Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում ՍՊ ընկերություններից մեկն ինքնակամ զավթել է 2240 քմ մակերեսով հողատարածք եւ այնտեղ իրականացրել ինքնակամ շինարարություն, իսկ Աբովյան համայնքի ղեկավարը, ում վրա իրավական ակտերով պարտականություն է դրված կանխել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի զավթումը, շենքերի, շինությունների ինքնակամ կառուցումը եւ ապօրինի շինարարության հետեւանքները վերացնելը, բավարարվել է միայն ընկերությանը 400 000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելով:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ արդյունքում՝ համայնքի ղեկավարի առերեւույթ դիտավորությամբ դրսեւորած անգործության հետեւանքով տեւական ժամանակ շարունակվել է ինչպես ինքնակամ հողազավթումը, այնպես էլ՝ ինքնակամ շինարարությունը:
Աբովյան համայնքի ղեկավարին (Վահագն Գեւորգյան) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: