23.11.2024
Անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն. Արթուր Վանեցյան
prev Նախորդ նորություն

«Հանրաքվեի մասին» օրենքը կփոխվի. արտակարգ դրություն հայտարարելուց հանրաքվեն կկասեցվի

Կառավարության մայիսի 21-ի նիստում հավանության արժանացավ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծը:


Նախագծով առաջարկվում է, որ այն դեպքերում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով:


Ըստ նախագծի՝ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ: Հանրաքվեն վերսկսվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով:


Նախագծով նախատեսված է, որ արտակարգ կամ ռազմական դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը ընդունում է հրամանագիր, որով նշանակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը և քվերակության օրը, որը պետք է լինի կիրակի:


Վերսկսված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվա և քվեարկության օրվա միջև ժամանակահատվածը չի կարող պակաս լինել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի կասեցման օրվանից մինչև քվեարկության օրն ընկած ժամանակահատվածից:


Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է պատճառաբանված որոշմամբ փոփոխելու առանձին գործողությունների կատարման ժամկետների հաշվարկը՝ պայմանավորված վերսկսված հանրաքվեի պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ և սահմանելու վերսկսված հանրաքվեի գործընթացի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների նոր ժամանակացույց: