24.11.2024
Հրայր Թովմասյանը համամիտ չէ ԵՀԱԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականների հետ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Խորանում են մարդկանց աշխատանքից ազատելու միտումները

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ որոշ օրենսդիրներ ձեռքի հետ նաեւ «վիզայի գործով» են զբաղված: Ինչպես հայտնի է՝ ՀՀ քաղաքացիները երբեմն կեղծ տեղեկություններ են ներկայացնում դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու նպատակով, եւ այս վտանգը ՀՀ-ում գործող դեսպանատները աչքի առաջ ունենալով` սկսեցին առավել զգոն լինել, ինչի արդյունքում էլ արտերկիր մեկնելու մուտքի արտոնագիր` վիզա, տրամադրելու գործընթացը դարձավ ավելի բարդ: Ու երբեմն ազդեցիկ երաշխավորների միջնորդություններ է անհրաժեշտ լինում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսպիսի մի պատմության մեջ է հայտնվել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա ամուսինների համար գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ-ում Լիտվայի դեսպանատուն, որպեսզի մուտքի արտոնագիր տրվի դեպի ԵՄ անդամ այդ երկիր: Սակայն ամուսինները գնացել ու չեն վերադարձել: Պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, իհարկե, ասաց, որ. «Պատահական է եղել, հենց իջել է ու վատացել է: Հիվանդանոցում բուժվում է: Կապաքինվի, կվերադառնա»: Բայց ՀՀ ԱԳՆ-ում տհաճ իրավիճակ է ստեղծվել այս առիթով»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քըրքորյանի թողած ժառանգության բաշխման մասին որեէ ստույգ տեղեկություն չկա և շրջանառվող լուրերը դեռ ճշտված չեն։ Այդուհանդերձ, Քըրքորյանի փողերի օգտագործման շուրջ ՀՀ իշխանական վերնախավում արդեն որոշակի կրքեր են բորբոքվում։ Մեր աղբյուրների պնդմամբ, Քըրք Քըրքորյանը պատվիրել է, որ այդ գումարը հատկացնելու, բաշխելու կամ օգտագործելու վրա ՀՀ իշխանությունները չպետք է որեէ վերահսկողություն ունենան։ Հայաստանին հատկացվող գումարով իրականացվող ծրագրերի վերահսկողության համար պետք է ստեղծվի հատուկ վերահսկող մարմին, որի անդամներից և ոչ մեկը չպետք է լինի ՀՀ պաշտոնյա։ Վերահսկումը պետք է լինի հիմնականում ԱՄՆ քաղաքացիներից, միգուցե նաև ամերիկահայերից կազմված խորհրդի միջոցով։ Գումարների տրամադրման կամ այդ գումարներով իրականացվող ծրագրերի վերահսկողության մեջ առանցքային դեր է ունենալու նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Սպասվում է, որ այսօր իշխանության եւ ՀՅԴ-ի միջեւ պետք է ստորագրվի համագործակցության մասին համաձայնագիրը, որով ՀՅԴ-ն պետք է ստանձնի որոշ ոլորտների եւ մարզերի պատասխանատվությունը, ինչը նշանակում է, որ ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ պետք է նշանակվեն նախարարներ, իսկ որոշները՝ մարզպետներ: Մեր տեղեկություններով՝ մինչեւ երեկ ուշ գիշեր ՀՅԴ-ում քննարկումները ՀՅԴ թեկնածուների շուրջ շարունակվել են, եւ կրքերը այնքան են թեժացել, որ ինչ-որ պահի ՀՅԴ ներկայացուցիչները զանգել են նախագահական նստավայր եւ բացատրել, որ ներքին անհամաձայնության պատճառով ՀՅԴ-ի համագործակցությունը իշխանության հետ կարող է չկայանալ: ՀՅԴ վերնախավը կիսվել է երկու մասի, եւ կողմերից յուրաքանչյուրը ունի իր շահերն ու հետաքրքրությունները: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցող Հրանտ Մարգարյանը համարում է, որ ինքը արդեն համաձայնեցրել է ՀՅԴ նախարարական թեկնածուների հարցը՝ ի դեմս Արծվիկ Մինասյանի, Դավիթ Լոքյանի եւ Լեւոն Մկրտչյանի: Բայց ՀՅԴ մյուս թեւը, որը ոչ պակաս ազդեցիկ է՝ ի դեմս ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի եւ Լիլիթ Գալստյանի, համարում են, որ Դավիթ Լոքյանի եւ Լեւոն Մկրտչյանի թեկնածությունները անընդունելի են: Նրանք իրենց դիրքորոշումը բացատրում են նրանով, որ Լոքյանը եւ Մկրտչյանը վերջին մի քանի տարիներին ոչնչով չեն տարբերվել հայաստանյան մյուս օլիգարխներից եւ շատ հաճախ նույնիսկ հարկ չեն համարել շփվել դաշնակցական հին ընկերների հետ: Քննարկումների ժամանակ դժգոհություն է հնչել, որ այդ մարդիկ այնքան են կտրված եղել կուսակցությունից, որ նույնիսկ չեն պատասխանել դաշնակցական պատգամավորների հեռախոսազանգերին: Որոշ դաշնակցականներ ընկեր Հրանտին բացահայտ մեղադրել են նախարար թեկնածուներից նրանց թեկնածությունը առաջադրելու եւ պաշտպանելու դիմաց խոշոր գումարներ վերցնելու մեջ, եւ հայտարարել են, որ իրենք մտադիր չեն պաշտպանելու Մարգարյանի կոռուպցիոն գործարքները: Չի բացառվում, որ այսօր ՀՅԴ ներկայացուցիչները հանդես գան հայտարարությամբ, բացառեն իշխանություն-ՀՅԴ համագործակցությունը, եթե, իհարկե, ընկեր Հրանտը արդարաբար չկիսվի: Որոշ իրատեսությունը չկորցրած դաշնակցականներ, ովքեր տեղյակ են դրսի կառույցների արձագանքին, համարում են, որ այդ համաձայնագրի կնքման արդյունքում դաշնակցական կառույցը կարող է ընդհանրապես փլուզվել»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ իրենց դիտարկումների տակ գտնվող խոշոր ձեռնարկություններում խորանում են մարդկանց աշխատանքից ազատելու միտումները։ Ըստ նրանց հայտնած տեղեկությունների՝ վերջին շրջանում յուրաքանչյուր ամիս այդ խոշոր ձեռնարկություններում աշխատանքից ազատվում է մոտ հազար աշխատող։ Պատճառը տնտեսական ծանր իրավիճակն է, որը ստիպում է ընկերություններին կրճատել ծախսերը։ Աշխատողների թվի փոփոխության մասին անցած տարվա վերջին եռամսյակի պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած խոշոր հարկատուների մոնիտորինզներից պարզ է դառնում, որ խոշոր հարկ վճարողների տեսչությունում գրանցված ավելի քան 520 ձեռնարկություններում աշխատողների թվաքանակը մեկ տարվա ընթացքում նվազել է մոտ 3 հազար 600-ով»:

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Աշոտյանին փոխում եք, լավ, հասկացանք: Տեղն արել են: Ճշմարիտյանի՞ն եք հանում, դա էլ հասկացանք, իրեն հասնում է: Արագածոտնի մարզն ընդհանրապես հասկացանք, վերջապես այնտեղ ուրիշ մարդիկ էլ տենդերներ կշահեն: Բայց Շիրակի մարզը հանգիստ թողեք: Թող այն դաշնակցական թեկնածուն, որ պիտի այդ պաշտոնին նշանակվի, ասի, թե ինքը ինչը կարող է ավելի լավ անել, որ չի անում կամ արել Ֆելիքս Ցոլակյանը: Իհարկե, եթե Շիրակի մարզպետ նշանակվի ՀՅԴ ներկայացուցիչը, դրա մեջ դրական բան էլ կլինի. ամբողջ մարզը դաշնակների դեմ դուրս կգա: Բա ձեզ դա պե՞տք է: Տարօրինակ է, թե ինչու են հատկապես այդ մարզն ուզում դաշնակները: Եթե վատը լիներ մարզպետը, կամ այնտեղի պետական ապարատներում խժդժություններ ու լարվածություն լիներ, կհասկանայինք: Բայց վարդանիկներից հետո հանգիստ մարզ է դարձել: Դրա փոխարեն գնացեք Սյունիքի մարզը պահանջեք: Դաշնակներն են, չէ՞, անընդհատ շեփորահարում համակարգային փոփոխությունների, նոր մշակույթի, երկրում արդարություն ձեւավորելու մասին: Այդ դեպքում, Սյունիքի մարզը պահանջեք: Դրսեւորեք սկզբունքայնություն, ասեք՝ տվեք մեզ Սյունիքի մարզը, վերացնենք վախի մթնոլորտը, մարզը ապաքաղաքականացնենք, Նժդեհի գաղափարները կյանքի կոչենք եւ նման այլ վեհ բաներ: Մեկ մարզի կտրվածքով համակարգային փոփոխություններ արեք, տեսնենք: Եթե «կպցնեք» այդ մարզը՝ ողջուները՝ մեզնից»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեկ տարի առաջ ուղիղ այս օրը Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրեց իր հայտնի ելույթը, որով «խաչակրաց արշավանք» սկսեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ: Իսկ այսօր նա պատրաստվում է հայտարարել ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ նպատակով ՀՀ իշխանության ողջ վերնախավը, այդ թվում նաեւ՝ ուժային կառույցների ղեկավար կազմը, այսօր՝ երեկոյան 17:00-ին, հավաքվելու են նախագահական նստավայրում` Սերժ Սարգսյանի կոալիցիոն ուղերձն ունկնդրելու համար: Իսկ մինչ այդ, իշխանական կուլիսներում արդեն սկսել են դժգոհել ՀՅԴ-ի հետ մերձեցումից: ՀՀԿ-ում կանխազգում են, որ Սերժ Սարգսյանն այս «մերձեցմամբ» հերթական մեծ բլեֆն է սկսում, որի արդյունքում պատրաստվում է զոհասեղանին դնել իշխանական բուրգի մի քանի ներկայացուցիչների` իր իշխանությունն ամրապնդելու համար: Քանի որ ոչ ոք չգիտի, թե իրենցից յուրաքանչյուրին Սերժ Սարգսյանն ինչ դեր է վերապահել` «զոհի՞», թե՞ «պտուղները վայելողի», ամեն դեպքում ինքնապաշտպանության բնազդով սկսել են ուղիներ փնտրել՝ «մերձեցումը» տապալելու համար: Հնաբնակ ՀՀԿ-ականները համոզված են, որ եթե իրենց հաջողվի այնպես անել, որ կոալիցիոն սկզբունքով նշանակված դաշնակցական նախարարները ձախողվեն, ապա Սերժ Սարգսյանը իրենց կվերաարժեվորի: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ում «ատամները սրած» սպասում են, թե երբ են դաշնակցական նախարարները նշանակվելու, որպեսզի նրանց դեմ աշխատեն: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՅԴ-ին հանձնվող նախարարությունների հայեցողական պաշտոնյաներին հանձնարարվել է հրաժարական չտալ, որպեսզի նոր նախարարները ստիպված լինեն ազատել ՀՀԿ-ականներին: Իսկ նման քայլը կներկայացվի իբրեւ նոր դաշնակցի կողմից արված ոչ գործընկերային քայլ՝ այստեղից բխող հետեւանքներով»: