Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին:
Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, պետական աջակցությունը կուղղվի բնակարանի կանխավճարի ֆինանսավորմանը։
«Աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխաներ, իսկ բնակելի անշարժ գույքը ձեռք կբերեն 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:
Երկու երեխա ունենալու դեպքում՝ անշարժ գույքի առավելագույն գինը 30 մլն. դրամն է, որն կավելանա ընտանիքում առկա յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով՝ ևս 5-ական մլն. դրամով:
Քաղաքացու կողմից կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակարանի արժեքի առնվազն 10 %-ն է, առաջնային շուկայից ձեռք բերվող գույքի դեպքում՝ արժեքի առնվազն 7,5 %-ը:
Մարզային բնակավայրերում ձեռք բերվող բնակարանի դեպքում՝ պետության կողմից միանվագ դրամական աջակցության չափը կկազմի ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 %-ի չափ, բայց ոչ ավելի, քան 1 մլն. դրամը: Յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում աջակցության չափը կավելանա բնակարանի արժեքի ևս 5 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը։ Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կկազմի 2 մլն դրամ։
Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելանում է 30 %-ով: Այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կկազմի 2,6մլնդրամ։
Հիպոտեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում՝ պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման։
Քաղաքացին, որպես շահառու, միանվագ դրամական աջակցության ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ։
Նշենք, որ 2020 թ.-ի պետական բյուջեով նպատակային այս ծրագրերի համար արդեն նախատեսվել է դրամական աջակցություն 245 շահառուի համար:
Ուշադրություն. Ծրագիրը մեկնարկում է 2020 թ-ի հուլիսի 1-ից: Ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմել պետք չէ: Քաղաքացին պետք է դիմի այն բանկ կամ վարկային կազմակերպություն, որից պատրաստվում է հիպոտեքային վարկ վերցնել»,- ասված է հաղորդագրության մեջ: