24.11.2024
Մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգին և «Եռաբլուր» պանթեոնը փակ են լինելու
prev Նախորդ նորություն

Փաշինյանն արձագանքեց ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի հայտարարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 6-ին Ազգային ժողովում արձագանքեց ԼՂ հակամարտության վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ բանակցային գործընթացում փուլային տարբերակի քննարկման մասին հայտարարությանը:


«Արցախի հարցում Հայաստանի կառավարության դիրքորոշումը գոյություն ունի անկախ նրանից թե աշխարհում էլ ինչ մոտեցումներ կան այդ խնդրի վերաբերյալ», - անուղղակի արձագանքեց Փաշինյանը՝ հավելելով, որ բանակցային գործընթացի ողջ իմաստն այն է, որպեսզի «պատասխանենք մի հարցի՝ կարո՞ղ ենք արդյոք մոտեցնել մեր դիրքորոշումները, կարո՞ղ ենք արդյոք ձևակերպել ընդհանուր դիրքորոշում»:


Նա նկատեց, որ հիմնախնդրի կարգավորման որևէ տարբերակ չի կարող կյանքի կոչվել, եթե այն ընդունելի չէ Արցախի ու Հայաստանի հասարակությունների համար: «Եթե լուծման որևէ տարբերակ լինի, որ մենք համարենք սկզբունքորեն ընդունելի, ապա այն կներկայացնենք ու կքննարկենք: Քանի դեռ նման բան չկա, մնացածն ուղղակի դիրքորոշումներ են», - եզրափակեց նա:


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-ին Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի ակումբի անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ Ղարաբաղյան բանակցությունների սեղանին դրված են փաստաթղթեր, որոնցով առաջարկվում է հակամարտության փուլային կարգավորում:


Նույն օրը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կառավարության մամուլի սրահում արձագանքեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:


Նախարարն ընգծել է, որ բանակցային գործընթացի հիմնարար սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային է։ «Ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունք՝ առանց սահմանափակումների», - ասել է նա՝ ընդգծելով, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել և չեն լինելու։


«Հայկական կողմերը չեն ստանձնելու որևէ նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում։ Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որոնց մեջ հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն անվտանգության և ստատուսի տարրերի», - ասել է Հայաստանի ԱԳ նախարարը։