Պատգամավորի նկատմամբ բռնություն գործադրած և վրաերթի փորձ կատարած անձը ձերբակալվել է
13.05.2020
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հրապարակել է տեսանյութ՝ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին սպառնալիքներ հնչեցրած անձին բերման ենթարկելուց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 11-ին Ազգային ժողովի պատգամավորներից մեկը ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ, կապված իր աշխատանքային գործունեության հետ, նույն օրը Բաղրամյան պողոտայում անհայտ անձը հեծանիվով փորձել է իրեն վրաերթի ենթարկել, ինչից հետո իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ ու սեռական բնույթի հայհոյանքներ։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են այդ անձի ինքնությունը, որը մայիսի 12-ին Հրազդանի կիրճում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Էջմիածնի բնակիչ, 40-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե։ Կատարվում է նախաքննություն։