1915-ին մարդ-կորոնավիրուսները, որոնք կոչվեցին թալեաթներ, էնվերներ, ուզեցին հայ ժողովրդին դագաղի մեջ դնել, բայց պատմությունը վկայում է, որ իրենք դագաղի մեջ դրվեցին: Որքան էլ ժամանակը մեզ հեռացնում է 1915 թվականից, մեր ժողովրդի իրավունքների հետանդումը նոր նվաճումներ ու հաջողություններ է արձանագրում: Այս մասին ապրիլի 24-ին Անթիլիասի վանական համալիրում պատարագի ժամանակ իր խոսքում նշել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:
Նա նշել է, թեև համաճարակի պատճառով մեր ժողովուրդը չի կարող համախումբ ներկայությամբ իր հավաքական վճռականությունն արտահայտել, բայց մեր ժողովրդի զավակները սոցիալական ցանցերով, մոմավառությամբ, զանգակներ հնչեցնելով հիշեցին ու աշխարհին հիշեցրին, որ անպատիժ մնացած ցեղասպանություն կա:
«Հայ դատը հայ ժողովրդի դատն է, հետևաբար Հայ դատը մենք պետք է շարունակենք համահայկական մասշտաբով: Մեն ժողովրդի արդար իրավունքները պետք է քաղաքական եւ իրավական հիմնավորումներով հետապնդել միջազգային շրջանակներում:
Պետք է լինել իրապաշտ: Դժբախտաբար այսօրվա աշխարհը իրավունքներից հեռու է: Այսօրվա աշխարհաքաղաքական պայմանները, այսօրվա քաղաքական դասավորումները հիմնված են ազգերի ու գերտերությունների տնտեսական ու քաղաքական շահերի վրա: Մարդու իրավունքների հռչակագիրը, դժբախտաբար թղթի վրա է մնացել: Ազգերի իրավունքները, աստվածատուր արդարությունը մարդկային կյանքի լուսանցքում է գտնվում: Հետեւաբար մեր մոտեցումը պետք է լինի իրապաշտ: Մեր դատի այժմեականացումը, քաղաքական ու իրավական հիմքերով աշխարհի առջեւ պարզելը հրամայական է: Այսօրվա աշխարհի լեզվով, մոտեցումով պետք է մեր Դատը ներկայացվի ազգերին: Եվ այստեղ իր դերն ունի ինչպես Հայաստանի պետությունը, այնպես էլ Սփյուռքը:
Հայաստանը որպես պետություն իր մոտեցումներով, իր շեշտադրումներով, իր մարտավարական ու ռազմավարական մոտեցումներով, եւ Սփյուռքի իրեն հատուկ մոտեցումներով: Այս գիտակցությամբ պետք է շարունակենք մեր Դատի հետապնդումը միջազգային շրջանակներում՝ ընդարձակելով մեր բարեկամների շրջանակը:
Մեր ժողովուրդը միայն Ցեղասպանության դատապարտում չի պահանջում, այլ պահանջում է նաև հատուցում, մեր հողերի վերադարձ: Մենք իրավազրկված ժողովուրդ ենք, մեր պապենական հողերից արտաքսված ժողովուրդ ենք: Մենք չենք կարող Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան պատմության փոշիների տակ ծածկված պահել: Մենք պահանջատեր ենք:
Ցեղասպանությունն այսօր էլ շարունակվում է, երբ ներկայիս Թուրքիան գրաված է պահում մեր հազարավոր վանքերը, եկեղեցիները, ազգապատկան կալվածքները: Ցեղասպանությունը շարունակվում է, երբ Թուրքիան մեր կալվածքների, շինությունների ինքնությունը փոխում է, եւ ամեն տեսակ հայկական հետք զանազան ձեւերով փորձում է ջնջել: Ո՞ւր է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ուրէ միջազգային կարծիքը, միջազգային դատարանները: Ցեղասպանությունը շարունակվում է, երբ Թուրքիան շարունակում է իր հակահայ եւ ուրացումի քաղաքականությունը: Մենք իրավունք չունենք լուռ մնալու:
Պահանջատիրությունը մեր ժողովրդի համար լոզունգ չէ, դա ամենօրյա ապրում ու տագնապ է: Մենք Թուրքիայից ցավակցություն, երկխոսություն չենք պահանջում, այլ միայն արդարություն՝ միջազգային օրենքի համաձայն: Թուրքիան պետք է փոխհատուցի եւ սա միայն իմ կարծիքը չէ, այդպես է ասում միջազգային օրենքը»,- հայտարարել է Արամ Ա-ն ու կոչ արել հայ ժողովրդի բոլոր զավակներին վերանորոգելու մեր պահանջատիրական կամքն ու հանձնառությունը: