հաշվի առնելով՝ հյուպատոսական հետևյալ ծառայությունները.
– անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգում,
– հարցման հիման վրա և առանց հարցման ձևակերպվող տեղեկանքների տրամադրում, այդ թվում՝ ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքը,
– ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքը, քաղաքացիության մասին տեղեկանքը,
ընդունվելու և պատրաստ գործերը քաղաքացիներին, ներառյալ՝ Փարիզում, փարիզյան շրջանում և դրա մերձակա քաղաքներում բնակվող քաղաքացիներին են տրամադրելու, բացառապես փոստային ծառայության միջոցով:
Ընդ որում, անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգման դիմումները փոստով կընդունվեն անձի ինքնությունը տեսակապի միջոցով նախօրոք ստուգելու դեպքում: Տվյալ գործերի համար դիմումները պետք է ուղարկել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին հետևյալ փոստային հասցեին՝ Ambassade d’Arménie, Service consulaire, 9, rue Viète 75017 Paris
Նոտարական գործարքները (լիազորագրեր, փաստաթղթերի հաստատում) և անձնագրային գործերը, որոնց համար քաղաքացու ներկայությունը դեսպանությունում պարտադիր է, սպասարկվելու են միմիայն դեսպանության հյուպատոսական բաժնի հետ նախօրոք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով (հեռ. 01.42.12.98.02, էլ. փոստ՝ [email protected]; [email protected]) կապ հաստատելու և դեսպանության կողմից նշանակված հանդիպման դեպքում:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ընդունվելու են միայն սովորական անձնագրային, ոչ կենսաչափական անձնագրերի դիմումները:
Առողջապահական, հակահամաճարակային նպատառումներով՝ դեսպանության հյուպատոսական ընդունելությունն իրականացվելու է դեսպանության շքամուտքից: Ուստի խնդրում ենք նոտարական և անձնագրային գործերի դեպքում դեսպանություն ներկայանալ պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթով՝ տեղում փաստաթղթեր լրացնելուց, պատճենելուց, էլեկտրոնային վճարում կատարելուց և տևական ներկայությունից զերծ մնալու համար: Բազմամարդ հերթերից խուսափելու նպատակով՝ խնդրում ենք նկատի ունենալ, որ առանց նշանակված հանդիպման, գործերը չեն ընդունվելու:
Խնդրում ենք դեսպանություն ներկայանալիս պարտադիր կրել հիգիենիկ դիմակ, ձեռնոցները խիստ ցանկալի են: Խնդրում ենք ձեռնպահ մնալ մանկահասակ երեխայի/երեխաների ուղեկցությամբ դեսպանություն ներկայանալուց:
COVID-19-ի ախտանշաններով չնչին վատ ինքնազգացողության դեպքում ակնկալում ենք ձեր բարձր ինքնագիտակցությունը՝ խնդրելով ձեռնպահ մնալ դեսպանություն ներկայանալուց և հեռախոսով հետաձգել հանդիպումը:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել դեսպանության հյուպատոսական բաժին 01.42.12.98.02 կամ գրել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեներին՝ [email protected]; [email protected]», – ասված է հաղորդագրության մեջ: