ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. որոշ մարզերում ձյուն է տեղում. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Գեղարքունիքի մարզում ճանապարհները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Սյունիքի (բացի Կապան և Մեղրի քաղաքներից) և Գեղարքունիքի մարզերում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։