Եթե այս տեմպը շարունակվի, դա կարող է նոր սահմանափակումների գնալու պատճառ դառնալ. Փաշինյան
Ամեն օր Հայաստանում արձանագրվում են կորոնավիրուսով վարակման հարյուրից ավելի նոր դեպքեր: Եթե այդ տեմպը շարունակվի, դա կարող է նոր սահմանափակումների գնալու պատճառ դառնալ: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով խստիվ հետևել կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու հակահամաճարակային կանոններին:
Վարչապետը նշեց, որ քանի որ կորոնավիրուսը նվազագույնը մեկ տարի մեր կողքին է լինելու, պետք է սովորենք ապրել զուգահեռ: Եվ երեք բաղադրիչ՝ սոցիալական հեռավարության պահպանում, չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչելը, չմաքրված սպասքից չօգտվելը հնարավորություն են ստեղծում չվարակվելու և չվարակելու.
«Փողոցում տեսնում եմ իրար ձեռքով բարևող մարդկանց, իրար շատ մոտ կանգնած զրուցող մարդկանց. սա շատ մեծ խնդիր է: Կոչ եմ անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին»,- ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ սահմանափակումները փուլային տարբերակով հանվում են, բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է որոշակի կանոններ պահպանի: Այլապես այսօրվա տեմպերով, հավելեց նա, կարող են շատ լուրջ ճգնաժամի առաջ կանգնել:
VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 13-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք և 1 մահ: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3718-ի, որոնցից 1500-ը` առողջացած, 48-ը` մահվան ելքով: