Ավելի քան 600 ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ն, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացել է նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին: Երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ ՀՀ-ն 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված է վերցրել՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թ.-ին:
Հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 647 ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։ Ըստ այդմ՝ պայմանագրով սահմանված 2020 թ. հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Ըստ էության, ավելի քան 600 ապրանքների գծով արտոնյալ ռեժիմը պահպանվում է, երկարացվում է ևս մեկ տարի: Դա առնվազն 30 միլիոն դոլար խնայողություն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, և մենք հույս ունենք, որ խնայված միջոցները ճիշտ կօգտագործվեն մեր տնտեսության հետագա զարգացմանը նպաստելու իմաստով: Բայց դեռ ընթացակարգերը պետք է անցնեն, և պետք է արագ անել, որպեսզի հնարավորինս արագ ուժի մեջ մտնի»:
Կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում ՀՀ ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը: Առաջարկվում է արգելել որոշմամբ նախատեսված փայտանյութի և դրանից պատրաստված ԵԱՏՄ նշված ծածկագրերին համապատասխանող ապրանքների արտահանումը ՀՀ-ից երրորդ երկրներ։ Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի պահանջ սահմանելու նպատակահարմարության հարցը պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությամբ։