24.11.2024
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3500 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Գալու է մի օր, որ մենք չենք կարողանալու գնալ յուրաքանչյուր դեպքի հետևից. նախարար

Գալու է մի օր, որ մենք չենք կարողանալու գնալ յուրաքանչյուր դեպքի հետևից, այդ թվում նաև իմաստ չի ունենալու փակել որևէ բնակավայր: Եվ մեր ամբողջ խնդիրն այս ընթացքում եղել է այդ օրը հեռվացնելը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Նա նշել է, որ երբ այդ օրը հեռվանա, գալու է այն երկրորդ տարբերակը, որ նույնիսկ չեն փորձելու թեթև և ասիմպտոմ դեպքերին, անգամ դրական պատասխան ունենալուց հետո, հոսպիտալացնել կամ պահել հյուրանոցներում, այլ գնալու են միայն զուտ լուրջ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին բուժելու հետևից:


«Բարդություններից մեկը նաև այն է, որ ծայրերը չեն երևում... Այս պահին մեկուսացման մեջ է մոտավորապես 2200 հոգի, և մոտավորապես 2 հազար հոգի էլ արդեն դուրս է եկել մեկուսացումից, էլ չեմ հաշվում ինքնամեկուսացումները, որոնք այս պահին մոտավորապես 3 հազար հոգի են: Այսինքն` մենք տասնյակ հազարի հասնող մարդկանց մասին ենք խոսում, և իհարկե հնարավոր է լինեն բացթողումներ, որովհետև մեր ռեսուրսները անսահմանափակ չեն, և նույնիսկ եթե այդ ռեսուրսները լինեին, հնարավոր չէ այդ ամենը լոգիստիկ առումով այնպես կազմակերպել, որ որևէ բացթողում չլինի: Բացթողում նկատի ունեմ, ասենք, որևէ դեպքի որևէ կոնտակտ, որը հնարավոր է և դրական լինել»,- ասել է նախարարը:


Անդրադառնալով անցած շաբաթվա տվյալներին, նա նշել է, որ Հայաստանում արձանագրվել է 407 նոր դեպք, 253 առողջացած, 6 մահ։


Հարցին՝ կարո՞ղ է ասել, որ Հայաստանում վարակի տարածումը դեռևս չի հասել պիկին, որ դեռ հնարավոր են նոր բռնկումներ, Արսեն Թորոսյանն արձագանքել է.


«Պիկ ասվածը շատ հարաբերական է, որովհետև կարող են լինել նաև պիկեր: Դժվար է ասել` երբ կլինի պիկ, և կլինի արդյոք այդ պիկը, որ մենք պատկերացնում ենք»:


Նախարարը հավելել է, որ կորոնոավիրուսի տարածման տեմպերը բացարձակ թվերով ավելանում են, բայց տոկոսները նույնն են, և քանի որ բազան մեծանում է, հետևաբար թվերն էլ են մեծանում։