Դատապարտում եմ բռնության ցանկացած երեւույթ՝ իր բոլոր դրսեւորումներով։ Ուզում եմ ընդգծել՝ բռնությունը իր բոլոր դրսեւորումներով։ Այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ նիստում այսպես սկսեց իր ելույթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խորհրդարանում ժամեր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքին:
Նա շնորհավորեց Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի, ինչպես նաեւ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի 2-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ իր ելույթը պետք է վերաբերեր կառավարության ծրագրի 2019 թվականի կատարողանի արդյունքների մասին զեկույցին: «Սակայն չեմ կարող չանդրադառնալ այն ամենին, ինչ տեղի ունեցել այս դահլիճում եւ այսօր առավոտյան տեղի ունեցավ մեր բոլորի աչքիս առաջ», - ասաց նա։
Նա դատապարտեց եմ բռնության ցանկացած երեւույթ՝ իր բոլոր դրսեւորումներով։ «Ուզում եմ ընդգծել՝ բռնությունը իր բոլոր դրսեւորումներով։ Որովհետեւ բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլեւ՝ բռնությունը լինում է բարոյական, բռնությունը լինում է հոգեբանական։ Պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն 2 տարի՝ հեղափոխական թիմը՝ այդ թվում այս խորհրդարանական մեծամասնությունը եւ այս կառավարությունը հետեւողականորեն եւ շարունակաբար ենթարկվում է բարոյական ու հոգեբանական բռնությունների», - ասաց Փաշինյանը։
Նա նկատեց, որ խորհրդարանական մեծամասնության՝ կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյա:
Այս ամենը, նրա խոսքով, ունի 1 նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը եւ քայքայել ժողովրդի եւ քաղաքական մեծամասնության միջեւ առկա մեծամասնությունը։
Նա հիշեցրեց, որ մայիսի 7-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն իրեն հրավիրել է սուրճ խմելու, որը նա ընդունել է: «Ես ընդունել եմ հրավերը, ես ինքս իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում եւ ուղիղ ասել եմ, որ այո՛, պարոն Մարուքյան՝ մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ դուք եւ ձեր գործունեությունը այդ ողջ հոգեբանական, բարոյական բռնությունները եւ ի վերջո ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժանելի մասն եք»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ իրենց «ուզում են հանել հավասարակշռությունից, շեղել իրենց արժեքներից, խեղճացնել քաղաքական մեծամասնությանը և քայքայել այն»։ Նա դատապարտեց միջադեպն ու ասաց, որ դա «քստմնելի սադրանք է»։