Նավթի կտրուկ գնանկումն արդեն իսկ խառնաշփոթ է առաջացրել համաշխարհային շուկայում, տակնուվրա արել միջազգային բորսաներն ու անքուն գիշերներ նվիրել այն կառավարություններին, որոնք իրենց բյուջեն կառուցում են նավթի գնի հիմքով: Բացի այս, անհանգստացնող է նաև ռուսական ռուբլու արժեզրկումը, որն իր հերթին չի կարող անտարբեր թողնել Հայաստանին՝ հայտնի պատճառներով:
Մինչ ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ ուսումնասիրում է իրավիճակը, VERELQ-ի հետ զրույցում Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնտեսագետ-վերլուծաբան Աննա Մակարյանը ներկայացրեց, թե ի՞նչ զարգացումներ են սպասվում միջազգային շուկայում, Հայաստանում ու նաև հարևան Ադրբեջանում:
- Ինչպե՞ս եք գնահատում նավթի համաշխարհային գների կտրուկ անկումը, ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ գլոբալ գործընթացների վրա:
- Անմշակ նավթի (BRENT տեսակի) գնի ամենամեծ անկումն ենք արձանագրում 1991թ.-ից ի վեր, ինչը պայմանավորված է ՌԴ-ի և Սաուդյան Արաբիայի միջև ծագած անհամաձայնությամբ: Այս քայլով Սաուդյան Արաբիան փորձում է վերածվել թիվ 1 մատակարարի: Սա նաև խթան կարող է հանդիսանալ այն երկրների տնտեսության համար, որոնց տնտեսությունները տուժել են կորոնավիրուսի հետևանքով:
Կանխատեսվում է գների անկում, այն կարող է տատանվել 20 ԱՄՆ դոլարի միջակայքում: Որոշ կանխատեսումների համաձայն, եթե ՌԴ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնության չգան, ապա գները կարող են այսպես էլ պահպանվել: Այս պարագայում ամենից շատ կտուժեն նավթ արտահանող երկրները, իսկ նավթ ներմուծողների համար սա կհանդիսանա խթան տնտեսության աշխուժացման տեսանկյունից:
- Ի՞նչ ազդեցություն այս զարգացումները կթողնեն Հայաստանի տնտեսության վրա, հաշվի առնելով մեր տնտեսության փոխկապակցվածությունը Ռուսաստանի հետ և այս օրերին արդեն իսկ ռուբլու կտրուկ արժեզրկումը:
- Նավթի գնի անկումը ՀՀ տնտեսության վրա հիմնականում պայմանավորված է լինելու ՌԴ տնտեսության կատարողականով: Այս անկումը կարող է արժեզրկել ՌԴ ռուբլին ԱՄՆ դոլարի նկատմամբ: Եթե արժեզրկումը մեծ չափերի հասնի, ապա դա կարող է հանգեցնել արժութային ճգնաժամի, որն էլ իր հերթին կարող է վերածվել տնտեսական ճգնաժամի: Այս պարագայում կնվազեն ՌԴ-ից դրամական փոխանցումների ծավալները, ՌԴ-ից զբոսաշրջիկների թվաքանակը:
Նշեմ, որ ՌԴ տնտեսությունում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն կարող է բումերանգի էֆեկտով ազդել ՀՀ տնտեսության վրա: Օրինակ, 2015 թվականը, պայմանավորված ԱՄՆ կողմից ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով, ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո միակ տարին է եղել, երբ նվազել են ՌԴ-ից ժամանող զբոսաշրջիկների քանակը: Կտրուկ նվազեցին նաև մասնավոր տրանսֆերտները: Քանի որ ՀՀ-ն դեպի Ռուսաստան արտահանում է այնպիսի ապրանքներ, որոնք համեմատաբար բարձր գնային էլաստիկություն ունեն, ապա արժեզրկված ռուբլու պարագայում, կկրճատվեն արտահանման ծավալները դեպի ՌԴ՝ հատկապես ալկոհոլային խմիչքների ծավալները: Այս ամենը կարող է հանգեցնել ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի հանդեպ արժեզրկման, որի դեպքում ՀՀ տնտեսական աճի տեմպերը կարող են բավականին դանդաղել:
- Բացի նավթից, անկում է արձանագրել նաև պղնձի գինը: Ինչո՞վ է դա սպառնում մեր երկրին, որը հանդիսանում է պղինձ արտահանող երկիր:
- 2019 թվականին ՀՀ-ից արտահանվել է 562 հազար տոննա պղինձ, ինչը վերջին տասը տարիների կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է։ Հայաստանի արտահանման կառուցվածքում պղինձը վերջին տարիներին առաջատար դիրքերում է: Վերջինս Հայաստանից մեծ մասամբ արտահանվել է չորս երկրներ՝ Բուլղարիա, Չինաստան, Շվեյցարիա ու Կանադա: Հաշվի առնելով առկա զարգացումները և համաշխարհային շուկայում մետաղների, մասնավորապես պղնձի գների իջեցումը լուրջ խնդիր կարող է առաջացնել Հայաստանի տնտեսության համար արտահանման ծավալների և դրանից ստացվող եկամուտների տեսանկյունից:
- Հայտնի է, որ Ադրբեջանի բյուջեն ուղղակիորեն կախված է նավթի գնից: Ինչպիսի՞ գնահատական ունեք այս մասով:
- Իրապես գաղտնիք չէ, որ ադրբեջանական բյուջեի հիմնական մուտքեր ապահովող ու տնտեսության լոկովոտիվ հանդիսացող ճյուղերից մեկը նավթարդյունաբերությունն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2014-2015թթ-ին նավթի համաշխարհային գները կտրուկ անկում ապրեցին ու ՕՊԵԿ-ը պարբերաբար նավթարդյունաբերության ծավալների կրճատման ու գների պահպանման առաջարկություններով է հանդես գալիս, Ադրբեջանի տնտեսության վրա վերջինիս ազդեցությունը միանգամից տեսանելի եղավ: Պատահական չէ, որ ադրբեջանական խոշորագույն նավթարդյունահանող SOCAR ընկերությունը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով առ այն, որ նավթի համաշխարհային գների անկման պարագայում Ադրբեջանը ստիպված կլինի տնտեսության մեջ օպտիմալ հավասարակշռություն պահելու համար ինտեսիվացնել նավթի արդյունահանման ծավալները:
Լիա Խոջոյան