24.11.2024
ՀՀ և Վրաստանի առողջապահության նախարարները քննարկել են իրավիճակը կորոնավիրուսի հետ կապված
prev Նախորդ նորություն

Գազի սակագնի բարձրացումը ՀՀ իշխանությունների պատասխանատվության խնդիրն է. փորձագետներ

Համաձայն ՀՀ և ՌԴ միջև կնքված պայմանագրի, «Գազպրոմ Արմենիա»-ն պետք է 9% եկամուտ ունենա, որի դիմաց պետք է ներդրումներ կատարվեն Հայաստանում: Բայց վերջին մեկ-երկու տարիներին ներդրումներ չեն արվել, քանի որ չկա շահույթ: Այնպես որ կանխատեսում եմ, որ գազի գնի թանկացումը ներքին սպառման համար բավականին ակտուալ խնդիր է՝ Գազպրոմը կդիմի, իսկ ՀՀ կառավարությունը շատ քիչ հիմնավորում ունի, որպեսզի գազի գինը չբարձրանա: Այս մասին լրագրողների հանդիպմանը հայտարարեց էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը:

«Հասկանալի է, որ գազի գնի բարձրացումը կազդի ամբողջ շուկայի վրա: Ամենամեծ հարվածի տակ են հենց սպառողները»,- նշեց նա:

Մանվելյանի խոսքով, գազի գինը ձևավորվում է միջպետական հարաբերություններից, այսինքն մենք գործ ունենք քաղաքական գործընթացի հետ.

«Հետևաբար ինչպիսին են պետության հարաբերությունները այս կամ այն երկրի հետ որոշվում է գազի գնով: Եթե մենք նայենք, թե ինչ գնով է Ռուսաստանը վաճառում գազի ԵՄ պետություններին, տեսանելի է, որ դրանք բոլորը էականորեն տարբերվում են իրարից և այդ տարբերության հիմքում ընկած են իր հարաբերությունները տվյալ երկրի հետ: Գազի գնով կարելի է որոշել հայ-ռուսական հարաբերությունների որակը և եթե գազի գինը սահմանին բարձրանում է, ապա դա նշանակում է, որ մեր հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան: Իսկ խնդիրները պետք է լուծվեն և դա կարող է լուծվել միայն ամենաբարձր մակարդակով»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ սա այն հարցն է, որը վերջին 2-3 տարիներին պետք է լիներ ուշադրության կենտրոնում:

Իր հերթին, ասուլիսի մյուս բանախոս, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը հիշեցրեց, որ, ըստ էության, գազի գինը սահմանին թանկացել է դեռ 2019 թվականին, բայց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր վրա է վերցրել սպառողի համար սուբսիդավորելու սակագնի բարձրացումը, բայց այդ ներքին ռեսուրսները կսպառվեն մինչև ընթացիկ տարվա ապրիլի 1-ը:

««Գազպրոմ Արմենիան» դա արեց ներդրումային ծրագրերի սառեցման շնորհիվ: Դրանից որոշակիորեն տուժում է հենց ընկերությունը, այնպես որ հասկանալի էր, որ այս իրավիճակը չէր կարող անվերջ շարունակվել»,- ասաց նա:

Ղուկասյանի խոսքով, թեև գազի գինը տնտեսական հարց է, բայց դա նաև քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ բանակցություններն ընթանում են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև: Նա նաև համոզված է, որ գազի թանկացման դեպքում այս հարցը փորձելու են տարբեր արևմտյան կառույցներ ու կազմակերպություններ շահարկել հայ-ռուսական հարաբերություններում ոչ կոնստրուկտիվ մթնոլորտի առկայությամբ, ինչն արդեն իսկ որոշ ԶԼՄ-ներ անում են:

«Չի կարելի ամբողջ պատասխանատվությունը գցել միայն «Գազպրոմ Արմենիա» ընկերության վրա, սա նաև ՀՀ իշխանությունների բանակցությունների արդյունքն է: Ակնհայտ է, որ այդ բանակցությունները պետք էր վարել ավելի կոնստրուկտիվ, ավելի թափանցիկ և լինել անկողծ հանրության հետ, որովհետև 2019-ին թանկացած 15 դոլարը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է սուբսիդավորել: Կարծում եմ, կառավարությունը կարող է հնարավորություն ստեղծել, որպեսզի գազի գնի թանկացման դեպքում այդ տարբերությունը սուբսիդավորվի սոցիալապես անապահով ընտանիքների համար»,- նշեց նա:

Փորձագետը նաև չի բացառում, որ հնարավոր է իրավիճակ փոխել, օրինակ ինչպես դա եղավ Մոլդովայի դեպքում, որը գազի համար մեծ զեղչ ստացավ: Բայց այստեղ, կրկնեց նա, կարևոր է, թե ինչպիսի բանակցություններ կվարի ՀՀ կառավարությունը.

«Սա այն հարցն է, որը պետք է զերծ լինի շահարկումներից, մինչդեռ դրանք արդեն տեսանելի են»,- հավելեց Արման Ղուկասյանը: