«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատի է տվել Լեւոն Զուրաբյանին
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւ կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը դատի են տվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լեւոն Զուրաբյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Որպես պահանջ նշված է՝ «պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանություն»: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին: Հայցադիմումը դեռ վարույթ չի ընդունվել:
Դավիթ Խաժակյանը "Հայկական ժամանակի" հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են դատի տվել Զուրաբյանին ասաց. «Զուրաբյանը մոտ 1 ամիս առաջ հարցազրույց է տվել «Առաջին լրատվական»-ին եւ խոսելով ԼՀԿ-ի մասին ասել է, թե կուսակցության հիմնադիրներն այլ մարդիկ են եւ ԼՀԿ-ն օլիգարխի՝ Միքայել Մինասյանի պրոյեկտ է: Ես որպես կուսակցության հիմնադիր-անդամ գտնում եմ, որ սա զրպարտություն եւ վիրավորական արտահայտություն է»: Նա նշեց, որ Զուրաբյանից պահանջում են միայն հերքել այդ հայտարարությունը:
«Ջանը սաղ լինի»,- այսպես է արձագանքել Լևոն Զուրաբյանը: