Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք. Փաշինյան
Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից: Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի: Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին:
Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաև քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ»,- նշել է Փաշինյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։