Հրազդանում 17-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Փետրվարի 22-ին՝ ժամը 16:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած 2 վերք» նախնական ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 17-ամյա մի քաղաքացի:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկը հայտնել է, որ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 22-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Մեղրաձոր համայնքի միջնակարգ դպրոցին հարակից ճանապարհին վիճաբանության ժամանակ 17-ամյա մի պատանի սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածքներ է պատճառել իրեն հասակակից համագյուղացուն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 23-ին՝ ժամը 00:40-ին, պատանին ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: