Արցախի նոր կառավարության կազմը ուրվագծվում է. ովքե՞ր կհեռանան
Ուրվագծվում է Արցախի նոր կառավարության կազմը: Ինչպես գրում է InfoPort.am-ը, հղում անելով արցախյան իր աղբյուրներին, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը չի պահպանի իր պաշտոնը:
Ըստ աղբյուրի, նրան այդ պաշտոնում ամենայն հավանականությամբ կփոխարինի «Ազատ Հայրենիք»-ՔՄԴ դաշինքի երկրորդ համար Կարեն Դանիելյանը: Չնայած, ինչպես նշում է աղբյուրը, նրա թեկնածության շուրջ դեռ վերջնական որոշում չկա: «Եթե պետնախարարի պաշտոնի համար նոր թեկնածու ի հայտ գա, ապա Դանիելյանը կնշանակվի կա՛մ արդարադատության նախարար, կա՛մ նախագահի աշխատակազմի ղեկավար»,- նշել է աղբյուրը:
Հստակ որոշված է, թե ով է լինելու կրթության նախարար. այդ պաշտոնին կնշանակվի «Ազատ Հայրենիք»-ՔՄԴ դաշինքի 14 համար Լուսինե Ղարախանյանը: Իսկ «Հայրենիք» ֆրակցիայի անդամ Արամ Սարգսյանը կտեղափոխվի գործադիր` զբաղեցնելով քաղաքաշինության նախարարի պաշտոնը:
Ինչ վերաբերվում է նրան, կկազմի արդյոք հաղթող ուժը կոալիցիա որևէ կուսակցության հետ, ապա, ըստ շրջանառվող լուրերի, կոալիցիա չի լինի, հնարավոր է կնքվի համագործակցության հուշագիր, սակայն այդ հարցը վերջնական կհստակեցվի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների երկրորդ ռաունդից հետո միայն: