24.11.2024
Դուք Շուշիի ազատագրման օրվա խորհրդանիշն եք. Արմեն Սարգսյանը` Արկադի Տեր-Թադևոսյանին
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը բացահայտել է սոցցանցերի միջոցով իրականացվող ապօրինի ձեռնարկատիրության դեպք

Կոմիտեն քաղաքացիներին հորդորում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուց առաջ ստանալ պետական գրանցում և հաշվառվել հարկային մարմիններում: Այդ մասին հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից:


ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, անօրինական ձեռնարկատիրության դրսևորումները բացառելու նպատակով, ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող ապօրինի ձեռնարկատիրության դեպք։ Ըստ օպերատիվ տվյալների, քաղաքացին առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, օնլայն հարթակում զբաղվում է սննդային հավելումների գովազդով ու վաճառքով:


Վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Մասնավորապես, ծածկագրված գնորդի միջոցով տարբեր դեպքերով կատարված գնումներով հիմնավորվել է քաղաքացու ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը: Վերջինս իրացրել է հայտնի ապրանքանիշի սննդային հավելում` «ձկան յուղ»:


Փաստի առթիվ վարչությունում կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ, կազմված նյութերը ներկայացվել են համապատասխան ստորաբաժանում՝ օրենքով սահմանված կարգով քաղաքացուն վարչական պատասխանատվության ենթարկելու համար:


ՀՀ պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ապօրինի առևտրային գործունեությունից, իսկ առցանց հարթակի միջոցով ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում պարտադիր ստանալ պետական գրանցում և հաշվառվել հարկային մարմնում՝ խուսափելու համար հետագա վարչական կամ քրեական պատասխանատվությունից: Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ համացանցի միջոցով ՀՀ ռեզիդենտների կողմից կատարվող առևտրային գործարքների օրինականության մշտադիտարկում և վերահսկողություն է իրականացվում: