24.11.2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ Հայաստան այցելություններից
prev Նախորդ նորություն

ԱՀԿ-ն կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիա է հայտարարել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյրուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարելի է որպես պանդեմիա բնութագրել։


Պանդեմիան համաշխարհային մասշտաբով հիվանդության տարածումն է։


ՌԲԿ-ի հաղորդմամբ` նա նշել է, որ 2 շաբաթում կորոնավիրուսի դեպքերի քանակը Չինաստանից դուրս աճել է 13 անգամ, իսկ երկրների քանակը, որտեղ հայտնաբերվել է վիրուսը, եռապատկվել է։


Այս պահին աշխարհում ավելի քան 118 հազար վարակված կա։


Վերջին անգամ պանդեմիա հայտարարվել էր 2009-2010 թթ. խոզի գրիպի ժամանակ։


Հայաստանում մարտի 11-ին կորոնավիրուսով հիվանդ ևս 3 հոգի է հայտնաբերվել` երկուսը ՀՀ քաղաքացի են, վերադարձած Իտալիայից, մեկը՝ Իտալիայի քաղաքացի։ Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված չորս դեպք կա:


Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից


Կորոնավիրուսի ամենատարածված ախտանշաններից են ջերմությունը, հազն ու թուլությունը: Որոշ վարակակիրների մոտ, սակայն, կարող են ի հայտ չգալ ախտանշաններ: Մարդկանց 80%-ի դեպքում վիրուսից բուժվում են՝ ընդ որում, առանց հատուկ կուրսի:


Հիվանդությունը մարդուց մարդու է փոխանցվում հազալու կամ փռշտալու արդյունքում առաջացող կաթիլների միջոցով, որոնք կարող են ընկնել մարդու կամ նրան շրջապատող առարկաների և իրերի վրա:


Կարևոր է հնարավոր վարակակրից հեռավորություն պահպանել: Քիչ, բայց հավանական է, որ մարդը կարող է կորոնավիրուսով վարակվել նաև վարակակիր, բայց ընդգծված ախտանշաններ չունեցող անձնից:


Վիրուսի մասնիկները ձեռքերից վերացնելու համար անհրաժեշտ է պարբերաբար լվացվել օճառով, մաքրել ձեռքերն ալկոհոլային հիմքով գելերով:


Չի կարելի ձեռքերով դիպչել գլխին, քթին, բերանին: Անհրաժեշտ է պահպանել շնչառական հիգիենայի կանոնները. հազալիս կամ փռշտալիս փակել բերանն անձեռոցիկով կամ արմունկով՝ թույլ չտալով, որ վարակի հնարավոր մասնիկները փոխանցվեն շրջապատող մարդկանց:


Վիրուսային ախտանշաններ ունենալու դեպքում անհրաժեշտ է այդ մասին հայտնել բժիշկներին: Նույնիսկ թեթևակի վատ զգալու, թույլ գլխացավի և թեթև արտահայտված ախտանշանների դեպքում պետք չէ տնից դուրս գալ:


Կորոնավիրուսը բարդություններով է ընթանում տարեց մարդկանց, ինչպես նաև սոմատիկ հիվանդություններ ունեցողների մոտ (սրտի հիվանդություններ, դիաբետ):


Մարդիկ, ովքեր վարակի ախտանշաններ չունեն, կարիք չունեն նաև դիմակ կրելու. ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակներ կրել վիրուսի ախտանշաններ ունեցողներին, նրանց խնամողներին, բժշկական հաստատություններում աշխատողներին:


Կորոնավիրուսի պարագայում հակաբիոտիկներ օգտագործել չի կարելի, անհրաժեշտ չէ նաև կորոնավիրուսի կանխարգելման համար նախապես հակաբիոտիկներ խմել:


ԱՀԿ-ից հայտնում են նաև, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ դեռ չի ստեղծվել: Ընտանի կենդանիներից կորոնավիրոսով վարակվելու գրանցված դեպք ևս չկա: