Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 21-ին կառավարության մամուլի սրահում արձագանքեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե արդեն մեկ տարի է ղարաբաղյան հակամարտության բանակցաին սեղանին դրված են կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր:
Մնացականյանը նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, վարչապետ Փաշինյանը եղել են առավել, քան թափանցիկ։ «Մեր դիրքորոշումները արտահայտել ենք շատ պարզ ձևով», - ասել է նա՝ հավելելով, որ չի եղել մի դեպք, որ բանակցություններում քննարկեն մի բան, իսկ հասարակությանը ներկայացնեն մեկ այլ իրողություն:
«Այո, (Լավրովի - խմբ․) մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի՝ Քի Վեսթից մինչև վերջերս։ Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014թ․, 2016-ին, և այդ մոտեցումները ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018-ից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկման, գնահատման վերաբերյալ։ 2014թ․ առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ», - ասել է նա։
Մնացականյանի խոսքով, հայկական Երևանը հստակ ասել է՝ հայկական կողմերի համար անվտանգության բաղադրիչը գերակա է։ «Այն, ինչ վերաբերում է տարածքներին, ամենից բացի, դա անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր։ Որևէ հայկական կողմ չի կարող ենթադրել, որ հնարավոր է դա վերանայել՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը, անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը», - ասել է ԱԳ նախարարը։
Նախարարն ընգծել է, որ բանակցային գործընթացի հիմնարար սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային է։ «Ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունք՝ առանց սահմանափակումների», - ասել է նա՝ ընդգծելով, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել և չեն լինելու։
«Հայկական կողմերը չեն ստանձնելու որևէ նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում։ Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որոնց մեջ հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն անվտանգության և ստատուսի տարրերի», - ասել է նա։
Վերջում նախարարը նշել է, որ Հայաստանը չի կարող բանակցություններում Արցախի փոխարեն որոշումներ կայացնել: «Հայկական կողմը մշտապես նշել է, որ պատասխանատվություն է կրում իր մասով, միևնույն ժամանակ, հայաստանյան իշխանությունները չունեն մանդատ Արցախի ժողովրդից սատացած»,- ասել է Մնացականյանը։