Կորոնավիրուսի հարվածը աուտիկ երեխաներին. կենտրոնը փակվում է, աջակցության հույս չկա

Կորոնավիրուսի տարածումը Հայաստանում հարվածի տակ է դրել ոչ միայն բիզնեսը, այլև հասարակական սեկտորն ու կրթության ոլորտը: Այս դեպքում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին (ԿԱՊԿՈՒ) ու նրանց ծնողներին:

VERELQ-ին են դիմել մի խումբ ծնողներ, որոնք հայտնվել են բավականին բարդ իրավիճակում: Երևանում գործող «Երբ բոլորը հավասար են» սոցիալական հասարակական կազմակերպության ուսումնական կենտրոնը իր հարկի տակ էր հավաքել ԿԱՊԿՈՒ երեխաներին, որոնց հետ պրոֆեսիոնալ մասնագետների խումբը աշխատում էր ամեն օր առավոտյան 09.00-18.00: Այսինքն, ուսումնական գործընթացը բավականին հագեցած է ու հաջողված: Սակայն այդ թվում և ծնողների գումարային աջակցության շնորհիվ գոյություն ունեցող կենտրոնը, քանի որ այն վճարովի է, այսօր փակման եզրին է հայտնվել, քանի որ ծնողների մեծ մասը չի աշխատում կամ կորցրել է աշխատանքը համավարակի պատճառով:

Լիլիթ Սիմոնյանը, ում 5.5 տարեկան երեխան հաճախում է կենտրոն VERELQ-ին պատմեց, որ այն, որ կենտրոնն աշխատում է ամբողջ օրը շատ դրական ազդեցություն է ունեցել.


«Իմ բալիկը աուտիկ է ու մինչ այս կենտրոն գալը հաճախում էր թերապիաների, որոնք տևում էին կես ժամ: Ստացվում էր, նա մասնագետի հետ շաբաթական երեք օր էր անցկացնում օրական մեկական ժամ: Դա շատ քիչ էր, փոքր արդյունքը տեսանելի էր դառնում մի քանի ամիս հետո: Երբ պատահական իմացա կենտրոնի մասին ու երեխային մեկ շաբաթ փորձնական տարա, ես անակնկալ կերպով տեսա, որ նույնիսկ այդ մեկ շաբաթում հսկայական տարբերություն կա: Երկու ամիս ստաբիլ հաճախելու արդյունքում իմ երեխան արդեն ասում է պարզ նախադասություններ, դիմում է ինձ «մամա», երբ մինչև այդ ընդամենը բառեր էր ասում: Եվ իմ երեխայի պարագայում սա իսկապես հրաշք է»,- ասաց ծնողը:

Կենտրոնում երեխաներն ամբողջ օրը գտնվում են մասնագետների հսկողության տակ և օրվա ընթացքում մի շարք թերապիաների մասնակցում, այդ թվում և խմբակային, ինչը կարևոր է նաև սոցիալիզացիայի տեսանկյունից: Աուտիզմով երեխաների ամենամեծ խնդիրը, հիշեցրեց մեր զրուցակիցը, հաղորդակցության հետ կապված խնդիրներն են, և հաշված ամիսներ հաճախելուց հետո իր երեխան այդ խնդիրը կամաց-կամաց հաղթահարում է՝ ժպտում է, նայում է աչքերի մեջ, ցույց տալիս իր էմոցիաները և այլն.

«Այս փոփոխություններն այնքան ահռելի են ու անհամեմատ այն բոլոր կենտրոնների արդյունքների հետ, ուր երեխան հաճախել է տարիներ շարունակ, որ ես հիմա ուղղակի սարսափում եմ, երբ մտածում եմ, որ մենք կենտրոնը կորցնում ենք: Սա իսկապես աղետ է իմ ու մյուս բալիկների համար»,- ընդգծեց Լիլիթ Սիմոնյանը:
Ծնողների մեծ մասն այսօր չի աշխատում և վճարումները դժվարացել են: Իսկ աուտիզմով կամ ցանկացած զարգացման հապաղման խնդիրներով երեխաների համար թերապիա չստանալը կամ երկար ընդմիջում տալը շատ լուրջ հետևանքների է բերում, քանի որ այդ ամբողջ արդյունքը կարող է ուղղակի զրոյանալ: Հետևապես կենտրոնի գոյությունը ուղղակի կյանքի հարց է.

«Մեր նպատակն է այսօր փորձել գտնել բարեգործների, որոնք կկարողանան ինչ-որ չափով ներդրում անել կամ տարածք տրամադրել, որպեսզի կենտրոնը հնարավոր լինի պահել: Սա իսկապես լուրջ խնդիր է և մենք բոլորս դրա կարիքն ունենք, որպեսզի երեխաների արդյունքները չզրոյանան»,- հավելեց ծնողը:

Իր հերթին Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող «Երբ բոլորը հավասար են» սոցիալական ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Արաքս Արաբյանը նշեց, որ երբ նոր էին ստեղծում կենտրոնը, դիմել են հնարավոր բոլոր կառույցներին՝ և՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, և՛ վարչապետի աշխատակազմին, և՛ Երևանի քաղաքապետարանին (տարածքի տրամադրման հարցով), պետական այլ կառույցներին, սակայն որևէ աջակցություն չեն ստացել: Բայց կենտրոնը հնարավոր եղավ ստեղծել ու պահել, լավ արդյունքներ արձանագրել: Իսկ վերջերս էլ դիմել են, որպեսզի հասկանան, թե ինչո՞ւ աուտիզմով երեխաները այս օրերին մշակված սոցիալական աջակցության ծրագրերից և ոչ մեկում ներառված չէն.

«Դարձյալ ոչ մի արձագանք չստացանք, այս թեման լսելի չէ ոչ մի իմաստով: Ոչ մեկ մեզ օգնության ձեռք չի մեկնում: Հիմա նախապատրաստում ենք դիմում-խնդրանք, որը կներկայացնենք կառավարությանը, բայց ես հույս չունեմ, որ այդ օգնությունը կլինի՝ եթե ժամանակին չարվեց, այս բարդ ժամանակաշրջանում դժվար»,- ասաց տնօրենը:

Այս պահին ծնողներն ի վիճակի չեն վճարել վարձը, բայց և ահավոր անհանգստացած են երեխաների վիճակով, որովհետև երեխաներն իսկապես առաջընթաց ունեն: Կենտրոնը տարածքի վարձակալության համար խոշոր գումար է տալիս և եթե գոնե այդ խնդիրը ինչ-որ բարերար կարողանար լուծել կամ թեկուզ պետությունը անվարձահատույց ինչ-որ տարածք տրամադրեր, ապա, Արաքս Արաբյանի խոսքով, դա հոգսերից մեկը լուրջ կթեթևացներ: Բացի այդ, կա նաև մասնագիտական թիմ…

Առաջիկայում փորձելու են ևս մեկ անգամ դիմել Երևանի քաղաքապետարանին, պարզապես հիմա նաև հասկանում են, որ կարանտին է, բայց դիմելու են՝ այլ ելք չունեն.

«Եթե չունենանք օգնություն մենք, ցավոք, չենք կարողանա կառույցը պահել, որովհետև միայն ծնողների միավորումն այլևս դա անել չի կարող»,- հավելեց տնօրենը:


Լիա Խոջոյան


 


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...