Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ապրիլի 21-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձավ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից ՀՀ քաղաքացիների դուրս բերելու հարցին:
«Քաղաքացիները պետք է ենթարկվեն տվյալ երկրում սահմանված սահմանափակումներին», - ասաց նա՝ հավելելով, որ «Դոմոդեդովո»-ից իրականացվել է 3 թռիչք:
«Երեկ և առաջին օրը երկու չվերթ է իրականացվել Կրասնոդարից և Դոնի Ռոստովից: Որևէ մեկը չի մոռացվել: Մենք առաջին պահից տեղյակ էինք, թե ինչ է տեղի ունեցել «Դոմոդեդովո»-ում, պլանավորում ենք նրանց Հայաստան վերադարձնել և այդ քայլերը կարվեն մոտ օրերս»,- հայտնեց Ավետ Ադոնցը և տեղեկացրեց, որ այդ քաղաքացիների համար դեսպանատունը կեցավայր է ապահովել:
ԱԳ փոխնախարարը նաև հայտնեց, որ ՌԴ դեսպանատան աշխատակիցների մեջ կան մեկուսացվածներ, բայց վիրուսի հաստատված դեպք չկա:
Նա հորդորեց արտերկրում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ենթարկվել այն կանոններին, որոնք որ առաջադրվում են տվյալ երկրների կառավարությունների կողմից։ Ուստի, ըստ նրա, եթե դա «Դոմոդեդովոն» է, ուրեմն՝ Ռուսաստանը։
«Ենթարկվել պարզապես, եթե այդ սահմանափակումները վերաբերում են, որ երկու հոգուց ավել հավաք չպետք է լինի, ուրեմն չպետք է լինի։ Եթե պարտադրում են, որպեսզի դիմակներ ունենան, ուրեմն պետք է ունենալ, այսինքն՝ եթե պահպանվեն այդ բոլոր թելադրվող կանոնները, և դրանք իրականացվեն, ես վստահ եմ, որ որևէ խնդիրների առջև մենք չենք կանգնի։ Մենք իսկապես տիրապետում ենք նրան, ինչ կատարվել է» - ասաց նա։
Այնուհետև նա կրկնեց, որ ՌԴ-ում մեր դեսպանությունը ձևավորել է մի մեխանիզմ, որի արդյունքում մեր քաղաքացիներն ունենում են ժամանակավոր կեցավայր, մինչև որ չկայանա այն թռիչքը, որն իրենց կվերադարձնի Հայաստան։ ««Դոմոդեդովոյում» հավաքվելու անհրաժեշտությունը չկա, և նորից եմ կոչ անում լսել և այնուամենայնիվ համագործակցել մեր դեսպանությունների հետ այս առումով»,- ասաց նա։
Ապրիլի 20-ի երեկոյան ՌԴ իրավապահները, որոնք հերթապահություն են իրականցնում «Դոմոդեդովո» օդանավակայանում, տարհանել են տեղում օրեր շարունակ գիշերող և հնարավոր թռիչքի սպասող ՀՀ քաղաքացիներին: Ըստ ականատեսների՝ քաղաքացիների թիվը տարհանման պահին մոտ 100-ն է եղել: Շատերը տեղափոխվել են իրենց ծանոթ-բարեկամների մոտ, մյուս մասը հապճեպ հյուրատներ է վարձել օդանավակայանին կից տարածքում:
Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հորդորել էր քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում