23.11.2024
Հայաստանի քաղաքացիները վերադարձել են Թուրքիայից. դեսպանություն
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ից Վրաստանի աջակցությամբ վերադառնում են FLEX ծրագրով սովորող հայ աշակերտները. ԱԳՆ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող հայ աշակերտների վերաբերյալ, որոնց վերադառնում են Վրաստանի կառավարության կազմակերպած հատուկ չվերթով: Մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև.


«Նշել էինք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է եղել FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի հայ աշակերտների և ծրագրի հայաստանյան ներկայացուցչի հետ:


Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում և Ամերիկյան խորհուրդների հետ սերտ համագործակցությամբ ապրիլի 9-ին կազմակերպվել է FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող հայ և վրացի աշակերտների վերադարձը համապատասխանաբար Հայաստան և Վրաստան:


ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետև Հայաստան՝ Դոհա-Թբիլիսի-Երևան չվերթով։


Չիկագոյի օդանավակայանում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից հայ աշակերտներին տրամադրվել են առողջապահական անվտանգության անհրաժեշտ պարագաներ: Համակարգվել է նաև Դոհայի օդանավակայանում հայ ուսանողների դիմավորումն ու ուղեկցումը մինչ մեկնման մյուս սրահ:


Վերոնշյալ համագործակցության արդյունքում Հայաստան են վերադառնում 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:


Սա Հայաստանի և Վրաստանի՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունում տարբեր երկրներում գտնվող քաղաքացիներին համագործակցաբար հայրենիք վերադարձնելու հերթական լավ օրինակն է: Շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի խորհուրդներին՝ հայ աշակերտների տեղափոխումն արագ ու հարթ կազմակերպելու, ինչպես նաև մեր վրաց գործընկերներին՝ աջակցության և արդյունավետ համագործակցության համար»:


VERELQ-ը գրել էր, որ Վրաստանը և ԱՄՆ-ն համատեղ կապահովեն վրացի և հայ աշակերտների տարհանումը Միացյալ Նահանգներից: Այդ մասին հայտարարել էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:


Նա նշել է, որ Վրաստանի և ԱՄՆ կառավարությունների համատեղ որոշման համաձայն, վրացի 79 աշակերտ, որոնք այսօր գտնվում են ԱՄՆ-ում են, դուրս կբերվեն երկրից: «Հայկական կողմի խնդրանքով, ՀՀ քաղաքացի 35 աշակերտ նույնպես հատուկ չվերթով կտարհանվեն ԱՄՆ-ից», -տեղեկացրել էր նա: