ԲՀԿ-ն պաշտոնապես որևէ մեկին չի սատարել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում. Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես որևէ մեկին չի սատարել Աբովյանի քաղաքապետի նախընտրական քարոզարշավի ընթացքում: Այս մասին ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց էլ համանուն խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ ավելացնելով, որ խմբակցության անդամներից շատերը ընկերական հարաբերություններ ունեն քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ:
Անդրադառնալով Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործին, Տոնոյանը նշել է, որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ հայտարարել է, որ բոլոր գործընթացները պետք է դիտարկել իրավական տեսանկյունից` անձնական հարաբերություններից անկախ:
VERELQ-ը հիշեցնում է, որ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում ՍՊ ընկերություններից մեկն ինքնակամ զավթել է 2240 քմ մակերեսով հողատարածք և այնտեղ իրականացրել ինքնակամ շինարարություն, իսկ Աբովյան համայնքի ղեկավարը, ում վրա իրավական ակտերով պարտականություն է դրված կանխել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի զավթումը, շենքերի, շինությունների ինքնակամ կառուցումը և ապօրինի շինարարության հետևանքները վերացնելը, բավարարվել է միայն ընկերությանը 400 000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելով:
Աբովյան համայնքի ղեկավարին (Վահագն Գևորգյան) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: