VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը խիստ ստիպված է Սերժ Սարգսյանին Բրյուսել մեկնելու թույլտվություն «տվել», որովհետեւ ինքը եւս այց ուներ, եւ եթե արգելափակեր ԵԺԿ անդամ կուսակցության ղեկավարի այցը, ապա նույն ԵԺԿ ղեկավար Տուսկին, որի հետ Փաշինյանն ինքն է ցանկացել հանդիպել, չէր կարող հանդիպել: Ասում են` եվրոպական որեւէ կուսակցության պատկանելություն չունեցող «Քաղաքացիական պայմանագրի» համար Փաշինյանը փորձում է Տուսկի հետ հանդիպմամբ «ոտատեղ» բացել, սակայն Սերժ Սարգսյանի այցից հետո, փորձագետները դա գրեթե անհնար են համարում, որովհետեւ Տուսկն իրականում «առաջին ձեռքից» է տեղեկացված մեկ անձի համար հանրաքվե անելու, Վենետիկի հանձնաժողովը «իզգոյացնելու», երկրի նախկին էլիտային դատարաններ «քաշ տալու» «ժողովրդավարական» նրբությունների մասին: Իրականում Փաշինյանի այցը, ինչպես միշտ, որեւէ լուրջ օրակարգ չի ունեցել, մանավանդ որ Եվրոպական հանձնաժողովի նոր նախագահի` Ուրսուլա Բանդերլեյենի հետ հանդիպում նախատեսված չի եղել»:
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին մեկօրյա աշխատանքային այց կատարեց Բրյուսել, որի օրակարգն ակնհայտորեն աղքատիկ էր: Թեեւ ՀՀ վարչապետը Բրյուսել էր մեկնել ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ, նման այցերի ընթացքում նախատեսվող հանդիպումների ավանդական շրջանակն էականորեն նեղ էր: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն այս այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի, ինչպես նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։
Հատկանշական է, որ վարչապետի մեկօրյա այցի ընթացքում նախատեսված չէր հանդիպում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ այն դեպքում, երբ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան այդ ժամերին Բրյուսելում էր եւ ավելին՝ այդ նույն օրն ունեցավ պաշտոնական հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «168 Ժամ»-ի բրյուսելյան աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՀ նախագահը պարզապես չի ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը՝ այն պատճառաբանելով իր խիստ ծանրաբեռնված գրաֆիկով: Ուշագրավ է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի այցը չներառեց հանդիպում նաեւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ-Մարիա Սասոլիի հետ, ինչը թույլ է տալիս պնդելու, որ այցն անօգուտ էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների գործադիր եւ օրենսդիր ուղղություններով: Մեր տեղեկությունների համաձայն՝ մարտի 9-ին Բրյուսելում էր նաեւ Դավիթ-Մարիա Սասոլին, ով եւս չէր ընդունել Նիկոլ Փաշինյանին հանդիպելու առաջարկը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի կուսակիցները, աջակիցները եւ նույնիսկ զինակից գործարարները՝ Արկադի Համբարձումյան՝ Դերժավա, Արայիկ Գրիգորյան, Ռուբեն Հայրապետյան, կրկին պլանավորում են, որ մարտի 26-ին, ՀՀ երրորդ նախագահի գործով դատական հաջորդ նիստին մարդկանց տանեն դատարանի մոտ՝ բողոքի ակցիա անելու: Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեեւ առաջին պիկետից հետո իշխանությունները նրանց մեսիջներ են ուղարկել, որ կարող են հարկային տեռորի ենթարկվել, սակայն գոնե այս պահին որոշել են չնահանջել: Հիշեցնենք, որ դատական առաջին նիստը կայացավ փետրվարի 26-ին, որի առիթով 3 հազարից ավելի մարդ էր հավաքվել դատարանի մոտ։ Իսկ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է դիզվառելիքի գործով մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար»:
«Իրատես» թերթը գրում է. «Օրերս, երբ հայտնի դարձավ, որ 3 «հին» հանրապետականներ դուրս են եկել այդ կուսակցությունից, ոչ վաղ անցյալում ՀՀԿ-ին խիստ քննադատության ենթարկելու հերթական առիթը հիշեցի։ Գիտե՞ք, որն է Սերժ Սարգսյանի քաղաքական ողբերգությունը։ Նա չի կարողացել ճիշտ մարդկանցով համալրել իր շրջապատը։ Ընդ որում, խոսքը հենց այդ 3 անձանց չի վերաբերում։ Ում ավելի շատ է օգնել տարբեր առումներով (բազմաթիվ չբարձրաձայնած փաստեր կան), նա ավելի ուժեղ է հարվածել թիկունքից ու լքել նրան։ Ովքեր, ժամանակին Սերժ Սարգսյանի «մարդ» համարվելով, վայելել են իշխանության բոլոր բարիքները, դրա համար մազաչափ անգամ արժանիք չունենալով, նախկինում քաղաքական դաշտի երերալուն պես, վերջերս էլ՝ իշխանափոխության օրերին, առաջինն են լքել նրան։ Հիմա ամենաթարմ օրինակի մասին. այս երեք անձինք մեղավոր չեն, մեղավորը ՀՀԿ-ն է՝ իր ղեկավարով, որ ժամանակին հենց նրանց է վստահել ու իշխանական հիերարխիայում փափուկ տեղ ապահովել։
Եթե ՀՀԿ-ի «շեն ու լեն» օրերին նրանք դուրս գային կուսակցությունից ու կոշտ քննադատություններ հնչեցնեին, գուցե անգամ խիստ սկզբունքային ու անկաշառ մարդիկ համարվեին, բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ ընկածին դանակահարելը ո՞րն է։ Եթե ՀՀԿ-ի ներսի տրամադրությունները, կառավարման ձեւն անընդունելի էին, ինչու՞ այդ խնդիրներից ավելի վաղ չէին խոսում, երբ մանդատ ու պաշտոն ունեին։ Եվ նախկինում հնչած քննադատության մասին. հատկապես ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ եւ հանրությունը, եւ փորձագիտական շրջանակները մշտապես պահանջ էին հնչեցնում, որ ՀՀԿ-ի հին «գվարդիան» այլեւս չպետք է խորհրդարան գնա, հարկավոր է նոր դեմքերի, թարմ ուժերի ճանապարհ տալ։ Եվ ի՞նչ։ Սերժ Սարգսյանի ցուցակում չանտեսվեցին հին հանրապետականները, որոնց մամուլը հաճախ անգամ «ծերակույտ» էր որակում, իսկ նրանց կուսակցական «պահեստազոր» չուղարկելը՝ խիստ քննադատության ենթարկում։ Սակայն այդ քննադատության ալիքը ՀՀԿ-ն բանի տեղ չդրեց։ Ընդ որում, «հները» պահպանվում էին ոչ միայն խորհրդարանում, այլեւ կառավարման օղակում։ Այնպես որ, ինչ ցանել եք, այն էլ հնձում եք»:
«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, արդեն մի քանի օր է՝ մտել է բավական ակտիվ փուլ։ Համենայնդեպս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կուսակցության մի քանի անդամներ շրջում են Երեւանում ու հանրապետության տարբեր բնակավայրերում։ Շրջում են ու բաժանում են բուկլետներ, ծաղիկներ․․․ Բաժանում են ամեն ինչ, բացի հանրաքվեի վերաբերյալ բովանդակային խոսքից ու հիմնավորումներից։ Փաշինյանի ու նրա թիմակիցների քարոզչության հիմքում ընկած է առավելապես ձեւը՝ առանց բովանդակության։ Առավելագույնը, որ նրանք ասում են քաղաքացիներին՝ «Հեղափոխությանը ասում ենք «այո» կարգախոսն է, որը, բացի էմոցիոնալ ֆոնից, որեւէ հիմնավոր փաստարկ չի պարունակում այն մասին, թե ինչո՞ւ պետք է «հպարտ քաղաքացին» գնա տեղամաս ու «այո» ասի հանրաքվեին։ Իրականում քարոզարշավի այս անբովանդակությունը հերթական վկայությունն է այն բանի, որ Սահմանադրական հանրաքվեն ընդամենը մեկ խնդիր է լուծում՝ ազատվել Սահմանադրական դատարանի գործող կազմից։
Որեւէ այլ գործառույթ, պետության ու քաղաքացու կյանքի հետ կապված որեւէ իմաստ ու նշանակություն այս հանրաքվեն չունի։ Ու իշխանությանը մնացել է ընդամենը «Հեղափոխությանը ասում ենք «այո»» կարգախոսը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո արդեն երկրորդ անգամ քաղաքացիներին վերավաճառում է հեղափոխությունը։ Այսպիսով, իրականում հերթական անգամ հեղափոխությունը, դրա գաղափարն արժեզրկվում է, ու մեծ հարց է՝ արդյո՞ք քաղաքացին այս անգամ էլ պատրաստ է վճարել հեղափոխության համար ու ընտրատեղամաս գնալով՝ «այո» ասել ո՛չ հեղափոխության, ո՛չ իր կյանքի հետ կապ ունեցող հարցին։ Ու ստացվում է, որ հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ինքն է ամենաշատն արժեզրկում հեղափոխությունը, որի արժեքը քաղաքացու համար կարող էր բարձրանալ միայն այն դեպքում, եթե անցած շուրջ երկու տարիներին այն առարկայանար արմատական բարեփոխումներով, ռազմավարական նախագծերով ու ծրագրերով, քաղաքացու կյանքը փոխող նախաձեռնություններով։ Նման բան, սակայն, տեղի չի ունեցել, ու չկա որեւէ հեռանկար, որ տեղի է ունենալու առաջիկայում։ Դրա համար իշխանությունը շարունակում է քաղաքացուն կերակրել հեղափոխության կարգախոսներով։ Բայց դա չի կարող անվերջ շարունակվել։ Մի օր հեղափոխության գաղափարն արժեզրկվելու է անդառնալիորեն, ու քաղաքացին այլեւս չի «գնելու» հեղափոխության կարգախոսները։ Իշխանության ներկայիս գործելաոճի շարունակման դեպքում դա տեղի է ունենալու արդեն տեսանելի հեռանկարում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն` հարցաքննության: Մեզ հասած տեղեկություններով` ՀՔԾ-ում վերջինիս հարցաքննությունը կապված է իր դեմ հարուցված կաշառքի քրեական գործի հետ: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին կաշառքի գործով ձերբակալեց, սակայն ավելի ուշ նա ազատ արձակվեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը ներկայացրել էր, որ նախկին դատապարտյալը ավտոլվացման կետում հետաքրքրվել է Լյովա Բաղդասարյանի ավտոմեքենայով, իբր, գնելու նպատակով եւ գումարը մեքենայում է թողել: Նշենք, որ նախաքննական մարմինը չի բացառում, որ Լյովա Բաղդասարյանը հարցաքննության հրավիրվի Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՔԾ է կանչվել որպես տուժող 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իր դեմ իրականացված հարձակման գործով: Իսկ, ահա, այդ ժամանակ «Կոշ» ՔԿՀ պետ է եղել Լյովա Բաղդասարյանը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի գործով իրավապահ համակարգը հայտնվել է փակուղու առջև: Շուրջ 1 տարի է, ինչ Սամվել Մայրապետյանը գտնվում է արտերկրում, և ստացվեց այնպես, որ մեկ տարի անց իրավապահ համակարգը, այընտրանք չունենալով, գնաց կոնկրետ գործողությունների: Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար, ինչը դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս իրավիճակից հետո Սամվել Մայրապետյանի մտերիմները կապ են հաստատել նրա հետ՝ հասկանալու համար, թե ինչու նա չի ներկայացել նախաքննական մարմին և չի կատարել օրենքի պահանջը: Եվ, մեր տեղեկություններով, ի պատասխան՝ Սամվել Մայրապետյանը ասել է, որ 2019 թվականի հոկտեմբերին տոմս է գնել, որ վերադառնա Հայաստան, սակայն օդանավակայանում ինքնազգացողությունը կրկին վատացել է և չի կարողացել նստել ինքնաթիռ: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ Մայրապետյանը պարբերաբար իրավապահ համակարգին ուղարկել է իր առողջական վիճակի հետ կապված փաստաթղթեր, սակայն նախաքննական մարմին ներկայանալ չի կարողացել: Ինչևէ, այս իրավիճակում չի բացառվում, որ Սամվել Մայրապետյանի պաշտպանները դիմեն ՄԻԵԴ և ներկայացնեն, թե ինչ իրավիճակի առաջ են կանգնել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի եղբայրը վերջերս նշանակվեց «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ։ Նրա կենսագրությունը նայելիս ուշագրավ դրվագ հայտնաբերեցինք։ Մհեր Անանյանի կենսագրության մեջ, մասնավորապես, գրված է, որ նա 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի փետրվարը աշխատել է գլխավոր դատախազի խորհրդական՝ տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի գծով։ Սակայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում որպես գլխավոր դատախազի խորհրդական նշանակվելու ժամկետ նշված է 2020 թվականի հունվարի 8-ը։ Այսինքն՝ ստացվում է, որ Անանյանը կա՛մ երկու ամիս դատախազությունում եղել է չգրանցված աշխատող, և դա վրիպել է եղբոր աչքից, կա՛մ սա ոչ սովորական վրիպակ է»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխականներն իրենց ցինիզմով գերազանցում են նախկին կոռումպացված ռեժիմին: Թվում էր, թե Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը բանակի սպայի՝ փոխգնդապետի դաժան ծեծի պատմությունից եւ իր հրաժարականից հետո որոշ ժամանակ ընդհատակում կմնա, որպեսզի մոռացության մատնվի այդ բարբարոսությունը, սակայն նա ակտիվորեն մասնակցում է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավին: Երեկ մենք փորձեցինք Սարգսյանից տեղեկանալ՝ օգնո՞ւմ, թե՞ վնասում է քարոզարշավին, եւ կատարվածից հետո մարդիկ ինչպե՞ս են ընդունում իրեն, հատկապես, որ փոխգնդապետն էլ դեռեւս դուրս չի եկել կոմայից, իսկ նրան կոմատոզ վիճակի հասցնող գլխավոր մեղադրյալն էլ օրերս դատարանի որոշմամբ գրավով ազատ է արձակվել։ Նախկին մարզպետը մեր հարցին պատասխանելու փոխարեն հոխորտաց, թե մեզ հետ կխոսի միայն դատարանում․ նա հայց է ներկայացրել «Հրապարակի» դեմ՝ հենց փոխգնդապետի մասին մեր հրապարակումների առիթով»:
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները, խոսելով սահմանադրական հանրաքվեի մասին, նշում են, թե սա իրենց համար կենաց ու մահու կռիվ չէ, սակայն նրանց տրամադրվածությունն ու ռեսուրսների (մարդկային ու ֆինանսական) «մոբիլիզացիան» լրիվ հակառակի մասին են խոսում։ Իշխանության գործելաոճից պարզ է դառնում, որ այս հանրաքվեն իշխանությունների համար նույնիսկ ավելին է, քան կենաց ու մահու կռիվ. բոլորս ենք տեսնում, թե ինչպես է երկրի վարչապետն անձամբ շրջում մետրոյից Դենդրոպարկ՝ քարոզչական բուկլետ բաժանելու։ Իսկ այսօրվանից սկսելու է մասնակցել հանրահավաքներին, որտեղ նա իրեն զգում է ինչպես «ձուկը ջրում»: Քանի որ խոր կասկածներ կան, որ անհրաժեշտ քվեն ապահովելը ֆանտաստիկայի ժանրից է, անհրաժեշտություն է ծագել օգտագործել բոլոր հնարավոր ռեսուրսները: Հենց դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը որոշ մարզպետների թույլատրեց մեկնել արձակուրդ։ Այս օրերին մարզերում են նաեւ գրեթե բոլոր՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորները, ինչպես նաեւ այն պատգամավորները, որոնք արմատներով մարզերից են։ Նրանք առայժմ ինտենսիվ բուկլետ են բաժանում ու փորձում մարդկանց համոզել գնալ հանրաքվեի: Ճիշտ է, բուկլետները շատ հաճախ բաժանողների շրջվելուն պես հայտնվում են աղբարկղում, բայց ամենավիրավորականն այստեղ այն է, որ ինչ-որ մեկի իբր «կրեատիվ» մտքի արդյունքում ՀՀ անձնագրի տեսքով «գրքույկն» է աղբարկղ նետվում, թեկուզ այն ընդամենը ինչ-որ բուկլետ է: Այնինչ, նման հեռանկարը պետք է որ հաշվի առնվեր՝ բուկլետին անձնագրի տեսք տալուց առաջ: Ի դեպ, հավելենք, որ փորձագետներն արդեն համեմատականներ են տանում 2015-ի սահմանադրական հանրաքվեի հետ, երբ գրեթե նույն գործելաոճով իշխանության ողջ ռեսուրսը լծվել էր «Այո»-ի քարոզին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող կուսակցության համար Իջեւանում կրկին ակտիվ գործընթացներ են. մարտի 16-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրելու է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն։ Հիշեցնենք․ ժամանակին «քայլիստները» մտան նախկին տնօրեն Սամվել Առաքելյանի սենյակ եւ հրաժարական պարտադրեցին: Մասնաճյուղի տնօրենի թեկնածուների մեջ է վարչապետ Փաշինյանի քավորի` Իջեւանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանի ընկերը` Հայկ Քամալյանը, որը շարքային դասախոս է, մյուս թեկնածուները դոկտոր-պրոֆեսորներ են (թեկնածուները 6-ն են, նրանց թվում են ՀՅԴ նախկին փոխմարզպետ Վարդան Ալեքսանյանը, ԱԱԾ նախկին աշխատակից Հովսեփ Մովսիսյանը)։ «Ի դեպ, երբ հոգաբարձուների խորհուրդը քննարկում էր այդ պաշտոնում պարտադիր 3 տարի ղեկավար պաշտոն զբաղեցրած լինելու նորմը, հանուն քավորի ընկերոջ` «իգնոր» արեցին այն։ Իսկ այսօր արդեն իշխանությունները մոբիլիզացրել են վարչական ռեսուրսը, որպեսզի Քամալյանն անպայման ընտրվի։ Դրանով կլուծվի նաեւ ապրիլի 5-ի հանրաքվեի հարցը՝ ուսանողները միաբերան «այո» պետք է ասեն»,- ասաց մեր աղբյուրը: Ի դեպ, հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 հոգուց, որից 16-ը կառավարության ներկայացուցիչներն են»:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջերս տեղեկություն էր շրջանառվում, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը գուցե դառնա ԵՊՀ ռեկտոր, բայց այդ տեղեկությունը հերքեցին թե՛ Գաբրիելյանը, թե՛ ԿԳՄՍ նախարարը։ Եվ ահա, վերջին մի քանի օրը կառավարության կուլիսներում շշուկներ են շրջանառվում, որ հնարավոր է Գաբրիելյանն առաջիկայում նշանակվի Կենտրոնական բանկի նախագահ։ Ինչպես հայտնի է, 2020 թվականի հուլիսին լրանում է ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, ինչից հետո նա հերթական անգամ չի կարող ընտրվել, քանի որ օրենքը թույլ չի տալիս։ Նշենք, որ Գաբրիելյանը ժամանակին եղել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, ապա ԿԲ նախագահի տեղակալ: Այս տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Վաչե Գաբրիելյանին: «Առաջին անգամ եմ լսում»,-ասաց պարոն Գաբրիելյանը: Ի դեպ, որպես ԿԲ նախագահի հիմնական հավակնորդ, շրջանառվում է նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի թեկնածությունը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը՝ ֆիննախի ԿՌՈՒ-ն, անցած տարեվերջին վերջապես պետ ունեցավ։ ԿՌՈՒ-ի պետ նշանակվեց Վախթանգ Սիսակյանը, ով նախկինում ՊԵԿ վարչության պետ էր։ Ուշագրավ է, որ Սիսակյանի եղբայրը՝ Վարդան Սիսակյանը, ևս ներկայումս աշխատում է ՊԵԿ-ում։ Նա Գոգավանի մաքսայինում գլխավոր մաքսային տեսուչ է, նախկինում էլ դատապարտված է եղել այն բանի համար, որ հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ ՆՀՎ ԳՏԲ Բագրատաշենի բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։ Սիսակյանների կարիերայի աճը նախկինում պայմանավորված էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի անձով։ Կոնկրետ Վախթանգ Սիսակյանի աստղը սկսեց փայլել հենց Հարությունյանի ժամանակ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանին հանձնարարված էր Երեւանի տրանսպորտի հարցում մինչեւ տարեվերջ արդյունքներ ցույց տալ, գծից հանել 450 «մահվան գազել»-ները։ Որոշված էր փետրվարի վերջին մրցույթ հայտարարել, հայտարարվե՞լ է՝ հարցրինք Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանին։ «Այո, հայտարարել էին, որ կառավարությունն ու դոնոր կազմակերպությունը պատրաստ են գնալ այդ գործարքին, սակայն, իմ տեղեկություններով, կառավարությունը հետ է կանգնել այդ որոշումից»: Ինչո՞ւ։ «Հրաժարվել է երաշխավորագիր տրամադրել․․․ սա ակնհայտորեն մեծ հարված է քաղաքապետին, նախ՝ խոստումը չկատարեց, երկրորդ․ եթե երթեւեկությունից դուրս մնացած «գազել»-ներին չփոխարինի նոր տրանսպորտը, տրանսպորտի ճգնաժամը կխորանա ու կդառնա շատ ավելի մեծ խնդիր, քան աղբահանությունը»։ Բայց կարծում ենք, քաղաքապետը կգնա իր սիրած ճամփով՝ կդիմի խոշոր գործարարներին»:
«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովում ապրիլյան քառօրյա պատերազի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը տեւական ժամանակ նիստ չի գումարել։ Հիշեցնենք, որ հանձնաժողով վերջին անգամ Գերագույն շտաբի պետ Արտակ Դավթյանն էր հրավիրվել։ «Ինչու՞ նիստեր չեք հրավիրում»-, հարցրինք հանձնաժողովում ընդգրկված պատգամավորներից մեկին։ «Քարոզարշավն է պատճառը,- նշեց նա։- Պատգամավորներն այժմ «այո» են քարոզում, հարակից այլ հարցեր քննարկելու ու նիստեր գումարելու ժամանակ չունեն գրեթե։ Հանրաքվեն հորով-մորով անելուց հետո կրկին աշխատանքի կլծվենք։ Տպավորություն չլինի, թե հարցերը սպառվել են, ուղղակի մեր գրաֆիկն է խիտ»։ Մեր զրուցակիցը, ի դեպ, չբացառեց, որ առաջիկա հյուրերն Արցախից կլինեն։ Բայց ոչ թե նրանք կգան Երեւան, այլ իրենք կգնան Ստեփանակերտ: «Պատերազմի մասնակից զինվորներին ու պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին, զինվորականներին լսել ենք, հերթն այժմ Արցախի զինվորականներինն է: Կարծում ենք՝ նրանք նույնպես բավականին ասելիք կունենան: Ու որ հերթով բոլորին Երեւան չհրավիրենք, նախատեսում ենք ինքներս Արցախ այցելել: Թե՛ պատգամավորական շրջայց կկատարենք, թե՛ ՊԲ հրամկազմի հետ փակ հանդիպումներ կունենանք»,- ընդգծեց մեր զրուցակիցը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնում պտղի մահացության դեպքով ներքին քննարկում է եղել: Մեր տեղեկություններով՝ դեռեւս հիվանդանոցի ներսում չեն կարողանում հասկանալ, թե ինչի հետեւանք է խնդիրը՝ ուլտրաձայնային հետազոտության սխալ ախտորոշման, թե հերթապահ բժշկի խնդիրն է եղել: Ինչպես հայտնի է, մարտի 8-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, բժիշկները ծննդաբերության ժամանակ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ 24-ամյա Գայանե Մագդեսյանին հայտնել են, որ պտուղը մահացած է, եւ ծննդկանի հարազատները պտղի մահացության համար մեղադրում են բժշկին: Եվ, ահա, դեպքից հետո չնայած հիվանդանոցի ներսում ներքին քննարկումներ են եղել, սակայն այդպես էլ վերջնական եզրահանգման չեն կարողացել գալ: Ընդգծենք, սակայն, որ նախկին պատգամավորին պատկանող բժշկական կենտրոնում մահացության դեպքերը, կարծես թե, չեն պակասում»։
«Փաստ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության՝ լրատվամիջոցների մոնիտորինգի եւ վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Արամյանի հետ զրուցելու առիթ «Փաստն» ունեցել է։ Նա հրապարակայնորեն անդրադառնում էր կառույցում առկա խնդիրներին, ներկայացնում իր մտահոգությունները ոլորտի օրենսդրական փոփոխությունների, նաեւ մի շարք այլ հարցերի հետ կապված։ Օրերս պարզ դարձավ, որ նրա նկատմամբ նախ ծառայողական քննություն է նշանակվել, իսկ հետո էլ ազատվել է աշխատանքից։ Արդյո՞ք աշխատանքից ազատման պատճառը նրա հարցազրույցները եւ Ֆեյսբուքում հրապարակային գրառումներն են եղել։ Մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք Արամյանին։ «Փաստի» հետ զրույցում նա մասնավորապես նշեց. «Իմ նկատմամբ ակնհայտ ապօրինի ծառայողական քննության նշանակումը եւ աշխատանքից ազատումը պայմանավորված է ԱԻՆ-ում իրականացվող քաղաքականության, ապօրինությունների եւ կամայականությունների նկատմամբ իմ անհանդուրժող վերաբերմունքով եւ հնչեցրած գնահատականներով։ Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված որեւէ խնդիր չեմ ունեցել, եւ թող անհամեստ չհնչի, բայց 2019 թվականի արդյունքների ամփոփմամբ ճանաչվել եմ վարչության լավագույն քաղաքացիական ծառայող։ Իմ նկատմամբ իրականացված ապօրինությունները բողոքարկել եմ դատական կարգով։ Ես նախկինում բազմիցս նշել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ ավելի նախընտրում եմ ազատվել աշխատանքից, քան անօրինականության շուրջ գնալ ինչ-որ ստվերային պայմանավորվածությունների։ Ապօրինությունը, կոռուպցիան, հովանավորչությունը, անարդարությունը կոռոզիայի են ենթարկում պետական կառավարման համակարգը, նվազեցնում են դրա գործունեության արդյունավետությունը եւ հասարակության վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։ Բոլորս խոսում ենք բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց ոչ բոլորս ենք պատրաստ ինչ-որ բան անել դրա համար։ Չի կարելի հանդուրժել արատավոր երեւույթները եւ հետո ակնկալել դրական փոփոխություններ, առավել եւս պետական կառավարման համակարգում»։
«Ժամանակ» թերթը գրում է. ««Վեոլիա ջուր» ընկերության Արմավիրի մասնաճյուղը թաղված է բացահայտ կոռուպցիայի մեջ: Կոռուպցիան այս կառույցում այնքան ակնհայտ է, որ նոր բաժանորդ դառնալ ցանկացողներին ուղիղ առաջարկում են կանխիկ 120 հազար դրամ վճարել և խոստանում 2-3 օրում միացնել ջրամատակարարման համակարգին՝ սպառնալով, որ եթե փորձեն գնալ օրինական ճանապարհով, ընդհանրապես կզրկվեն ջուր ունենալուց: Մեր տրամադրության տակ են կոնկրետ փաստեր, երբ կոռուպցիոն գործարքներից հրաժարված քաղաքացիներին, ովքեր կատարել են բոլոր օրինական վճարումները, ամիսներ շարունակ տանում-բերում են ու մի բան են ասում՝ մինչև մեր փողը չտաք, ջուր ունենալը մոռացեք: «Վեոլիա ջրի» տեղական կառույցի ղեկավարները այն աստիճանի են լկտիացել, որ ուղղակի հայտարարում են. «Լավ ենք անում, փող ենք աշխատում, ում ուզում եք՝ դիմեք, ուր ուզում եք՝ բողոքեք»: Մեր խմբագրությունը պատրաստ է իրավապահ մարմիններին տրամադրել սույն փաստը հաստատող կոնկրետ տեղեկություններ»: