Շինարարական բում է սպասվում. վարչապետը կոչ արեց ընկերություններին պատրաստվել դրան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ կոչ արեց շինարարական ընկերություններին պատրաստվել մեծ ծավալով շինարարության, քանի որ պետությունը 100 ծրագիր է կյանքի կոչելու:
«Որպես հակաճգնաժամային միջոց պատրաստվում ենք մեկնարկել 100 կապիտալ նախագիծ՝ կրթական, մշակութային, սպորտային առողջապահական օբյեկտների կառուցման», - ասաց Փաշինյանը՝ հետաքրքրվելով, թե ինչ փուլում են այդ աշխատանքները:
«Առաջիկա 2 օրերի ընթացքում կհայտարարվեն 8 մոդուլային դպրոցների կառուցման մրցույթները», - ի պատասխան ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ այս բոլոր ծրագրերը կտեւեն 2-2,5 տարի և կարժենան 60 մլրդ դրամ:
«Այս աշխատանքները տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման հիմք կդառնան»,-ասաց Ղուլարյանը:
Մինչեւ սեպտեմբեր բոլոր մրցույթները հայտարարվելու են, ազդարարեց վարչապետը՝ նշելով, որ շինարարական կազմակերպությունները պետք է փնտրեն գտնեն աշխատողների, որպեսզի ձեւավորեն ներուժ այդ մրցույթներին մասնակցելու եւ հաղթելու համար: