24.11.2024
Մամուլի տեսություն. Խորանում են մարդկանց աշխատանքից ազատելու միտումները
prev Նախորդ նորություն

ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել է Գեորգի Կուտոյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն ազատել է աշխատանքից ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին:

Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, Սարսգսյանը կայացրել է Գորիկ Հակբոյանի զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշումը՝ հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը:

Մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանը Գորիկ Հակոբյանին նշանակել նախագահի խորհրդական:

Գորիկ Հակոբյանը 2004 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Նախագահի 2011թ. փետրվարի 16-ի հրամանագրով նրա ծառայությունը ազգային անվտանգության մարմիններում երկարաձգվել է մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը:

Գորիկ Հակոբյանին, Սերժ Սարգսյանի հրամանագրով, ԱԱԾ պետի պաշտոնում կփոխարինի Գեորգի Կուտոյանը, որ բոլորովին վերջերս՝ փետրվարի 3-ին, նշանակվել էր Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ: Նա արդեն ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել ԱԱԾ տնօրենի պաշտոնում:

Գեորգի Կարենի Կուտոյան (կենսագրական տվյալներ)

Ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին Երեւանում:

2002թ. գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2005թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «1950թ. Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան Հայաստանի Հանրապետության ազգային իրավական համակարգում (սահմանադրաիրավական հետազոտություն)» թեմայով եւ ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2007թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան):

2002-2010թթ. դասավանդել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում եւ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում:

2005-2006թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում, նախ՝ որպես գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, ապա՝ իրավական եւ կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ:

2006-2007թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, իսկ 2008-2010թթ.՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:

2008թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, 2010-2011թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:

2011-2016թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնը:

2011-2014թթ. եղել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. ապրիլի 17-ի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

1998-2000թթ. զինվորական ուսուցում է անցել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով: Արդարադատության առաջին դասի խորհրդական է:

Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: